Ռուսաստանը ստիպված է հիմա զիջումներ կատարել Թուրքիային և Ադրբեջանին, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
«Ազատություն». - Ինչո՞ւ բանը հասավ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն՝ ի հեճուկս եռակողմ հայտարարության և նաև միջազգային դատարանի որոշման, որ այդ, այսպես կոչված, բնապահպանական ակցիայի առիթով էր դեռ ասվել, որ պիտի բացվի ճանապարհը:
Խաչիկյան. - Դե որովհետև, ցավոք սրտի, պետությունների վարքը չի որոշվում միջազգային նորմերով կամ միջազգային ատյանների որոշումներում, ինչպես մենք երկար փորձում էինք բացատրել, այնտեղ պետք է հետևել ուժերի բաշխմանը՝ ինչպես է բխում ուժերի բաշխումը: Հիմա ադրբեջանցիները երկար ժամանակ ուզում էին սա անել, դա տրամաբանական է, կտրել կապը Ղարաբաղի հետ և Ղարաբաղը խեղդել, Արցախը խեղդել, արցախցիներին ստիպել դուրս գալ կամ սկսել համայնք առ համայնք հայաթափել, դա էլ է հնարավոր: Նրանք տեսնում են, որ Ռուսաստանը գնալով ընդգրկվում է պատերազմի մեջ: Կարծեմ սկսվել է հարձակումը ուկրաինական բանակի, ըստ որոշ աղբյուրների, Դնեպր գետն անցել են արդեն, ռուսները դա ժխտում են: Նրանք տեսել են, որ Ռուսաստանը զբաղված է, գնալով ավելի ծանրանում է վիճակն այնտեղ, և ադրբեջանական նախկին պաշտոնյաներից մեկն ասաց, որ Ռուսաստանը չի կարող հիմա խառնվել, քանի որ թուլացած է, իր ազդեցությունը ավելի թույլ է, և նրանք այս հնարավորությունը օգտագործում են, որ հարցը վերջնական լուծեն: Ձեր ուշադրությունը կհրավիրեմ նրան, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը ներկայացրեց նոր պայմաններ, նրանք խոսում են հիմա փոխհատուցման մասին, հաջորդ էտապը լինելու է Սյունիքը: Փոխհատուցում՝ ինչ-որ գյուղեր պետք է մենք զիջենք: Այսինքն՝ նրանք գնալով ավելի ագրեսիվ են դառնում, հետաքրքիրն այն է, որ մենք ավելի զիջողական ենք մեզ պահում, զիջում ենք, խոսում ենք խաղաղության մասին, դա որևէ ազդեցություն իրենց վրա չի թողնում, նրանք ավելի ագրեսիվ են դառնում, քանի որ տեսնում են մեր թուլությունը:
«Ազատություն». - Չկա՞ որևէ կենտրոն, որը կանգնեցնելու է Ալիևին:
Խաչիկյան. - Եկեք նայենք փաստերով. Արևմուտքից մենք լսեցինք հայտարարություններ, որոնք շատ ճիշտ էին, տեղին էին, մենք շնորհակալ ենք, բայց ռեալ գործողություն, օրինակ, սանկցիաներ կիրառել, որը միանգամից Ադրբեջանի գրպանին կխփեր, նրանք դա չեն անում: Իսկ վերջերս՝ մի քանի շաբաթ առաջ Պետդեպն ասաց, որ մեր շահերն Ադրբեջանում են, և մենք պետք է օգնենք Ադրբեջանին Իրանի դեմ, փաստորեն, ռազմական օգնության մասին է խոսքը գնում: Եթե Արևմուտքը ցանկանար ինչ-որ գործնական բան աներ, նրանք կխոսեին սանկցիաների մասին, և Միացյալ Նահանգներում կխոսվեր այդ ռազմական օգնությունը կասեցնելու մասին, բայց այդպիսի բան չեղավ: Ֆրանսիան ևս գեղեցիկ հայտարարություն արեց, որի համար շատ շնորհակալ ենք, բայց, ցավոք սրտի, Եվրոպան էլ որևէ սանկցիաներ չի կիրառելու, նրանք չասացին այդպիսի բան, իսկ Ադրբեջանը, փաստորեն, արհամարհեց