Մատչելիության հղումներ

Գուրգեն Մարգարյանի ընտանիքի փաստաբանը կարծում է` ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր դաս էր պետությունների համար


Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր առավոտյան կայացրած վճռով որոշել է, որ Ադրբեջանը խախտել է իր զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքն ու դրսևորել է խտրականություն։

Եվրոպական ատյանում հայցվորների շահերն է պաշտպանել նաև պրոֆեսոր, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը: Վերջինս «Ազատության» հետ հարցազրույցում անդրադարձել է կայացված վճռին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

Հրայր Թամրազյան. - Պարոն Լիչ, ես հենց նոր Ձեզ էի ներկայացնում և ասում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր առավոտյան վճիռ կայացրեց Գուրգեն Մարգարյանի գործով: Խնդրում եմ պատմեք, թե ի՞նչ է տեղի ունեցել այսօր, և ինչի՞ մասին է այս վճիռը:

Ֆիլիպ Լիչ. - Այո՛, այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց իր վճիռները: Դա երկու երկրների դեմ գործ էր՝ Հունգարիայի և Ադրբեջանի, որոնք դեռևս 2012-ին պայմանավորվել էին պարոն Սաֆարովին հունգարական բանտից տեղափոխել Ադրբեջան: Նրանք դա արեցին մի պայմանագրով, որը թույլ է տալիս բանտարկյալներին տեղափոխել, որպեսզի նրանք կարողանան իրենց պատիժները կրել իրենց հայրենիքում, իսկ դա մասամբ մարդկանց վերականգնման մասին է, քանի որ այսպես նրանք կարող են տեսնել իրենց ընտանիքի անդամներին և այլն։ Բայց այս դեպքում, երբ նա վերադարձավ Բաքու, անմիջապես ներում ստացավ նախագահի կողմից, նրան դիմավորվեցին իբրև մեծ հերոսի:

Դրանք քայլեր էին, որ նշանակում էին, որ Սաֆարովը պատիժը չի կրելու։ Այսպիսով, Եվրոպական դատարանն այսօր կայացրեց շատ խիստ վճիռ, որով ուղղակիորեն դատապարտվում է Ադրբեջանի իշխանությունների՝ Սաֆարովի ամբողջական պատժի կրումն ապահովելու գործում ձախողումը: Նա մեղավոր էր ճանաչվել սպանության համար դեռևս 2004-ին Բուդապեշտում, և նրան դատապարտել էին ցմահ ազատազրկման: Եվ ութ տարի անց նրան տեղափոխեցին Բաքու և ազատեցին: Եվրադատարանն ասում է, որ դա խախտում է սպանված տղամարդու ընտանիքի կյանքի իրավունքը, ինչպես նաև այն մեկ այլ հայ սպայի, որին պարոն Սաֆարովը փորձել է սպանել և մեղավոր ճանաչվեց նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Սաֆարովը խախտել է նրանց կյանքի իրավունքը, քանի որ երբ կա սպանության դեպք, պետությունները պետք է հետաքննեն կատարվածը, և եթե կան բավարար ապացույցներ, ապա նրանք պետք է շարունակեն հետապնդել հանցագործին, իսկ հետո դատարանը մեղավոր է ճանաչում նրան, ապա դատապարտում հանցագործին, և համակարգը պետք է ապահովի պատժի կատարումը: Սա հենց այն ասպեկտն էր, որը խախտվեց, և պարզվեց, որ այսօր կայացված վճռի համաձայն` պարոն Սաֆարովին ազատ արձակելով` չպարտադրելով նրան կրել իր ամբողջ պատիժը, նրանք խախտել են դիմումատուի կյանքի իրավունքը:

