Մատչելիության հղումներ

Ըստ փաստաբանի, Ադրբեջանը պետք է Գուրգեն Մարգարյանի սպանության համար պատասխանատու ճանաչվի


Հունգարիայում Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու կապակցությամբ բողոքի ակցիայի մասնակիցները բարձրացրել են Գուրգեն Մարգարյանի լուսանկարը, սեպտեմբեր, 2012 թ.
Հունգարիայում Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու կապակցությամբ բողոքի ակցիայի մասնակիցները բարձրացրել են Գուրգեն Մարգարյանի լուսանկարը, սեպտեմբեր, 2012 թ.

Ադրբեջանը բողոքարկել է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը

Ադրբեջանը բողոքարկել է Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մայիսի 26-ի վճիռը:

Սպանությունից 16 տարի անց՝ այս տարվա մայիսի 26-ին, ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Բաքուն խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին։

ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դիրքորոշում այս մասով կհայտնի պաշտոնապես տեղեկանալուց և հիմքերին ծանոթանալուց հետո: «Վճիռը մեծ հարված էր Ադրբեջանին, այն առաջին դատական ակտն է, որը պաշտոնապես հաստանում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, որն ունի բարձր հովանավորություն պետության կողմից», - ասաց փաստաբանը:

Հայկական կողմը ևս բողոքարկել է վճիռը Մեծ պալատին

Միևնույն ժամանակ հայկական կողմը ևս բողոքարկել է վճիռը Մեծ պալատին։ Թեպետ ընդհանուր առմամբ վճիռը, փաստաբանի խոսքով, հաղթանակ էր Հայաստանի համար, սակայն կան որոշ նրբություններ։ 2004 թվականին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ` գիշերը կացնահարված Գուրգեն Մարգարյանի սպանությունը և նույն դասընթացին մասնակցող սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը Եվրոպական դատարանը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետևության վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր անձի կարգավիճակով: Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Սաֆարովին հայրենիք արտահանձնած Հունգարիային: Հայկական կողմը մինչդեռ վստահ է՝ բավարար հիմքեր են ներկայացվել՝ Ադրբեջան պետությանը սպանության պատասխանատու ճանաչելու համար։

«Ուստի հենց սպանության համար ևս պետք է պատասխանատվության կանչվի ոչ թե Սաֆարով անհատը, այլ ադրբեջանական պետությունը: Այս մասով Եվրոպական դատարանի մեծամասնությունը չի կիսել մեր մոտեցումները՝ այս մասով բողոքարկել վճիռը և հասնել վերջնական արդարության», - նշեց Սիրանուշ Սահակյանը:

Հունգարական դատարանը թեև ցմահ ազատազրկման էր դատապարտել մարդասպանին, սակայն հետագայում Հունգարիան նրան արտահանձնել էր Բաքվին, որտեղ Սաֆարովը ոչ միայն ազատ էր արձակվել, այլև բարձր պարգևների արժանացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Ադրբեջան արտահանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովին դիմավորել են որպես հերոսի, «Ազատության» հետ զրուցում նորից այս հանգամանքը ընդգծում է կացնահարված սպա Մարգարյանի ծառայակից, ընկեր Հայկ Մակուչյանը, ով նույնպես կարող էր դառնալ Սաֆարովի զոհը, եթե հունգարացի ոստիկանները ժամանակին դեպքի վայր չհասնեին:

«Վճարելով նրա դատապարտված տարիների աշխատավարձը, կոչում շնորհելով այս ամբողջ տարիների համար, բնակարան նվիրելով՝ պետությունը վերցնում է իր վրա ամբողջ պատասխանատվությունը, եթե պարզապես նա սպա լիներ ու գար և չարժանանար նման պատվի, միգուցե ճիշտ լիներ տեսակետը, որ նա պարզապես մասնավոր անձ էր սպայի և պետությունը պատասխանատվություն չի կրում: Բայց այս պարագայում պետությունը հաստատում է, որ ինքը համաձայն է նրա գործողությունների հետ: Դրա համար ես կարծում եմ, որ Ադրբեջանն ամբողջական պատասխանատվություն է կրում սպանության համար», - ասաց Մակուչյանը:

ՄԻԵԴ-ը որոշել էր նաև, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին՝ Մարգարյանի ծառայակից Մակուչյանին և մորեղբայր Մինասյանին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար: Դիմումատուները գումարային փոխհատուցում չեն պահանջել, իսկ նշված գումարը դատական ծախսերն են՝ հայ ու բրիտանացի փաստաբանների վճարը:

«Հայերի կյանքը փողով գնել, այստեղ տեղին չէր լինի որևէ նյութական բան պահանջել: Արարքներ կան, որոնց հետևանքները փողով վերացնել հնարավոր չէ», - ասաց Մակուչյանը:

Փաստաբան Սիրանուշ Սահակյանն ընդգծում է՝ սկզբունքային է, որ Մեծ պալատը հաստատի հակահայկականության, խտրականության փաստերը։ Եթե երկու կողմի բողոքները վարույթ ընդունվեն, լրիվ նոր դատավարություն, նոր վճիռ կլինի: Վարույթ չընդունելու դեպքում, գործը սովորական ճանապարհով կանցնի Եվրախորհրդի նախարարների կոմիտե:

«Ազատության» հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կարող է Նախարարների կոմիտեն ստիպել Ադրբեջանին ուղարկել Սաֆարովին հետ բանտ, փաստաբանը պատասխանեց. «Այո, նման ակնկալիքներ կան: Նախարարների կոմիտեն վերահսկում է վճռի պահանջների կատարումը»:

Պահանջները չկատարելու դեպքում, ըստ փաստաբանի, երկրի նկատմամբ սանկցիա կկիրառվի։ Սահակյանի խոսքով՝ ադրբեջանական լոբբիստական ջանքերն արդեն իսկ գործի են դրվել, վերջին ամիսներին նրանց թեզերը հայտնվում են ակադեմիական հեղինակավոր ամսագրերում։ Այս ամենը հաշվի առնելով՝ հայկական կողմը փորձում է տակտիկական քայլերի դիմել։ «Վճիռն անբեկանելի է, և այլ մոտեցումներ չեն կարող իրացվել», - նշեց Սահակյանը:

Թերևս դեռ երկու ամիս կպահանջվի այս գործընթացի շարունակության համար։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը վստահ է, որ անկախ հետագա ընթացքից ՄԻԵԴ-ի արդեն իսկ կայացրած վճիռը կարող է օգտագործել նաև ստրասբուրգյան դատարան ուղարկված Հայաստանի մյուս գործերով՝ այդ թվում նաև նրանց, որոնք կապված են 2016-ի ապրիլյան պատերազմի հետ։

«Հետագայում այս վճիռներով հաստատված փաստերը աջակցում են այլ գործերով հակահայկականությունը հիմնավորելիս», - ասաց փաստաբանը:

Հարցի բարոյական կողմի մասին էլ բարձրաձայնում է կացնահարված Մարգարյանի ծառայակից Հայկ Մակուչյանը. «Ես այդքան շատ իդեալիստ չեմ, որ նոր հանցագործներ չեն ծնվի կամ նրանց մտադրությունները կփոխվեն, բայց սա կարող է լինել զսպաշապիկ պետական գործողությունների համար»:

XS
SM
MD
LG