«Հունգարիան կարևոր աշխատանքային ուղղություն է, որն արժե բացել»․ քաղաքական մեկնաբան

Բուդապեշտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին, գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ և հույս հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել:

Առաջիկայում նաև Հունգարիայի արտգործնախարարը Հայաստան կայցելի:

Փաշինյան-Շեյմեն հանդիպում, 31-ը մայիսի, 2023թ․

Հունգարիան կարևոր աշխատանքային ուղղություն է, որն արժե բացել, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Կարծում եմ, կարևոր են, ինչպես ցանկացած այլ երկկողմ հարաբերություն ընդհանրապես, և Հունգարիայի դեպքում մասնավորապես, նաև այն տեսանկյունից, որ գործ ունենք՝ թե՛ Եվրամիության անդամ երկրի, թե՛ նաև, ինչն առաջնային հիշատակման չի ենթարկվում հաճախ, բայց, ըստ իս, շատ կարևոր է, որ Հունգարիան նաև դիտորդ է թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, իսկ մենք այստեղ, կարծում եմ, ունենք աշխատելու խնդիր՝ էդ դաշտից մեզ համար ռիսկեր, մարտահրավերներ կառավարելու տեսանկյունից։ Հայ-հունգարական հարաբերության կարգավորումը կարող է լինել էդպիսի մի հնարավորություն՝ հաշվի առնելով նաև հենց այն հանգամանքը, որ Եվրամիության երկիր է նաև Հունգարիան։ Այս տեսանկյունից կարծում եմ՝ կարևոր աշխատանքային ուղղություն է հարաբերության վերականգնումը», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Բադալյանն ընդգծեց՝ ավելի շուտ բարոյական նշանակություն ունեցավ ընդամենը հարաբերությունների խզումը Հունգարիայի հետ, երբ Բուդապեշտը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։

Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի դատարանում, 13-ը ապրիլի, 2006թ․

«Սա, անշուշտ, բավական հակասական և հարաբերական իրավիճակ է, բայց նաև կրկնեմ, քաղաքական էֆեկտիվության, քաղաքական հնարավորությունների տեսանկյունից, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի փորձել օգտագործել էս աշխատանքային հնարավորությունը և կարգավորել հարաբերությունը», - ասաց Բադալյանը։

Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։

Գուրգեն Մարգարյանի լուսանկարը

Նա Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ։

Հայասանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը Հունգարիայի քայլն անվանել էր աններելի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին

2013-ին արդեն Երևանը հայտարարում էր, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, եթե Բուդապեշտն ինքը քայլեր ձեռնարկի:

Բուդապեշտի ու Երևանի հարաբերություններում որոշակի շարժ նկատվեց 2021 թվականին, երբ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ, 5 հայ ռազմագերի վերադարձավ տուն, բացի այդ Հունգարիան քովիդի ընթացքում Հայաստանին 100 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրեց։

Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին Հայաստանն ու Հունգարին անցած տարի դեկտեմբերի սկզբին հայտարարեցին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ընդգծել էր, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը անփոփոխ է, սակայն պետք է առաջ շարժվել։

Մոտ 20 օր առաջ էլ Հայաստանում Հունգարիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց փոխարտգործնախարարին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2012 թվականից ի վեր առաջին անգամ Հունգարիայում Հայաստանի դեսպան է նշանակվել