Ֆրանսիայի հայտարարությունը և ասաց, որ՝ սա մեր տարածքն է, և ստացվում է այնպես, որ մենք էլ ենք դա ընդունել, որ դա իրենց տարածքն է: Այսինքն՝ մենք հիմա ի՞նչ փաստարկ ունենք մեր ձեռքում, մենք ունեինք նոյեմբերի 9-ի պայմանագիր, որ կասեին՝ դե գոնե պայմանագիր կա, բայց հիմա փաստորեն այդ պայմանագիրն էլ է խախտվել, այսինքն, այդ պայմանագիրն էլ կամաց-կամաց ի հեճուկս է դառնում, շատ շուտով ուրիշ գործողություններ կարող ենք տեսնել:
«Ազատություն». - Դուք Ռուսաստանի մասով մեկնաբանեցիք, բայց եթե ձեր ասածի տրամաբանությամբ գնանք, նրանք ընդհանրապես մի օր կարող է մոտ ապագայում թողնեն հեռանան Արցախից. ուկրաինական ճակատում գործերը լավ չեն, Արևմուտքը Մոսկվայի նկատմամաբ ճնշումը չի նվազեցնում և ստիպված են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պահպանել հարաբերությունները:
Խաչիկյան. - Իհարկե, ես դա շատ երկար ժամանակ ասել եմ: Մենք պետք է թողնենք Ռուսաստան ընդդեմ Արևմուտքի այդ խաղը, մենք դա շատ ենք սիրում, մեր մոտ մի ճամբար կա, որ անընդհատ Ռուսաստանն է գովում, մյուս ճամբարն էլ անընդհատ հեքիաթներ է պատմում Արևմուտքի մասին, դա պետք է ավարտվի: Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ պետք է ուղղակի լուրջ հաշվարկենք, այո, կարող է այնպիսի իրավիճակ լինի Ուկրաինայում, որ Ռուսաստանն ընդհանրապես անտեսի մեր ռեգիոնը, և, այո, Ռուսաստանը ստիպված է հիմա զիջումներ կատարել Թուրքիային և Ադրբեջանին, անգամ եթե տեսնում է, որ Ադրբեջանը գնում է դեպի ՆԱՏՕ, այսինքն, դա երկրորդ փոքր Ուկրաինա է լինելու հարավից Ռուսաստանի համար: Նրանք մի օր կարող է գա, որ չցանկանան կամ չկարողանան այստեղ ինչ-որ բան անել, դրա համար պետք է ճիշտ քաղաքականություն վարել և գոնե Արևմուտքից ինչ-որ բան ստանալ կամ Իրանից ինչ-որ բան ստանալ, պետք է ուղղակի մտածել՝ կշռադատված, սթափ, տեսնել, թե մենք ինչ ենք անում, ինչ ծրագիր ունենք, իսկ ես չգիտեմ, թե մենք ինչ ծրագիր ունենք:
«Ազատություն». - Դավադրապաշտությա՞ն ժանրից է, որ ոչ միայն ռուսների թողտվությամբ, այլև փոխգործակցությամբ է այս ճնշումը բանեցվում Հայաստանի վրա:
Խաչիկյան. - Ես սիրում եմ փաստերով, եթե փաստեր կան, թող ներկայացնեն:
«Ազատություն». - Նրանց աչքի առաջ անցակետ են դնում, չեն միջամտում, ավելի խոսուն փաստ էլ ի՞նչ բերեն:
Խաչիկյան. - Ռուսաստանը հայտարարություն արեց, դատապարտեց այդ գործողությունը, ասաց, որ դա միակողմանի գործողություն է, այսօր խոսակցություն եղավ մեր ղեկավարի հետ, որ դա անթույլատրելի է, այսինքն, այդ հայտարարությունը արվում է: Մենք պետք է սովորենք մտածել, կարող է Ռուսաստանն է արել, կարող է Արևմուտքն է արել, կարող է Պակիստանն է արել, այդպես չի կարելի, եթե փաստեր կան, թող ներկայացնեն, որ այդ հարցերով մենք զբաղվենք, բայց դրա մասին մտածելու տեղը եկեք մտածենք՝ մենք ինչ քաղաքականություն ենք վարելու, մեր անընդհատ զիջելը և թուլության դիրքից խոսալը բերում է ավելի ագրեսիվ գործողությունների, տեսնում ենք, որ նրանք չեն զիջում: