Երևանից դեռ արձագանք չկա
Արցախի պետնախարարը պահանջում է պաշտոնական Երևանից հերքել, որ Հայաստանը իջեցրել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողն» ու համաձայնել ադրբեջանական օրակարգով քննարկումներին։ Երևանից այս պահին չեն արձագանքել Գուրգեն Ներսիսյանին։
«Հայաստանի իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում: Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու մեր իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար:
Բայց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանի կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ», - հայտարարել է Արցախի պետնախարարը՝ շարունակելով. - «Հիմա կա՛մ Հայաստանի Հանրապետության կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կա՛մ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»»։
Երեկ էլ Արցախի պետնախարարը Երևանից պահանջել էր հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից։
Եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է՝ Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին «անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»։ Իսկ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցն, դատելով Լավրովի խոսքից, քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատման համատեքստում։
Մոսկվայում հնչած հայտարարություններից ժամեր անց Երևանից արձագանք չկա։
Դեռ երեկ վարչապետ Փաշինյանը իր կարծիքն էր հայտնում՝ լավագույն լուծումն այն է, որ Ստեփանակերտը պատրաստակամություն հայտնի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի շրջանակներում քննարկել Բաքվի հետ, միաժամանակ ընդունում էր, որ այդ միջազգային մեխանիզմը դեռ անորոշ է։
«Ազատությունը» Հայաստանի արտգործնախարարություն հարցում է ուղարկել՝ ճշտելու՝ արդյոք Երևանը շարունակո՞ւմ է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե՞ առանց դրա քննարկումների մասին է խոսել Ռուսաստանի արտգործնախարարը։
Հայ-ադրբեջանական բանակցությունների մասին ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն հայտարարություն չտարածեցին, ինչպես մոսկովյան նախորդ՝ մայիսյան հանդիպումից հետո։
Ինքնորոշման իրավունքը պնդող Արցախի նախագահը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր՝ Բաքուն իրենց հետ մեկ՝ ինտեգրացիայի թեման է քննարկում։
«Քաղաքական երկխոսությունն այս պահի դրությամբ անհնարին է»
Ադրբեջանի օրակարգը գաղութացումն է, այդ օրակարգով չեն գնալու բանակցության, պնդեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը. - «Գաղութացման օրակարգով, ոչ»։
Իսկ ինչ բանակցությունների են գնալու, Դավիթ Բաբայանն ասում է. - «Այն քննարկումներին, որ եղել են մինչև այդ, այսինքն՝ հումանիտար հարցեր, ենթակառուցվածքային՝ գազը, լույսը, որը կտրել են իրենք, փակել են։ Տարբեր այլ հարցեր կան, պետք է այստեղից սկսել։ Քաղաքական երկխոսությունն այս պահի դրությամբ անհնարին է, որովհետև կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ»։
Արցախցի պաշտոնյայի խոսքով՝ իրենք ուզում են հասկանալ՝ Հայաստանի ժողովուրդը կիսո՞ւմ է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանության տեսակետը, թե՝ ոչ։
«Երևանը երբ ասում է՝ ճանաչում ենք 86.6 հազար քառակուսի կիլոմետր, այդ թվում նաև Արցախը մեջը ներառած, առանց ամաչելու մարդիկ դրա մասին խոսում են, այսինքն՝ ի՞նչ պետք է մենք Ադրբեջանի հետ բանակցենք, ո՞նց ենք մենք հանձնվում, թողնո՞ւմ է մեզ ապրենք, թե՞ չեք թողնում։ Պարզ է Երևանի ուզածը, մենք ուզում ենք հայ ժողովրդի դիրքորոշումը իմանալ, դրանից հետո մեր քայլերը անենք», - ասաց նա։
Ի դեպ, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան այսօրվա գրառման մեջ դժգոհել է նաև Ռուսաստանից, թե անտանելի է անընդհատ պատճառաբանություններ բերելով աղետալի վիճակին առարկայական լուծում չտալու մոտեցումը: