Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ. Պատել
«ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ», - ամենօրյա ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Դա խաթարում է Խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ և բաց տեղաշարժ և առևտուր», - Վեդանտ Պատելը այս մասին ասել է, պատասխանելով Վաշինգտոնում «Թուրան»-ի հարցին, վերջինս հիշեցնելով, որ անցած շաբաթվա ընթացքում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները բանակցություններ են վարել Բաքվում և Երևանում, հարցրել է՝ փաստորեն բանակցությունները հաջողություն չե՞ն ունեցել, քանի որ դրանցից անմիջապես հետո Ադրբեջանը անցակետ տեղադրեց, Վաշինգտոնն էլ խորը մտահոգություն հայտնեց։
Վեդանտ Պատելը բանակցությունների անհաջողության կամ արդյունքների մասին ոչինչ չի ասել, հավաստիացնելով, որ ԱՄՆ-ը ներգրավված է մնում խաղաղ գործընթացում։ Նա նշել է, որ Հարավային Կովկասում այդ հարցին անձամբ պետքարտուղարը մեծ նշանակություն է տալիս։
«Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը, մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում», - ասել է Պետդեպի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրումԼաչինի միջանցքի իրավիճակի կապակցությամբ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է և այստեղ այլ իմաստներ բերելը չի նպաստի գործընթացին»
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն ասել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է և այստեղ այլ իմաստներ բերելը չի նպաստի գործընթացին»։ Նրա խոսքերով՝ հայ բնակիչների անվտանգության և ունեցվածքի պաշտպանության Ադրբեջանի երաշխիքները համարում են խաղաղ գործընթացի հիմնական հենասյուներից մեկը։
Կանադան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ստեղծմամբ. Մելանի Ժոլի
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ, ուր նշված է, որ Կանադան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ստեղծմամբ, որը Լեռնային Ղարաբաղի միակ ցամաքային կապն է արտաքին աշխարհի հետ։
Այդ գործողությունը ակնհայտորեն խաթարում է խաղաղ գործընթացն ու կայունությանը ամբողջ տարածաշրջանում:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է բաց մնա և անարգել՝ ապահովելու մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը», - նշել է ԱԳ նախարարը։
Կանադան երկու կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով հետագա սրացումից կամ թշնամանքից, հայտարարել է Մելանի Ժոլին։
Կատրին Կոլոնան սկսում է իր տարածաշրջանային այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան
Իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան այսօր սկսում է իր տարածաշրջանային այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։ Այցի օրակարգի մասին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտնել է, որ նախարարը կվերահաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար, կայուն, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության բանակցություններին աջակցելու պաշտոնական Փարիզի հանձնառությունը: Նա նաև կոչ կանի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու դրսի մտահոգիչ արձագանքներին Բաքուն պատասխանում է, որ սեփական տարածքում անցակետ տեղադրելու որոշումը Ադրբեջանի օրինական իրավունքն է։
Սակայն, ըստ 2020-ի նոյեմբերին ստորագրված Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և այնտեղ անցակետ տեղադրելու հնարավորության մասին որևէ բառ անգամ չկա։