Մատչելիության հղումներ

Դեռ չի հստակեցվում, թե ինչ փուլում է հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու գործընթացը


Բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Վիեննայում, 1-ը հուլիսի, 2022թ․
Բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Վիեննայում, 1-ը հուլիսի, 2022թ․

Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրով անձանց համար ամռան սկզբին բացելու պայմանավորվածության մասին Հայաստանի բանագնացի հայտարարությունից ամիսներ անց էլ կողմերը չեն հստակեցնում՝ ի՞նչ փուլում է գործընթացը։

Անցած ամիս հայտնի դարձավ, որ Մարգարայի կամրջի հարևանությամբ կառուցվում է մաքսային անցակետ։ Կառավարությունից հայտնել էին, թե տեղում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Գործադիրից, սակայն, չէին նշել, թե երբ կավարտվեն աշխատանքներն ու երբ կբացվի 1993-ից փակ հայ-թուրքական սահմանը։

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, թուրքական մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում սահմանի թուրքական հատվածում շինաշխատանքների իրականացման մասին։ Բայց, ըստ լրագրողի, այդ աշխատանքների մասին շատ մանրամասներ չեն հաղորդվում։

«Ես էլ չգիտեմ, թե ինչ բնույթի են այդ աշխատանքները, ինչ թափ են ստանում։ Հայկական կողմին ուշադրությամբ հետևում ենք, այնտեղ էլ լուրեր են հաղորվում վարչական շենքերի կառուցման առումով պատրաստությունների մասին, բայց այստեղ այդ մանրամասնությունները, դժբախտաբար, բացակայում են», - ասաց Էստուկյանը։

«Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագրի կարծիքով՝ չնայած ավելի վաղ արված հայտարարություններին, Անկարան հիմա մտադիր չէ սահմանը բացել անգամ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրով անձանց համար, քանի դեռ չկա Բաքվի հավանությունը։

«Առանց Ալիևի հավանությունը ստանալու մեկ քայլ անգամ անելու ի վիճակի չէ», - ասաց Էստուկյանը։

Իսկ Բաքուն դժվար թե այս ժամանակահատվածում կանաչ լույս վառի Թուրքիայի համար, ասում է Էստուկյանը, շեշտում՝ Անկարան էլ իր հերթին հայ-թուրքական հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, դրա մասին պաշտոնական մակարդակով մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։

XS
SM
MD
LG