Հրայր Թամրազյան. - Շատ հետաքրքիր է: Փաստաթղթերում ասվում է, որ 2004 թվականի հունվարին Եվրադատարան դիմած սպան և Գուրգեն Մարգարյանը ժամանել են Բուդապեշտ՝ նպատակ ունենալով մասնակցել ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի եռամսյա դասընթացին: Դասընթացին մասնակցում էին նախկին ԽՍՀՄ հանրապետություններից յուրաքանչյուրից երկուական զինվորական, այդ թվում՝ Ադրբեջանի բանակի երկու սպա: Մասնակիցները տեղավորվել էին Հունգարիայի Պաշտպանության ազգային համալսարանի տարածքում։ 2004 թվականի փետրվարի 19-ին` ժամը 5-ի սահմաններում, ադրբեջանական բանակի զինծառայող Ռամիլ Սաֆարովը սպանեց քնած Գուրգեն Մարգարյանին՝ կացնով նրան հարվածելով առնվազն 12 անգամ։ Այնուհետև Ռամիլ Սաֆարովը փորձեց կոտրել առաջին դիմումատուի սենյակի դուռը՝ ենթադրաբար գոռալով.- «Բացի՛ր դուռը, դո՛ւ, հայ: Մենք կկտրենք բոլորիդ կոկորդները»: Վերջ ի վերջո նրան կարողացել է կանգնեցնել դեպքի վայր ժամանած ոստիկանությունը։ Այնուհետև նկարագրվում է քրեական դատավարությունը, և այստեղ կա նաև մի հատված, որում ասվում է, որ Ռամիլ Սաֆարովը փաստորեն ընդունել է իրեն առաջադրված բոլոր այս մեղադրանքները, երբ նրան հարցաքննել էին ռուսերենով: Ասել էր, որ արել է դա, քանի որ կարծում էր, որ այդ հայերը պետք է սպանվեն: Ի՞նչ կարող եք ասել ոչ միայն որպես փաստաբան, այլ նաև որպես մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար: Ի՞նչ տեղի ունեցավ այստեղ:

Ֆիլիպ Լիչ. - Հունգարիայի իշխանությունները, անշուշտ, պատշաճ կերպով էին գործել սկզբնական շրջանում՝ իրականացնելով այս սարսափելի ողբերգական դեպքի քննությունը՝ քրեորեն հետապնդելով պարոն Սաֆարովին և նրան պատշաճ կերպով դատապարտելով և պատժի ենթարկելով: Ամեն ինչ ճիշտ էր: Բայց հետո մի քանի տարի անց Հունգարիայի Արդարադատության նախարարությունը համաձայնեցրեց Ադրբեջանի իշխանությունների հետ նրա վերադարձը Ադրբեջան, որտեղ նա ամբողջական պատիժը կրելու փոխարեն ազատ արձակվեց: Եվ հենց սա է խնդիրը։ Դա մարդու իրավունքների, կյանքի իրավունքի հիմնարար խախտում է, նրանց կողմից կիրառված դատապարտյալների տեղափոխման կոնվենցիայի բուն նպատակը մարդկանց իրենց հայրենի պետություն տեղափոխելն է, որպեսզի նրանք պատիժ կրեն իրենց հայրենիքում: Այնպես չէ, որ մարդիկ կարող են ազատվել պատժի կրումից։

Հրայր Թամրազյան. - Բայց փաստորեն նա ազատվեց որպես հերոս, և նույնիսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն էր ասել, որ նա պետք է օրինակ ծառայի բոլոր ադրբեջանցիների համար: Դա իսկապես անհավատալի էր: Ի՞նչ եք մտածում այս մասին:

Ֆիլիպ Լիչ. - Դատարանը շատ վճռական որոշում կայացրեց Ադրբեջանի առնչությամբ՝ ոչ միայն ճանաչելով կյանքի իրավունքի խախտումը, այլև վճռելով, որ Ադրբեջանի իշխանությունները գործել են խտրականորեն: Դատարանը գտել է, որ նրանց արածը ռասայական պատճառաբանություն ունի, քանի որ ի սկզբանե սպանությունը ռասայական հիմք է ունեցել, և Ադրբեջանի իշխանությունները երբեք որևէ պատճառ չեն ներկայացրել նրան ազատ արձակելու համար: Այնպես որ, այսօրվա վճիռն ուժեղ վճիռ էր: Դատարանն, իհարկե, ավելի հեռու չի գնացել, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ պետք է անեն այժմ Ադրբեջանի իշխանությունները, բայց գործը կարող է ուղարկվել Եվրոպական դատարանի մեծ պալատ, այնուհետև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն է որոշելու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն Ադրբեջանի իշխանությունները: Նրանք պետք է ուշադրությամբ հետևեն, թե ինչ են անում Ադրբեջանի իշխանությունները, և, անշուշտ, պետք է դիտարկեն քայլերը՝ ապահովելու, որ պարոն Սաֆարովը կրի իր ամբողջական պատիժը:

