Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է, Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որին բախվում են Լեռնային Ղարաբաղի հայերը»,- նշել է նա։
«Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությունը, որն այսօր առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվել է դեպի Արցախ, հասել է Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։
Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:
Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Երեկ նաև ԿԽՄԿ-ն ահազանգեց՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։ Այսօր արդեն հեղինակավոր Freedom House-ը կոչով դիմեց Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր խաչին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը փոխադրել։
Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։
Արցախ ուղարկվող բեռնատարներն այսօր բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել են ապրանքատեսակներին։
Բաքուն Երևանի այս քայլը «սադրանք» է որակել։