Մատչելիության հղումներ

1999-ին հայ-թուրքական սահմանի բացումը շատ մոտ էր թվում. Շիրակի մարզպետի նախկին խորհրդական


Վոլոդյա Առուշանյան, Շիրակի մարզպետի նախկին խորհրդական
Վոլոդյա Առուշանյան, Շիրակի մարզպետի նախկին խորհրդական

Հայ-թուրքական սահմանը ցամաքային ճանապարհով, բացի Արմավիրի Մարգարայից, ժամանակին հատում էին նաև Շիրակի մարզից՝ Ախուրիկով։ Հատուկ թույլտվությամբ մուտք գործելով սահմանագոտի՝ արձանագրեցինք, որ սահմանին այժմ փշալար չկա, ժամանակին տարածքով հոսող գետն էր բաժանարար գիծը, որը ցամաքել է։

Փակ սահմանի հայկական կողմում, սահմանը բաժանող կամուրջի վրա դեռ պահպանել են խորհրդային սիմվոլները՝ մուրճն ու մանգաղը, կողքին էլ՝ թուրքական կիսալուսինը։

Այստեղ երկու կամուրջ կա, որոնցից մեկով անցնում էր Գյումրի - Կարս երկաթգիծը, մյուսը ավտոմեքենաների համար էր։ Երկու կամուրջներն էլ կիսված են դիվանագիտական հարաբերություններ չունեցող հարևանների միջև. կարմիր-կանաչով ներկված հատվածը հայկական է, իսկ սպիտակն ու կարմիրը՝ թուրքական։

Հայ - թուրքական սահմանի այս դարպասները Խորհրդային Միության փլուզումից հետո մի քանի անգամ են բացվել։ Պաշտոնապես վերջին անգամ՝ 23 տարի առաջ, 2000 թվականի հունվարին, երբ հայկական պատվիրակությունը Կարս մեկնեց։11 հոգանոց հայկական պատվիրակությունը փոխադարձ այցով էր մեկնել Կարս, դրանից ամիսներ առաջ՝ 99-ին թուրքական պատվիրակությունն էր եկել Գյումրի։

Այցի կազմակերպիչներից մեկն այն ժամանակ Շիրակի մարզպետի խորհրդական Վոլոդյա Առուշանյանն էր, ով արտաքին կապերն էր համակարգում։ 1999 թվականին Կարսի քաղաքապետ էր ընտրվել Առուշանյանի քուրդ ընկերը՝ Նայիֆ Ալի Բեյօղլուն։ Հենց նրա հետ էլ կարողանում է պայմանավորվել, որ Կարսի ու Գյումրիի միջև համագործակցություն սկսվի։ Նախ թուրքական պատվիրակության են հրավիրում Հայաստան. - «Համաձայնություն տվեց, ասեց՝ Վրաստանով կգանք։ Ես բացատրեցի, որ ամեն ոք կարող է գալ Վրաստանով, էստեղ խոսքը գնում է էս սահմանով գալու մասին։ Ես իրեն ուղղություն տվեցի նույնիսկ, ասեցի՝ դու կապվիր նախագահի հետ, Սուլեյման Դեմիրելն էր էն ժամանակ։ Իսկ ես գիտեի, որ ինքը Դեմիրելի սանիկն է, իրենք քավոր-սանիկական կապեր ունեին։ Հիշում եմ էսօրվա պես, ուրբաթ օրը զանգեց, թե Դեմիրելը մեզ իրավունք է տվել երկուշաբթի օրը սահմանը անցնել, դիմավորեք դուք»

Միայն թուրքական ու հայկական կողմերի թույլտվությունը, սակայն, բավարար չէր, որ փակ դարպասները բացվեին։ Անհրաժեշտ էր նաև Մոսկվայի համաձայնությունը, քանի որ ՌԴ սահմանապահներ են մինչև օրս հսկում սահմանի այդ հատվածը։ Առուշանյանի խոսքով, վարչապետ Վազգեն Սարգսյանն է Մոսկվայի թույլտվության հարցը լուծել. - «Ես զանգեցի Կարսի քաղաքապետին, ասեցի, որ մենք պատրաստ ենք, երկուշաբթի օրը մենք էլ ենք բացում սահմանը։ Սահմանը բացվեց, դաշտամիջյան ճանապարհով հասանք էդ հատվածը, ընդունեցինք թուրքերին։ Չորս հոգի էին»։

Պաշտոնական հանդիպումներից հետո Վոլոդյա Առուշանյանին զարմացրել է Կարսի քաղաքապետի խնդրանքը. - «Կարսի քաղաքապետը խնդրեց ինձ այցելել Էջմիածին։ Ես զարմացա, ասում եմ՝ Նայիֆ, դու մուսուլման ես, ասեց՝ որևէ նշանակություն չունի։ Ու գնացինք Էջնիածին, հաջորդ օրը վերադարձանք Գյումրի»։

Այս փոխադարձ այցերից հետո Կարսն ու Գյումրին քույր քաղաքներ դարձան, կողմերը համագործակցության 10 կետանոց համաձայնագիր ստորագրեցին, բայց դրանք այդպես էլ թղթի վրա մնացին։

Առուշանյանի տպավորությամբ, այդ ժամանակ հայ-թուրքական սահմանի բացումը շատ մոտ էր թվում։ Նա վստահ է, եթե չլիներ հոկտեմբեր 27-ը, վարչապետ Վազգեն Սարգսյանը չսպանվեր, ապա սահմանը կարճ ժամանակ անց բացվելու էր. - «Էնքան արագ գործընթացը զարգացում ունեցավ, որ կառավարությունից, արդեն վարչապետից հրահանg էր իջեցվել մարզպետարան, որ ընտրեն ճանապարհը՝ գյուղի միջով հի՞ն ճանապարհը, թե՞ գծի կողքով։ Ես առաջարկեցի, որ ավելի լավ է գնացքի գծի կողքով։ Եվ արագ կարծես թե բացվելու էր... Եթե վարչապետը գրություն էր ուղարկել ճանապարհի հարցով, էնտեղ էլ Թուրքիայի նախագահն էր էդ ամբողջը արել»։

Վոլոդյա Առուշանյանն ասում է՝ Ախուրիկի դարպասները մեկ անգամ էլ են բացվել՝ 2000-ականների սկզբին, այս անգամ թուրք լրագրողի առջև, բայց այս դեպքում բացումը չի հանրայնացվել. - «Քոչարյանն էր նախագահը։ Նա եկավ Քոչարյանից հարցազրույց վերցնելու։ Դիմավորեցինք, ուղեկցեցինք արտգործնախարարություն»։

Հիմա, երբ հայ-թուրքական կարգավորման նոր փուլ է սկսվել, ու կողմերը խոսում են երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու մասին, նշվում է, որ դա տեղի կունենա Արմավիրի մարզի Մարգարայի կամրջով, որով փետրվարին հայկական կողմը հումանիտար բեռներ ուղարկեց երկրաշարժից տուժած թուրքական բնակավայրեր։

Վոլոդյա Առուշանյանը կարևոում էր նաև Ախուրիկի անցակետի բացումը՝ կարծիք հայտնելով, որ դա երկու կողմի համար էլ շահավետ կլինի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG