Մատչելիության հղումներ

Երևանը պնդում է՝ Բաքուն շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կառույցների մուտքն Արցախ


Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կառույցների մուտքն Արցախ, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից։

Ըստ գերատեսչության՝ Արցախի շրջափակման առաջին իսկ օրվանից Երևանը Լաչինի միջանցքը բացելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար հետևողական աշխատել է միջազգային կառույցների հետ: Մասնավորապես, ըստ ԱԳՆ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի թե՛ երևանյան, թե՛ տարածաշրջանային գրասենյակների հետ Երևանն ակտիվորեն քննարկել է արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: ​ ​

«Հարկ ենք համարում շեշտել, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ: ՀՀ ԱԳՆ համակարգմամբ ՊՀԾ ղեկավարության հետ անմիջական կապի մեջ են նաև ՀՀ այլ պատասխանատու գերատեսչությունները: Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի սահմանված կարգով», - հաղորդում են Արտգործնախարարությունից՝ առանց հստակեցնելու՝ արդյոք Երևանը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին Պարենի համաշխարհային ծրագրով Արցախ հումանիտար փոխադրում իրականացնելու համար։

Նույն այս պահանջով Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև արդեն մեկ շաբաթից ավելի է՝ բողոքի ակցիաներ են անցկացվում։ Միջազգային հանրությանը Արցախում ստեղծված իրավիճակը հասցնելու, Բաքվի վրա ճնշումներն ավելացնելու ու հումանիտար փոխադրումների համար հնարավորություն ստեղծելու համար բողոքի ակցիայի կազմակերպիչներն արցախցիներին են դիմում։

«Տեսանկարահանեն այդ ամենը, թե իրենց խոհանոցներում ինչ կա, իրենց խանութներում ինչ կա, ավելի ճիշտ ինչ չկա և ուղարկեն մեզ՝ «Բացում» նախաձեռնության էջին կամ էլեկտրոնային հասցեին, որը մենք փոխանցելու ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, և տեղափոխվելու է այդ տեղեկությունն իրենց գլխամաս: Այդ կապը, կարծում եմ, արդյունավետ կլինի, որպեսզի միջազգային հանրության կարևոր ատյաններում անմիջապես իրական պատկերը ձևավորվի և ոչ մի կողմ չկարողանա դա հերքել», - ասաց «Բացում» նախաձեռնություն անդամ Նարեկ Այվազյանը:

Նախաձեռնության անդամները հույս ունեն՝ գոնե այդ դեպքում ՄԱԿ-ը հնարավորություն կունենա մտնել ավելի քան 7 ամիս շրջափակման, 1 ամսից էլ ավելի լիակատար պաշարման մեջ գտնվող Արցախ։

ՄԱԿ-ի ներկայությունն Արցախում պահանջում է նաև Ստեփանակերտը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին կոչ է արել կառույցի պաշտոնյաներին բարձրաձայնել Արցախում ճգնաժամի մասին, պահանջել միջազգային հանրությանն անհապաղ ջանքեր գործադրել՝ Արցախում ՄԱԿ-ին մանդատ տալու համար:

«Պահանջում եմ ՅՈւՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրերի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործագիր տնօրեններից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենից հետևել իրենց մանդատին ու պարտականություններին. պահանջել իրենց ներկայությունն Արցախում՝ Արցախի ժողովրդին տեղում հրատապ ու նաև շարունակական օգնություն ցուցաբերելու նպատակով», - նշել է Արցախի նախագահը:

Հարությունյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից էլ պահանջում է վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման որոշումների կատարումը:

Իսկ թե ինչո՞ւ Երևանը չի դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Արցախի ապաշրջափակման հարցով, այսօր մամուլի ասուլիսի ընթացքում նաև Հայաստանի վարչապետն անդրադարձավ։ Ըստ Փաշինյանի, հարց է՝ արդյոք այդ դիմումից հետո միջազգային խաղաղության և անվտանգության համար պատասխանատու միջազգային մարմինը որոշում կընդունի, և եթե ընդունի, ապա ինչ որոշում կլինի։

«Արդարադատության միջազգային դատարանի, ըստ էության, իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաև չմոռանանք, որ դա քաղաքական մարմին է և մանավանդ նման հարցով Անվտանգության խորհուրդ դիմելու քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի, քննարկված լինի անդամն երկրների հետ, ինչը մենք անում ենք», - ասաց Փաշինյանը:

ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ. Բաքուն արձագանքում է

Ադրբեջանն արգելում է հումանիտար փոխադրումներ իրականացնել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունն ահազանգում է՝ չնայած համառ ջանքերին՝ այժմ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով, այդ թվում՝ Աղդամով: Կառույցը փաստում է՝ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ մանկական կաթնախառնուրդի պակասի։

«Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով նվազում և սակավանում ու թանկանում են, որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը, հասանելի չեն», - հայտարարում է ԿԽՄԿ-ն՝ հիշեցնելով, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։

Կարմիր խաչը որոշում կայացնողներին կոչ էր արել թույլ տալ իրենց վերսկսել մարդասիրական գործողությունները: Ի պատասխան Բաքուն հայտարարեց, թե առաջարկել է Աղդամով դեղորայք և բեռներ փոխադրել, սակայն «հայկական կողմը կտրականապես մերժում է»։ Կարմիր խաչին էլ հորդորել է «զերծ մնալ իր մանդատը քաղաքական նպատակների համար չարաշահելուց»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG