Մատչելիության հղումներ

Բորել. Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք չէ


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք, հայտարարում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում Բորելը շեշտում է, որ «Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով»:

«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին», - ասված է հայտարարությունում:

«Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», - ընդգծում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ շարունակելով.

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։

Բորելը նաև նշում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ հիվանդների տեղափոխումն ու մարդասիրական մատակարարումները: Մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից, շեշտում է Բրյուսելը:

«Եվրամիությունը և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում: Պահանջվում է նաև բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի ու փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային», - ասված է Եվրամիության բարձր ներկայացուցչի հայտարարությունում:

Հայաստանը երեկ 19 բեռնատարներով մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց արդեն յոթ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ: Բեռնատարները Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում արդեն հատել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:

Պաշտոնական Բաքուն Երևանի այս քայլը «սադրանք» է որակել և պնդել, թե «բրյուսելյան պայմանավորվածության համաձայն՝ Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի ապրանքների առաքման համար»։ Հայաստանը հերքել է պնդումները, թե Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը Աղդամի ճանապարհով մատակարարումներ իրականացնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը թվիթերյան գրառմամբ ևս մեկ անգամ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է:

XS
SM
MD
LG