Մատչելիության հղումներ

«Սնունդ կյանքի համար». Հայաստանից Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը անցավ հայկական անցակետը


«Սնունդ կյանքի համար». 400 տոննա մարդասիրական օգնությունը, որն այսօր առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվեց դեպի Արցախ, հասել է Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ «Ազատության» թղթակիցը տեղից հաղորդում է, որ բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:

Արցախի շրջափակման 8-րդ և լիակատար պաշարման առաջին ամսից հետո Հայաստանի կառավարությունը երեկ երեկոյան որոշեց մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ՝ առանց հստակեցնելու՝ ինչպես է բեռը տեղ հասնելու:

Ալյուր, շաքարավազ, մակարոնեղեն, ձեթ.... ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը թվարկեց՝ ինչով են բեռնված մեքենաները։

«Հատկապես խոցելի խմբերի, երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, խրոնիկ հիվանդների իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից», - նշեց Սարգսյանը:

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հոտ՝ հունիսի 15-ից Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Երեկ նաև ԿԽՄԿ-ն ահազանգեց՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։ Այսօր արդեն հեղինակավոր Freedom House-ը կոչով դիմեց Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր խաչին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը փոխադրել։

Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։

Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ Հայաստանի կառավարության հումանիտար օգնությունը կհատի Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը։ «Ազատության» դիտարկմանը, թե Բաքուն դեռ երեկ սադրանք է որակել Երևանի այս քայլը, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչն արձագանքեց՝ առաջնային նպատակը առաքելությունը տեղ հասցնել է։ Այս իրավիճակում, ըստ Սարգսյանի, երաշխիքների մասին խոսելն ավելորդ է։

«Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղում արդեն սովի և հումանիտար այս ծանր ճգնաժամի պայմաններում հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխումը կարելի է սադրանք որակել: Սնունդ ուղարկելու տեսանկյունից, հումանիտար բնույթի ապրանքի տեղափոխման հետ կապված հուսանք, որ խնդիր չի առաջանա», - նշեց նա:

Նախքան շրջափակումը ամեն օր Հայաստանից Արցախ հենց այսքան՝ 400 տոննա ապրանք էր գնում: Պաշտոնյան չպարզաբանեց՝ ինչո՞ւ է հենց այսօր և ոչ ավելի վաղ որոշում կայացվեց դիմել այս քայլին. - «Օրվա և ժամի մասով ոչ մի հստակ բան չեմ կարող ասել»:

Երեկ՝ նախքան Հայաստանի կառավարությունը կհայտներ, որ Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու որոշում է կայացրել, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդեց, թե իբր հայկական կողմը Լաչինի միջանցքում «տարբեր տրանսպորտային միջոցների կուտակմամբ սադրանք է նախապատրաստում»։

Եթե ադրբեջանական կողմը թույլ տա բեռի փոխադրումը բացառապես այն ստուգելուց հետո, կհամաձայնի՞ արդյոք հայկական կողմն այդ պայմանին. - «Եկեք այս պահի դրությամբ ենթադրություններով կամ եթե-ներով չառաջնորդվենք, ինչպես ասացի, մեր հիմնական նպատակն այս պահին հումանիտար բեռը տեղ հասցնելն է, և մենք հուսով ենք, որ բեռը կհասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»:

Արցախ ուղարկվող բեռնատարներն այսօր բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացան ապրանքատեսակներին։ Արտաքին գործերի նախարարությունից հաղորդում են՝ ավելի վաղ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG