Մատչելիության հղումներ

ՔՊ-ական պատգամավորը չի բացառում, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կարող են տեղափոխվել նաև «3+3» հարթակ


Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով՝ Թեհրանում, 23-ը հոկտեմբերի, 2023թ.
Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով՝ Թեհրանում, 23-ը հոկտեմբերի, 2023թ.

Չնայած Բաքվից այսօր հայտարարել են, որ «3+3» ձևաչափը երբեք նախատեսված չի եղել որևէ հակամարտության կարգավորման համար, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Գուրգեն Արսենյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի քննարկում-բանակցությունները կարող են տեղափոխվել նաև տարածաշրջանային այդ հարթակ, որին փաստացի չի մասնակցում Վրաստանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արսենյանը կարևորում է ոչ թե հարթակը, այլ խաղաղության համաձայնագրի բովանդակությունը, որը պետք է համաձայնեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Ինչ-որ մի բան վստահ պնդելու կամ բացառելու... էս պահին էդ մենաշնորհը չունենք: Ես չունեմ էդ մենաշնորհը, որ հստակ ասեմ՝ այո, կամ հստակ ասեմ՝ ոչ: Ինչո՞ւ, որովհետև հենց բովանդակությունը հստակ լինի, այսինքն, երկու երկրների մեջ չլինի որևէ վիճահարույց թեզ խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապված, կարծում եմ, որ մենք կարող ենք դա իրականացնել: Որպեսզի ոչ մի նեղացած կողմ չլինի, մենք կարող ենք այդ խաղաղության պայմանագիրը կնքել 3 կամ 4 անգամ տարբեր հարթակներում, հումոր եմ անում, իհարկե», - նշեց Արսենյանը:

Գրանադայի հնգակողմ հանդիպումից առաջ Բաքուն բացեիբաց հայտարարեց չմասնակցության պատճառների մասին՝ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրող Ֆրանսիային կողմնակալ էին համարել, բացի այդ շեշտել, որ Թուրքիայի մասնակցության հարցով համաձայնություն ձեռք չի բերվել։

Հարցին՝ Հայաստանը դեմ չէ՞, որ «3+3»-ի մասնակից Թուրքիան էլ դառնա միջնորդներից մեկը, Արսենյանը պատասխանեց. - «Թուրքիան այսպես, թե այնպես միջնորդ է: Հասկանալի է, որ Ադրբեջանն իր ստրատեգիական, ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ միասին ինքը իր տեքստերը համաձայնեցնում է: Չի կարող լինել մի պրոցես, որը վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին, որտեղ հանդես գա ևս մի կողմ իր առաջարկներով, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրին: Երբ որ մենք կսկսենք քննարկել փաստաթուղթ Հայաստանի ու Թուրքիայի հետ կապված հարաբերությունների, թուրքական կողմն իր առաջարկները կներկայացնի»:

Թեհրանում արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը «3+3»-ը չէր համարել հայ-ադրբեջանական հակամարտության լուծման լիարժեք ֆորմատ՝ հայտարարելով՝ Երևանի ու Բաքվի հարաբերությունները ուղղակիորեն այդ հարթակում չեն քննարկվում։

Մի քանի անգամ հայ-ադրբեջանական բանակցությունները հյուրընկալած Միացյալ Նահանգները Իրանին ու Ռուսաստանին չի համարել վստահելի գործընկեր. նման գնահատական հնչեցրել է Պետդեպի խոսնակը՝ անդրադառնալով «3+3» ձևաչափում հայ-ադրբեջանական քննարկումներին։

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ Ադրբեջանը խաղաղության գնալու ցանկություն չունի։ Թեհրանում հանդիպած Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարները երեկ համատեղ հայտարարություն տարածեցին՝ ընդգծելով տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության կարևորությունը, վեճերի խաղաղ կարգավորումը։

«Ադրբեջանը մի կողմից ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը՝ հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն», - ասաց Խաչատրյանը:

Չնայած մինչև ամսվա վերջ 7 օր է մնացել, այդպես էլ տեղեկություն չկա առաջնորդների բրյուսելյան բանակցություններից, որը Գրանադայի տապալված հնգակողմ հանդիպումից հետո նախաձեռնել էր ԵՄ խորհրդի նախագահը։ Շառլ Միշելի նախնական հայտարարության համաձայն՝ հանդիպումը մինչև ամսվա վերջ է տեղի ունենալու:

Վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չի վերահաստատել Բրյուսել մեկնելու պատրաստակամությունը, Շարլ Միշելն ասել էր՝ Ալիևը ևս տվել է իր համաձայնությունը։

Իշխանական Գուրգեն Արսենյանի տեղեկություններով՝ Հայաստանը չի չեղարկել բրյուսելյան հանդիպումը. - «Չեղարկման վերաբերյալ որևէ պաշտոնական բան մենք չունենք: Միգուցե փակ խողովակներով մասնակիցները կամ կազմակերպիչները ինչ-որ տեղեկատվություն ունեն, ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, առայժմ ես դիտարկում եմ հետևյալ բանը, որ տեղի կունենա այդ հանդիպումը և տեղի կունենա՝ ունենալով արդյունավետ ընթացք»:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հույս էր հայտնել Գրանադայում Ալիևի բացակայությամբ ընդունված քառակողմ հայտարարության 3 սկզբունքները՝ տարածքային ամբողջականության ճանաչումը, ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզների հիման վրա սահմանազատումը և ինքնիշխանության սկզբունքով ճանապարհների բացումը, Բրյուսելում էլ Ադրբեջանի հետ արձանագրել։
ՔՊ-ական պատգամավորը չի բացառում, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կարող են տեղափոխվել նաև «3+3» հարթակ
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG