Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի կնքմանը հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումը. Միրզոյան


Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը, հունգարացի գործընկերոջ հետ այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շարունակելով թվարկել վերջին շրջանի Երևանի պայմանները՝ որ 2 երկրների սահմանների դելիմիտացիան իրականացվի 1991-ի Ալմաթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա։

Փոխվստահության ձևավորման համար նախարարը կարևորեց ղարաբաղցիների իրավունքների ու Լեռնային Ղարաբաղում հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը:

«Տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն ու գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից», - ասաց Միրզոյանը:

Պետեր Սիյարտոն հայտարարեց՝ Հունգարիան կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը։ Նախարարը չթաքցրեց՝ հատկապես կովկասյան էներգիայով են հետաքրքրված:

«Դուք կարող եք մեզ օգնել շատ եվրոպական կարևոր խնդիր լուծելու հարցում՝ չէ՞ որ Եվրոպան բավական երկար ժամանակ արդեն բախվում է էներգակիրների ճգնաժամին։ Կովկասն այն տարածաշրջանն է, որտեղից իրապես հնարավոր է էներգիայի նորանոր աղբյուրներ ստանալ։ Դրա համար մենք՝ հունգարացիներս, ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը հաջորդ տասնամյակներում կերաշխավորի տարածաշրջանի համար խաղաղություն ու տնտեսական զարգացում»։

Ադրբեջանն և ԵՄ-ը էներգետիկ համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որով ադրբեջանական գազը հասնում է Եվրամիություն, նույնիսկ ծավալները կրկնապատկելու համաձայնություն կա։ Հայաստանի արտգործնախարարն ասաց՝ հունգարացի գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանային տարբեր ծրագրերին Հայաստանի ներգրավվածությունը:

«Մասնավորապես վկայակոչելով ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը, որում նշվեց, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը», - ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Երեք գիգավատ հզորությամբ Սևծովյան էներգետիկ մալուխի նախագիծը Եվրահանձնաժողովը հաստատել է անցած տարեվերջին՝ դրա համար հատկացնելով 2.3 միլիարդ եվրո։ Այն նախատեսում է Ադրբեջանից Վրաստանի և Սև ծովի տարածքով դեպի Ռումինիա, Հունգարիա և ԵՄ այլ երկրներ ուղիղ ստորջրյա էլեկտրահաղորդման գծի ստեղծում։ Հայաստանը, սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, դեռևս այս ծրագրի մաս չէ։ Հարցին՝ որպես մասնակից Բուդապեշտը աջակցո՞ւմ է Հայաստանի ներգրավմանը նախագծին, Հունգարիայի արտգործնախարարը ուղիղ չպատասխանեց՝ այո, կամ՝ ոչ, բայց ասաց՝ կողմ են հնարավորինս շատ մասնակիցների։

Հունգարիան 100 հազար եվրոյից ավելի օգնություն կտրամադրի ԼՂ-ից տեղահանված հայերին

Հունգարիայի արտաքին գործերի նախարարը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ է գալիս Հայաստան։

Երևանը որոշեց դրանք սառեցրեց 2012-ին, երբ Բուդապեշտը Բաքվին արտահանձնեց Հունգարիայում սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։ Հարաբերություններում տեղաշարժ նկատվեց 2 տարի առաջ, երբ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ Բաքվից վերադարձվեցին։ Երկու երկրները դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին անցած տարեվերջին հայտարարեցին:

Սիյարտոն ասաց՝ Երևանում ցանկանում են հյուպատոսություն բացել։ Նաեւ նշեց՝ հունգարական Wizz Air ավիաընկերությանը կխրախուսեն Երևանից Բուդապեշտ չվերթներ բացել: Հունգարիան 100 հազար եվրոյից ավելի օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղ-ից տեղահանված հայերին, նախարարը նրանց բուժման, նաև արցախցի երեխաներին մանկական ճամբարներում հյուրընկալելու պատրաստակամություն հայտնեց։

Ո՞րն էր պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունը դատապարտող հայտարարությունը միայն Եվրամիության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի անունից տարածվեց, ոչ թե ԵՄ 27 երկրների։ «Ազատության» տեղեկություններով հենց Հունգարիան էր արգելափակել համատեղ հայտարարությունը։ Ինքը՝ արտգործնախարարը պնդել էր, թե Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ են արել, բայց համաձայնություն ձեռք չի բերվել։ Սիյարտոն այսօր չընդունման պատճառներից նախընտրեց չխոսել՝ կենտրոնանալով Բորելի վրա:

«Բորելը միշտ ազատորեն հայտարարություններ է անում, մենք դրանք չենք արգելափակում, ավելորդ ենք համարում համաձայնեցնել այն, ինչ նա պետք է ասի բոլորի անունից, ամբողջ պատասխանատվությունն իրենն է։ Նա պետք է հայտարարություններ անի ու քանի դեռ այդ պաշտոնին է, դրա համար աշխատավարձ է ստանում», - նշեց Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։

Սիյարտոն այս հայտարարությունն անեց՝ ԵՄ-ի ու Հունգարիայի սրված հարաբերությունների ֆոնին։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Բորելն ու Հունգարիայի վարչապետ Օրբանը նախօրեին մեղադրանքներ էին փոխանակել։

XS
SM
MD
LG