Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, այսօր կառավարության նիստի ժամանկ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվի գործելակերպն անհասկանալի է և անընդունելի որակելով։
Ընդգծելով, որ ամիսներ առաջ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակեց պատճառաբանությամբ, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով, վարչապետն այսօր նախ թվարկեց երեկ դեպի Արցախ ուղևորված մարդասիրական բեռներով բեռնված բեռնատարների պարունակությունը, որոնցում միայն սնունդ է, ապա հարց ուղղեց՝ ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս ա՛յս բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
«Մի՞թե ոչ ան պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովին մատնելն է, ցեղասպանության ենթարկելը։ Անկախ մեր գնահատակններից, մենք սպասում ենք խաղաղապահ զորախմբի՝ ԼՂ-ում տեղակայված, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները», - ասաց գործադիրի ղեկավարը՝ նկատելով՝ Լաչինի միջանցքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը ԼՂ կնպաստաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին։
400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվեց դեպի Արցախ, հասավ Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։
Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեպի Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող բեռնատարները երեկվանից հայկական անցակետի մոտ ենՊաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ նշելով, որ դա արվում է «մարդասիրական բեռի» անվան տակ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը սա «ոտնձգություն» ու «սադրանք» է անվանել «իր տարածքային ամբողջականության» հանդեպ։
Բաքվին Հայաստանի վարչապետն է արձագանքել՝ «Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով ԼՂ մուտք գործելուն․ փոխարտգործնախարար