Հրայր Թամրազյան. - Այսպիսով, արդյո՞ք նկատի ունեք, որ դեռևս հնարավոր է, որ Եվրախորհուրդը պահանջի Եվրախորհրդի նախարարների կոմիտեից, որպեսզի ստիպեն Ադրբեջանի իշխանություններին վերադարձնել նրան բանտ: Արդյո՞ք դա հնարավոր է:

Ֆիլիպ Լիչ. - Վճռում շատ պարզ ասվում է, որ նրան ազատ արձակելով առանց պատժի ամբողջական կրման՝ Ադրբեջանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Հարց է առաջանում, թե ո՞րն է համապատասխան փոխհատուցումը, ո՞րն է արդարության պատշաճ վերականգնումը: Իհարկե, այս դեպքում ընտանիքները կասեն, որ պարոն Սաֆարովը պետք է կրի Հունգարիայի դատարանի նշանակած պատիժը, և դա կլինի արդարության պատշաճ վերականգնում։ Բայց այժմ դատավճիռը գնում է Նախարարների կոմիտե: Այսպիսով, Եվրոպայի խորհրդի մյուս պետությունները, այսինքն` այս գործին ներգրավված Հունգարիայից և Ադրբեջանից բացի, մնացած 45 պետությունները պետք է այժմ որոշեն այդ հարցերը:

Հրայր Թամրազյան. - Շատ հետաքրքիր է: Բայց հավատո՞ւմ եք, որ դա հնարավոր է անել: Դա հնարավո՞ր է: Ո՞րն է Ձեր կանխատեսումը։

Ֆիլիպ Լիչ. - Կտեսնենք։ Անկասկած, Ադրբեջանը ուժեղ կդիմադրի։

Հրայր Թամրազյան. - Դա կասեցնելու համար լոբբիստական ջանքեր կներգրավեն, այնպես չէ՞:

Ֆիլիպ Լիչ. - Եվրոպայի խորհուրդը վերջին տարիներին հզոր միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Այն Բաքվում կալանավորված քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի իրավունքների խախտումների հետ կապված վարույթ էր հարուցել, Նախարարների կոմիտեն կոչ արեց ազատ արձակել նրան: Որոշ ժամանակ պահանջվեց, բայց նա ի վերջո ազատ արձակվեց: Այսպիսով, Եվրոպայի խորհուրդը վերջերս մի շարք երկրների նկատմամբ անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրելու փորձ ունի, այնպես որ մենք հուսով ենք, որ նման ճնշում կգործադրվի, որը կհանգեցնի տուժած ընտանիքների համար արդարության լիարժեք վերականգնմանը։

Հրայր Թամրազյան. - Փաստորեն, այս գործն ընդդեմ Ադրբեջանի էր, այնպես չէ՞: Իսկ ո՞վ է գտնում, թե ով է մեղադրյալն այստեղ:

Ֆիլիպ Լիչ. - Ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի էր։

Հրայր Թամրազյան. - Այո՛:

Ֆիլիպ Լիչ. - Վճռվեց, որ Հունգարիան ի վերջո մեղք չունի, մեղքը միայն Ադրբեջանինն էր: Հայցը ներկայացրել էին սպանված սպայի ընտանիքն ու հարձակման ենթարկված մյուս հայ սպան։

Հրայր Թամրազյան. - Այժմ Հունգարիան փաստորեն մաքրվեց բոլոր հնարավոր մեղադրանքներից։ Ճի՞շտ է։ Բայց այն ժամանակ, երբ տեղի ունեցավ արտահանձնումը, կային որոշ պնդումներ, որ Հունգարիան Ադրբեջանից էական ֆինանսական օգնություն է ստացել: Կարո՞ղ էր դա այս գործում ինչ-որ կերպ երևալ, արդյո՞ք այս հարցն արծարծվել է:

Ֆիլիպ Լիչ. - Դատարանը, իհարկե, երկու երկրներին խնդրեց բացատրել տեղի ունեցածը և ապացույցներ ներկայացնել այդ մասին, և երկու երկրներն էլ ներկայացրել են նախարարների միջև նամակագրությունը, որը նախորդել էր Սաֆարովի արտահանձնմանը։ Երկուսն էլ ասել են, որ չի եղել որևէ խրախուսում, որևէ վճար, և դատարանի առջև որևէ ապացույց չկար: Ես գիտեմ մամուլում տեղ գտած լուրերի մասին, բայց դատարանում ապացույցներ չեն եղել, թե որևէ վճարում է կատարվել Հունգարիային։

