Մատչելիության հղումներ

Դեպի Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող բեռնատարները երեկվանից հայկական անցակետի մոտ են


Դեպի Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող բեռնատարները երեկվանից կանգնած են հայկական անցակետի մոտ։

Թեև Հայաստանի կառավարությունը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների միջոցով ցանկանում է այդ բեռը հասցնել պաշարված ու սովի վտանգի առջև կանգնած Արցախ, բայց մինչև ուշ երեկո այնտեղ ռուսական խաղաղապահ զորակազմից որևէ ներկայացուցչի «Ազատությունը» չնկատեց։

Փոխարենը այնտեղ էին եվրոպական դիտորդական առաքելության պարեկները՝ առաքելության ղեկավարի գլխավորությամբ, ով լրագրողներին միայն ասաց՝ պարզապես դիտարկում են, թե ինչ է կատարվելու։

Եվրոպացի դիտորդները այնտեղ մնացին մինչև 21։30-ը։ Բեռնատար մեքենաներին ուղեկցում էին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամային կառավարման խմբի ներկայացուցիչը, ինչպես նաև աշխատանքի ու առողջապահության փոխնախարարները։

Լրագրողների հետ զրույցում ԼՂ ճգնաժամային կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ասաց, որ դիմել են ռուս խաղաղապահներին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։

Նա չհստակեցրեց, թե ինչ են պատրաստվում անել և որքան են պատրաստ սպասել, եթե այնուամենայնիվ խաղաղապահներից պատասխան չստանան։

«Վերջնաժամկետի մասով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ներկա պահին ևս, բնականաբար, աշխատանքնային կարգով կապը Ռուսաստանի խաղաղապահների հետ պահպանվում է, և թե ինչ կլինի հաջորդ պահին, ինչ զարգացումներ կլինի, լրացուցիչ արդեն, ըստ դրանց, կպատասխանենք», - ասաց Սարգսյանը։

Բաքուն Երևանի՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու քայլը երեկ երեկոյան կրկին սադրանք որակեց, մեղադրելով, թե Երևանը առանց իր հետ համաձայնեցնելու ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ սա «ոտնձգություն» է իր տարածքային ամբողջականության հանդեպ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ այդ ամենին մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը և դիվանագիտական կորպուսը՝ «ցույց տալով, որ դա նախապես ծրագրված քայլ է»։

Արցախ ուղարկվող բեռնատարներն երեկ Երևանում բացվել էին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։

Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։

Երեկ երեկոյան նաև Հայաստանի վարչապետն է անդրադարձել հումանիտար բեռներ ուղարկելու նախաձեռնությանը, թվիթերում կատարած գրառմամբ շեշտել, որ չեն կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որին բախվում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և առաջին անհրաժետության սննդամթերքը, որ ուղարկվում է Արցախ, բացառապես հումանիտար բնույթ ունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG