Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Մեր խնդիրն է՝ հասկանալ, թե ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ»


Ցանկացած կառավարություն ինքը պետք է վերլուծի և հասկանա, թե ինչ հայեցակարգի հիման վրա է ապահովելու երկրի անվտանգությունը, նաև առանձնացնելով այն կետերը, որոնք արտաքին անվտանգային սպառնալիք են առաջացնում: Այսպես է արձագանքում Հայաստանի վարչապետը Սահմանադրությունը Բաքվի պահանջով փոխելու՝ քաղաքական և փորձագիտական դաշտից հնչող քննադատություններին:

Երեկ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի կողմից ակնարկում էր, թե Մայր օրենքի փոփոխությունն Ադրբեջանի պարտադրանքը չէ, մյուս կողմից՝ անուղղակի խոսում այն չփոխելու դեպքում հնարավոր վտանգներից:

«Հիմա մեր խնդիրը ի՞նչ ա՝ մեր խնդիրը հետևյալն ա՝ հասկանալ, թե ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ուղիղ չասաց՝ արդյոք այդ ագրեսիայի պատճառը գործող Սահմանադրությունն է և հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Իրավիճակը նկարագրելու համար Փաշինյանը դիմեց այլաբանության՝ առաջարկեց պատկերացնել, թե ինչպես ենք սիրելի տատիկի գործած կարմիր զգեստով անցնում մի ճանապարհ, որի երկու եզրերին ցուլ է կանգնած: Այն անցնելու համար, ասաց, պետք է որոշում կայացնել:

«Եթե էդ կարմիր շորը մենք փոխենք, հրաժարվենք, դնենք արխիվի մեջ, ոչ թե արխիվ, փաթեթավորենք՝ որպես մասունք, որպես շատ հարազատ և սրբազան մի բան, բայց այլևս իրեն շրջանառությունից, կիրառությունից հանենք, իրեն ընկալենք որպես մեր պատմության, մեր անցյալի մի մաս, և զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում մենք պատրաստվում ենք գործել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արդյո՞ք այս պատմությամբ վարչապետն ակնարկում էր, թե հրաժարվելով Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումից՝ Հայաստանը կխուսափի նոր պատերազմից, իսկ Սահմանադրությունում պահպանելու դեպքում՝ հակառակը: Այստեղ էլ, ըստ Փաշինյանի, տարբերակները մի քանիսն են, բայց հստակություն միայն մի դեպքում կա՝ կարմիր զգեստով հնարավոր չի լինի այդ ճանապարհն անցնել. - «Էդ կարմիր շորի հարցն ա պետք լուծել, բայց կարմիր շորը փոխելով այլ երանգի շորով՝ մենք երաշխիք չենք ստանում: Կարմիր շորով մենք նեգատիվ երաշխիք ենք ստանում, մյուս շորով մենք շանս ենք ստանում, բայց ոչ՝ երաշխիք, և եթե գրագետ գործենք, էդ շանսը կդարձնենք երաշխիք»:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին երեկ նաև Ադրբեջանի նախագահը խոսեց՝ ուղիղ հայտարարելով, թե խաղաղությունը հնարավոր է միայն այդ դեպքում:

«Հռչակագիրը երբեք պատերազմի առիթ չէր եղել՝ մինչև Փաշինյանի ի հայտ գալը»

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ երեկ հայ ժողովրդին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը միաժամանակ սպառնացին՝ եթե չփոխվի Սահմանադրությունը, Հայաստանին պատերազմ է սպառնում:

«Հայաստանի իշխանությունները՝ որպես Ադրբեջանի կողմից կառավարվող դասական խամաճիկային, մարիոնետային կառավարություն, կրկնում են, հլու-հնազանդ ենթարկվում են նրան, ինչ իրենց թելերից քաշողները նրանց պարտադրում են, ժողովրդին էլ վախեցնում են, ասում են՝ կլինի պատերազմ, և ասում են՝ եթե չփոխենք Հռչակագիրը, կլինի պատերազմ: Հռչակագիրը երբեք պատերազմի առիթ չէր եղել՝ մինչև Փաշինյանի ի հայտ գալը և պաշտոնավարելը», - հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Սահմանադրությունը նույնը թողելու սցենարին էլ Փաշինյանը այլաբանությամբ անդրադարձավ. - «Մեզ պետք ա, որ մենք գնանք և կարողանանք վերադառնալ: !դ էլ ա ընտրության հարց, տենց ընտրություն էլ ա լինում, ես չեմ ուզում կանխորոշել, էդ էլ ա ընտրություն՝ որ ասում են պապան էլ, էրեխեքն էլ, ախպերներն էլ, քույրերն էլ ասում են՝ «ոչինչ, էդ կարմիր շորդ հագած գնա անցի, չես անցնի՝ մի հատ լավ խաչքար կդնենք, հիմա ի՞նչ ա եղել»:

Այն, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը Բաքուն խնդրահարույց է համարում, ավելի վաղ հաստատել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, թե Երևանն էլ իր հերթին խնդիրներ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Ազգային ժողովի նախագահն էլ օրեր անց պնդել էր, թե խնդրահարույց դրույթները հայելային պետք է փոխվեն: Վարչապետ Փաշինյանը երեկվա հարցազրույցում այդ մասին որևէ բառ չասաց:

«Փաշինյանը երեկ վախեցավ դրա մասին խոսել, վախեցավ այդ պահանջը ներկայացնել Ալիևին, Ալիևն էլ ընդհանրապես չխոսեց՝ խոսում էր Հայաստանից պահանջվող միակողմանի զիջումների մասին», - ասաց Արթուր Խաչատրյանը:

Երեկ Ալիևը դժգոհում էր, թե Հայաստանի Անկախության հռչակագիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող կոչեր է պարունակում: Ավելի վաղ Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել տալ ու ստանալ լրացուցիչ երաշխիքներ, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չեն ունենա։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ Փաշինյանն ինքն է լրացուցիչ երաշխիքների մասին այս հայտարարությամբ խոստովանել, որ կատարելու է Բաքվի պահանջը:

«Հիմա էլ, ինքը Ադրբեջանից էր ասում՝ «Ադրբեջան, Ալիև, ասա՝ Հայաստանը ինչ սահմաններում ես պատկերացնում», վաղը կարող է՞ մի հատ ընդհանուր կոչ անի, ասի՝ «աշխարհի ճանաչված և չճանաչված պետություններ, մի հատ ասեք՝ դուք էլ ի՞նչ պարտք ու պահանջ ունեք Հայաստանից, ձեր կարիքներն էլ բավարարում եմ», - նշեց դաշնակցական պատգամավորը:

Վարչապետը երեկ ասում էր, թե Կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը, այլ կարող է խոսել և բացատրել վտանգները, որոշողը՝ միայն ժողովուրդն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG