Մատչելիության հղումներ

Պարեկային ոստիկանությունը գործարկվում է մնացած 4՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում


Պարեկային ոստիկանության գործարկումը Արմավիրի մարզում, 28-ը հոկտեմբերի, 2023թ.
Պարեկային ոստիկանության գործարկումը Արմավիրի մարզում, 28-ը հոկտեմբերի, 2023թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր կայացել են Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումները:

«Այսօր մենք, ըստ էության, ավարտում ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքները, ամփոփում դրանք: Այսօր Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև՝ ամբողջ հանրապետությունը», - հայտարարել է վարչապետը Արմավիրում իր ելույթում:

«Ուրախ եմ, որ մենք ահա՝ աշխատելով, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ եկանք, հասանք այս օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում ամբողջապես Պարեկային ոստիկանությունն այլևս իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է, և դրանով մենք կամփոփենք այս փուլը», - Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը՝ հավելելով. - «Մեր առաջիկա խնդիրը, ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է»:

«Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանվածության ավելի մեծ զգացումով օժտելն է։ [...] Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ մենք քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակն ենք նաև ցանկանում փոխել», - հայտարարել է վարչապետը Արարատի մարզկենտրոն Արտաշատում:

Նրա փոխանցմամբ՝ Պարեկային ոստիկանության հիմնադրման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 29 միլիարդ դրամ: «Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար», - ասել է Փաշինյանը:

Վայոց ձորում կայացած միջոցառման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծելով Պարեկային ոստիկանությունում կանանց առնվազն 30 տոկոս ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պետության ղեկավարը նշել է, որ այդ թիրախին հասնելուն ուղղված շատ ակտիվ և հետևողական աշխատանք պետք է իրականացնել: «Վայոց ձորում այդ վիճակագրությունը մտահոգիչ է: Վայոց ձորն առնվազն միակ մարզն է, որտեղ մենք չունենք ոչ մի կին պարեկային ոստիկան», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կապանում միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

«Բավարարվածությամբ եմ ամփոփում Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ, ազնիվ, սկզբունքային, պետականակենտրոն և մարդակենտրոն ծառայություն», - Սյունիքի մարզկենտրոնում հայտարարել է վարչապետը:

XS
SM
MD
LG