«Մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը», - այսօր Ազգային ժողովում, 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ գիտակցում են՝ դա հեշտ չի լինելու։
Նման ծրագրով առաջ շարժվելը, ըստ վարչապետի, բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից։
«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական», - հայտարարեց Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարը շեշտեց երեք հիմնական սկզբունքները՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա (Խորհրդային միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած սահմաններով), բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա և տարածաշրջանային կոմունիկացիաները գործում են փոխադարձության և հավասարության հիմունքներով։
Շեշտելով, որ կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում պետք է ապահովի սահմանային մաքսային հսկողությունն ու կոմունիկացիաների անվտանգությունը՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որը պետք է ապահովի կոմունիկացիաների անվտանգությունը։ Այս համատեքստում վարչապետն ընդգծեց նաև Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկի կարևորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պարեկային ոստիկանությունը գործարկվում է մնացած 4՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերումՀայաստան-Թուրքիա հարաբերություններ
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ առաջիկայում կունանեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում։
Գործադիրի ղեկավարը մանրամասնեց՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է 3-րդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձագիր կրողների համար։
«Բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մասնավորապես, մենք վերազինման, վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում, և մենք արդեն պատրաստ ենք նման զարգացումների և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ասաց Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանագնացների վերջին հանդիպումից ավելի քան 1 տարի անց ոչ մի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում չկա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեռ չի հստակեցվում, թե ինչ փուլում է հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու գործընթացը