Հրայր Թամրազյան. - Լավ, ո՞րն է հաջորդ քայլը: Դուք ասացիք, որ որպես հաջորդ քայլ Մեծ պալատը կարող է այս գործը վերցնել և ևս մեկ վճիռ կայացնել: Ի՞նչ է տեղի ունենում, երբ գործը հասնում է Մեծ պալատ:

Ֆիլիպ Լիչ. - Դա նշանակում է, որ իրականում դատարանն այս գործի քննության ընթացքում որոշում է կայացրել ընդամենը յոթ դատավորից կազմված պալատի կողմից: Եվ պալատը ցանկանում էր քննության ընթացքում գործը փոխանցել Մեծ պալատին: Ընթացքում Ադրբեջանը առարկեց, հետևաբար այն չբարձրացավ վերև, բայց այժմ կողմերից որևէ մեկը կարող է փորձել գործը հետագայում հասցնել Մեծ պալատ։ Կարող են տուժած ընտանիքները դիմել, եթե դժգոհ են գործի որոշ ասպեկտներից: Նմանապես երկու երկրների կառավարությունները հնարավորություն ունեն դա անելու։ Դա մի գործընթաց է, որը պետք է դիտարկվի առաջիկա երեք ամսվա ընթացքում, և եթե այն ընդունվի, ապա 17 դատավորից բաղկացած Մեծ պալատի կողմից կլինի նոր վճիռ: Դա լրիվ նոր դատավճիռ կլինի: Նրանք կրկին կանդրադառնան բոլոր հարցերին: Եթե Մեծ պալատ դիմելու նոր հայց չլինի, ապա գործը սովորական ճանապարհով կանցնի ԵԽ նախարարների կոմիտե:

Հրայր Թամրազյան. - Ո՞րն է Ձեր կանխատեսումը: Ի վերջո ի՞նչ կլինի: Կարելի է գրեթե համոզված լինել, որ Ադրբեջանը որևէ գործողություն չի ձեռնարկի այս դատավճռի հիման վրա: Ես կարծում եմ, որ հիմա Ադրբեջանը կսկսի քննադատել Եվրոպական դատարանին, նրանք կսկսեն մեղադրել հայերին, հայկական լոբբիին, և կտեսնենք, որ կստեղծվի մի նոր առիթ` Ռամիլ Սաֆարովի հանցավոր արարքը կրկին փառաբանելու համար։

Ֆիլիպ Լիչ. - Դե, պետք է տեսնենք, դա մասամբ կախված է նաև նրանից, թե միջազգային հանրությունն ինչ քայլեր էր ձեռնարկում այն ժամանակ, երբ նորություններում էր հայտնվել այս գործը, եղել են մի շարք միջազգային կառույցների հայտարարություններ, մի շարք պետություններ, Եվրախորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատրաստել էին ուժեղ բանաձևեր, որոնցով դատապարտել էին կատարվածը։ Այսպիսով, այժմ, անշուշտ, մասամբ կախված կլինի նրանից, թե ինչ է կարծում միջազգային հանրությունը, ինչպիսի ճնշում կարող են գործադրել: Անշուշտ, ընտանիքների տեսանկյունից արդարության վերականգնումը կլինի այն, որ պարոն Սաֆարովը կրի իր պատիժը, ինչպես ի սկզբանե վճռել էր հունգարական դատարանը։

Հրայր Թամրազյան. - Պարո՛ն Լիչ, որպես պաշտպան, որպես իրավապաշտպան խմբի ղեկավար, ի՞նչ եք կարծում, ի՞նչ դասեր կարող են քաղել այս գործից երկու ազգերը։ Արդյո՞ք սա կօգնի ինչ-որ կերպ մեղմել այս երկու ժողովուրդների միջև թշնամանքը: Ես չեմ խոսում հակամարտության մասին, այլ ատելության մասին, որը, օրինակ, Ադրբեջանում գոյություն ունի ցանկացած հայի, էթնոսի, մշակույթի նկատմամբ։ Դա այնքան ուժեղ է, գրեթե ամեն օր ադրբեջանական հեռուստատեսությամբ կարող ենք հակահայկական քարոզչություն տեսնել։

