Մատչելիության հղումներ

Խաղաղությունն ու դրա շուրջ պատկերացումները՝ հարավկովկասյան երկրների վարչապետների ելույթներում


«Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ապահովի բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը». Փաշինյան

Հայաստանի վարչապետն այսօր Թբիլիսիում Վրաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ համաժողովում պատմեց ու մեծ էկրանի վրա ցուցադրեց՝ ինչպես է պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում և ինչ է առաջարկում դրա համար։

«Մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով», - ներկայացրեց նա:

Նիկոլ Փաշինյանն այս ծրագրի իրագործման համար մի քանի սկզբունք առանձնացրեց՝ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ապահովի բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը, պայմաններն էլ պետք է լինեն հավասար ու փոխադարձ բոլորի համար. - «Ուզում եմ վերահաստատել այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը»:

Բաքուն պատրաստ է հաղորդակցությունների բացմանը, պնդեց Ադրբեջանի վարչապետը


Փաշինյանի խաղաղության, համագործակցության կոչերին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը իր երկար ելույթի միայն ավարտին արձագանքեց, այն էլ՝ հպանցիկ։ Խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններից այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հրաժարված Ադրբեջանի կառավարության ղեկավարը պնդեց՝ Բաքուն է առաջինը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր նախաձեռնել և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ինչ վերաբերում է հաղորդակցությունների վերականգնմանը, վարչապետ Ասադովը հայտարարեց, թե Բաքուն էլ է դրան կողմ, միայն թե հատուկ ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

«Ադրբեջանը վաղուց հայտարարել է իր դիրքորոշումը և աշխատում է հաղորդակցությունների բացման հարցի շուրջ՝ համաձայն 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության: Որպեսզի հաղորդակցությունները բաց լինեն, բայց դա միայն մեզնից չէ կախված, մենք պատրաստ ենք դրան, եթե մյուս կողմը ցանկանա», - ասաց նա։

Մինչ այդ ադրբեջանցի պաշտոնյաները, մեջբերելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, շարունակ ընդգծում էին, թե Հայաստանը հանձն է առել «անխոչընդոտ անցում ապահովել» Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Հստակ չէ, սակայն, թե Բաքվում այդ բառերի տակ կոնկրետ ինչ են հասկանում։ Այսօր, սակայն, մոտ 15 րոպե շարունակված ելույթում Ասադովը «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ բառ չասաց, փոխարենը խոսեց Բաքվի մասնակցությամբ տարածաշրջանային էներգետիկ և լոգիստիկ նախագծերի մասին, ընդգծելով, որ Ադրբեջանը հինգ հարևաններից չորսի հետ օրինակելի տնտեսական, առևտրային կապեր ունի՝ այդ շարքում հատուկ առանձնացնելով Վրաստանը։

«Ադրբեջանն ու Վրաստանն այսօր, ինչպես եղել է պատմության ընթացքում, շարունակում են կամուրջ հանդիսանալ Եվրոպայի և Ասիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններում։ Մենք արդեն տեսնում ենք այս համագործակցության արդյունքները։ Կատարված աշխատանքի արդյունքում Միջին միջանցքի արդյունավետությունը. կարճ ժամանակահատվածում կարևոր արդյունքներ է արձանագրել ինչպես գնային, այնպես էլ արագության և որակի ցուցանիշների առումով», - նշեց նա։

Վրաստանը պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին կարգավորելու երկարամյա հակամարտությունը. Ղարիբաշվիլի

Չնայած տարածքային վեճերին և պետական սահմանների որոշ հատվածների շուրջ անորոշությանն ու սուր տարաձայնություններին, Բաքուն և Թբիլիսին հաջողությամբ համագործակցում են էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսական ոլորտներում: Վրաստանը Բաքվի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն ադրբեջանական նավթը և գազը եվրոպական շուկաներ հասցնելու, այլ նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև անխափան կապի ապահովման տեսանկյունից։

Հարևանների հաշտեցման մասին խոսեց նաև Վրաստանի վարչապետը։ Ռուսաստանի ներկայության պատճառով հրաժարվելով մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպումներին՝ Թբիլիսին սեփական՝ «խաղաղության նախաձեռնությամբ» է հանդես եկել՝ անցած տարիներին փորձելով իր հարկի տակ հյուրընկալել հակամարտող հարևաններին։ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր դարձյալ հայտարարեց՝ Վրաստանը պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին կարգավորելու երկարամյա հակամարտությունը։

«Մեր կառավարությունն առաջ է քաշել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը»։ Մեր հարևան ու բարեկամ երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ մենք պատրաստ ենք համագործակցել Հարավային Կովկասում վերջնական կայուն խաղաղություն հաստատելու համար։ Կայուն խաղաղությունը օգուտ կբերի մեր երկրին և ողջ տարածաշրջանին»,- նշեց նա։

Վրաստանի կառավարության նախաձեռնած «Մետաքսե ճանապարհ» համաժողովն արդեն չորրորդ անգամ է անցկացվում։ Երկօրյա միջոցառմանը այս տարի մասնակցում են տասնյակ երկրների հարյուրավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև ներդրողներ ավելի քան վեց տասնյակ երկրներից։

XS
SM
MD
LG