Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Եվրոպական դատարանը վստահ արձանագրեց Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության փաստը


ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան, 26-ը մայիսի, 2020թ.
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան, 26-ը մայիսի, 2020թ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր առավոտյան կայացրած վճռով որոշել է, որ Ադրբեջանը խախտել է իր զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքն ու դրսևորել է խտրականություն։

«Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակած վճռում ասվում է, որ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։

Ըստ ՄԻԵԴ-ի, Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի պատիժը չկատարելու համար որևէ հիմնավորում չի եղել, դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատելով հայ սպային Հունգարիայում սպանած և արտահանձնված Ռամիլ Սաֆարովին:

Սպանված Մարգարյանի ու նրա ծառայակցի ներկայացուցիչներն Ադրբեջանից ու Հունգարիայից դրամական փոխհատուցում չեն պահանջել, այլ միայն` արդարադատության իրականացում։ Դատարանը որոշել է, որ Ադրբեջանը դիմումատուներին պետք է 15 հազար143 բրիտանական ֆունտ ստեռլինգ վճարի դատական ծախսերի համար։

16 տարի առաջ՝ 2004-ին Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ գիշերը կացնահարել էր քնած Գուրգեն Մարգարյանին, ինչպես նաև փորձել էր սպանել դասընթացներին մասնակցող մյուս հայ զինվորականին։

Սաֆարովը Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտվեց, սակայն 2012-ին Հունգարիան նրան արտահանձնեց Ադրբեջան: Այնտեղ ժամանելուն պես Սաֆարովը Ադրբեջանի նախագահ Իլհան Ալիևի կողմից ազատ արձակվեց, հերոսացվեց, արժանացավ բնակարանի, զինվորական կոչման և դրամական խրախուսման։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ադրբեջանի դեմ կայացված վճիռը շատ կարևոր է համարում. – «Եվրոպական դատարանի կողմից թերևս առաջին անգամ վստահ արձանագրվեց Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության և էթնիկ հայի նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստը»:

«Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործը վերաբերում է նաև Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելուն: Դատարանը գտել է, որ Ադրբեջանը հստակ հավանություն է տվել Սաֆարովի գործողություններին, այդուհանդերձ, Ադրբեջանը չի կարող պատասխանատվություն կրել միջազգային օրենքի խստագույն չափանիշների համաձայն, որով պահանջվում է, որ պետությունը «ճանաչի» այդ գործողությունները «իբրև իր գործողություններ»։

Սաֆարովի գործողությունները, ըստ Եվրոպական դատարանի, մասնավոր որոշման հետևանք են, աղակակող բռնարարքները հեռու են եղել ադրբեջանցի զինծառայողի պաշտոնական կարգավիճակից: ՄԻԵԴ-ը չի կարողացել տեսել, թե ինչպես կարող էին Սաֆարովի հրամանատարները կանխատեսել վերջինիս գործողությունները, կամ ինչպես կարող է Ադրբեջանը պատսխանատու լինել դրանց համար պարզապես այն պատճառով,որ նա այդ երկրի պետական ծառայող է։

Փաստաբան Նազելի Վարդանյանը, ով դեռ 16 տարի առաջ էր միջազգային ատյաններում պաշտպանում Մարգարյանի իրավահաջորդի շահերը, ընդգծում է, որ դատարանը Հունգարիայի կողմից խախտում չի գտել: Այսինքն` ըստ դատարանի, բավարար ապացույցներ չկան այն մասին, որ այդ երկրում իմացել են, որ Սաֆարովին արտահանձնելուց հետո նա Ադրբեջանում չի կրելու հունգարական դատարանի սահմանած ցմահ ազատազրկման պատիժը։

«Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև բավականին երկար պրոցես է գնացել, և ժամանակին Սաֆարովը դիմել էր արտահանձման, և մերժել էին: Եվ դրա հետ կապված բավականին հիմքեր կար, որ իրոք դիմել և մերժվել է: Մերժման մեջ նշված էր, որ ինքը հերոսացվել է իր երկրում, և հավականությունը շատ է, որ ինքը ազատ կարձակվի: Դրա համար էին մերժել», - ասաց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի առնչվող վճռին, ապա այն շատ խիստ է , ասում է Վարդանյանը ընդգծելով, որ ՄԻԵԴ վճիռներն ի կատար են ածվում Եվրախորհրդի նախարարների կոմիտեի կողմից, որը որոշում է, թե ինչ կարգով է կատարվելու այս կամ այն վճիռը:

Փաստաբանի խոսքով, դեռ երկար գործընթաց կա դեռ երկար գործընթաց կա. – «Հաջորդ փուլը կլինի, որ Նախարարների կոմիտեն կորոշի, թե այդ իրավունքի խախտումների արդյունքում պատիժը որտեղ պետք է կրի Սաֆարովը` Ադրբեջանում, թե այլ երկրում»:

Չնայած որ ՄԻԵԴ վճիռն ընդհանուր առմամբ դրական է հայկական կողմի համար, այդուհանդերձ Նազելի Վարդանյանը չի բացառում, որ կքննարկեն ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու հարցը. կան դրույթեր, որոնց շուրջ դեռ պետք է մտածեն:

XS
SM
MD
LG