Ֆիլիպ Լիչ. - Ես, իհարկե, չեմ կարծում, որ նման վճիռը կարող է լուծել այն հիմնարար հարցերը, որոնք գոյություն ունեն։ Իմ տեսանկյունից ես երկու երկրների կողմից էլ անընդունելի հռետորաբանություն եմ տեսնում հակամարտության մասին: Բայց, կարծում եմ` դատավճիռն ընդգծում է օրենքի գերակայության կարևորությունը: Դատապարտյալների տեղափոխելու մասին կոնվենցիան վերաբերում է նրան, որ բանտարկյալները պատիժը պետք է կրեն հայրենիքում, ոչ թե ազատ արձակվեն։ Սա պայմանավորվածություն էր, որին նախարարները հասան 2012 թվականին: Դատարանից մի քանի տարի է պահանջվել: Բայց, վերջապես, մենք ունենք որոշում, որի համաձայն Եվրադատարանն իսկապես խստորեն դատապարտում է կատարվածը, դատապարտում է Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի որոշումը: Կարծում եմ, որ կա օրենքի գերակայության ուժեղ հաղթանակ, ազդեցիկ հիշեցում, որ պետությունները պատասխանատվության կկանչվեն, երբ խախտում են մարդու հիմնարար իրավունքները:

Հրայր Թամրազյան. - Եվ կա մի բան, որ ես նկատեցի, հայցվորները որևէ ֆինանսական փոխհատուցում չեն պահանջել։ Այդպե՞ս է: Եվ ինչո՞ւ:

Ֆիլիպ Լիչ. - Այդպես է: Գուրգեն Մարգարյանի ընտանիքն ու մյուս սպան իրավունք ունեն փոխհատուցում հայցել եվրոպական դատական գործով, և Եվրադատարանը հաճախ փոխհատուցում է շնորհում դիմումատուներին կամ նրանց իրավահաջորդներին: Բայց նրանք որոշեցին չհայցել։ Կարծում եմ, որ դրանով ուզում էին ընդգծել…

Հրայր Թամրազյան. - Բայց նրանք կարող էին, եթե հայցեին, փոխհատուցում ստանալ...

Ֆիլիպ Լիչ. - Այո՛, ինչպես ցանկացած գործի դեպքում, եթե նրանք վնասի փոխհատուցում պահանջեին, ապա նրանց կվճարեին դա, բայց նրանք որոշեցին որևէ փոխհատուցման պահանջ չներկայացնել: Կարծում եմ, որ դա ընդգծեց արդարության և արդարության վերականգնման նրանց ավելի լայն ձգտումը: Նրանք դրա կարիքը զգում են ոչ թե վնասի փոխհատուցման, այլ ուրիշ եղանակների միջոցով.... օրինակ, որ պարոն Սաֆարովը իր պատիժը կրի, և որ օրենքներում ավելի լայն փոփոխություններ լինեն, որոնք կապահովեն, որ և՛ Հունգարիայում, և՛ Ադրբեջանում նման բան այլևս չկրկնվի:

Հրայր Թամրազյան. - Եվ վերջում, պարոն Լիչ, սա Ձեզ և Ձեր պաշտպանական թիմի համար հաղթանակ է: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ: Ո՞րն է Ձեր ուղերձը հայերին։

Ֆիլիպ Լիչ. - Ամենակարևորը՝ սարսափելի ողբերգական գործում այս վճիռը արդարության կարևոր միջոց էր սպանված Մարգարյանի ընտանիքի և հարձակման ենթարկված մյուս սպայի համար։ Եվ սա, կարծում եմ, հիշեցում է ցանկացած պետության համար, որ կա համակարգ. պետությունները պատասխանատվության են կանչվում, երբ խախտում են մարդու իրավունքները։ Դա այսօրվա դատավճռի կարևոր դասն է:

Հրայր Թամրազյան. - Շատ շնորհակալ եմ, պարոն Լիչ, հետաքրքիր հարցազրույցի համար:

Ֆիլիպ Լիչ. - Շնորհակալություն:

XS
SM
MD
LG