Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին համատեղության կարգով նշանակել է Հայաստանի դեսպան Հունգարիայում (նստավայրը՝ Թբիլիսի):
2012 թվականին Հայաստանը սառեցրել է դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և 2006-ին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:
Բուդապեշտի ու Երևանի հարաբերություններում սառույցն արդեն սկսել էր հալվել վերջին 2 տարիներին։ 2021-ի դեկտեմբերի վերջին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի էր վերադարձել տուն, նրանց ուղեկցել էր այդ երկրի արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Շտարայը, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը բարձր էր գնահատել հունգարական իշխանությունների մարդասիրական քայլը։ Այնուհետև նախորդ տարեվերջին Լեհաստանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել էին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։