Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է Ադրբեջանի նախագահի օգնականի պնդումները, թե Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը Աղդամի ճանապարհով մատակարարումներ իրականացնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։
Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, թե «բրյուսելյան պայմանավորվածության համաձայն՝ Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի ապրանքների առաքման համար»։
«Բայց այս ճանապարհից օգտվել թույլ չտալը, տեղի բնակիչներին որպես պատանդ շահագործելը, ապրանքների իմիտացիոն առաքում կազմակերպելը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա և շանտաժ»,- Թվիթերում գրել է ադրբեջանցի պաշտոնյան՝ Երևանից պահանջելով վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ «տարածքային նկրտումներին և ապահովել բոլոր անօրինական ուժերի զինաթափումը»։
«Միջազգային հանրությունը պետք է հստակ ուղերձ հղի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու կապակցությամբ։ Այլ ճանապարհ չկա, խաղն ավարտված է»,- նշել է Հաջիևը թվիթերյան գրառման մեջ։
Սրան Մարուքյանն արձագանքել է թվիթերյան գրառմամբ, նշելով, որ Հիքմեթ Հաջիևի խոսքերը պետք է մեկնաբանել որպես ցանկություն, և որ նա այդ ցանկությունը ներկայացնում է որպես իրականություն։
«Բրյուսելում նման պայմանավորվածություն չի եղել, և դա կարելի է հեշտությամբ ստուգել և հաստատել Շառլ Միշելի եզրափակիչ հայտարարությամբ», - նշել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Երեկ էլ Հայաստանի վարչապետն էր հայտարարել, որ բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարց չի քննարկել, շեշտելով՝ ինքն այդ մանդատը չունի։