Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը սկսեց զբաղվել մարդասպան Սաֆարովի ազատ արձակման գործով


Ադրբեջան - Հայրենիք վերադարձած մարդասպան Ռամիլ Սաֆարովը այցելում է «Շեհիդների ծառուղի», Բաքու, 31-ը օգոստոսի, 2012թ.
Ադրբեջան - Հայրենիք վերադարձած մարդասպան Ռամիլ Սաֆարովը այցելում է «Շեհիդների ծառուղի», Բաքու, 31-ը օգոստոսի, 2012թ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին խնդրել է պաշտոնական պատասխան ներկայացնել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատների գանգատով։ Այդ մասին հայտնում է Մարգարյանի հարազատների շահերը ներկայացնող Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնը (Միդլսեքսի համալսարան, Մեծ Բրիտանիա)։

Ըստ հաղորդագրության, սպանված սպայի ընտանիքը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքը՝ ինչպես սպանության կապակցությամբ, այնպես էլ այն բանի հետևանքով, որ Սաֆարովին ներում շնորհելը խախտել է մարդասպանի դատավճռի լիակատար իրականացումը։ Մարգարյանի հարազատները նաև շեշտում են, որ հայ սպան զոհ է դարձել ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործության, որն ավելի ուշ արդարացում է ստացել մարդասպանին ներում շնորհելու և ազատ արձակելու շնորհիվ։ Հունգարիան, իր հերթին, ինչպես ընդգծել են գանգատ ներկայացնողները, թույլ է տվել Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին առանց երաշխիքներ ստանալու, որ հանցագործն այդ երկրում կրելու է իր դատավճռով սահմանված պատիժն ամբողջությամբ։ Մարգարյանի ընտանիքը վկայակոչում է Մարդու իրավունքների կոնվենցիայի մի շարք հոդվածներ, որոնք խախտվել են Ադրբեջանի և Հունգարիայի կողմից։

Բացի Մեծ Բրիտանիայում գործող կենտրոնից, Մարգարյանի հարազատների շահերը ներկայացնում են նաև հայաստանյան Legal Guide կազմակերպությունը, փաստաբան Նազելի Վարդանյանը։

Հաղորդագրությունում նշված է, որ գանգատ է ներկայացրել նաև Հայկ Մակուչյանը, որին, ինչպես պարզել է դատարանը, ցանկացել է սպանել Սաֆարովը Բուդապեշտում նույն միջադեպի ժամանակ։

Երկու երկրների կառավարությունները պետք է Ստրասբուրգի դատարան իրենց պատասխանները ներկայացնեն մինչև մայիս։

Հիշեցնենք՝ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը երեք տարի անց հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի։ Այդուհանդերձ, 2012 թվականի օգոստոսի վերջին Հունգարիան արտահանձնեց մարդասպանին Ադրբեջանին, որտեղ Սաֆարովին անմիջապես ներում շնորհեցին և փաստացի հերոսացրեցին պետական մակարդակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG