Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում


Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, հաղորդում են Ստեփանակերտից։ Բաքվից էլ տեղեկացնում են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին, ըստ հաղորդագրության, տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությունը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։

«Այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է»,-այսօր հրատապ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Քննարկման մասնակիցները որոշել են դիմել եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

«Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»,- նշել է Հարությունյանը։

Ըստ ականատեսների ու արբանյակային լուսանկարների՝ ադրբեջանցիները փորձում են նոր անցակետը տեղադրել Լաչինի միջանցքի սկզբում գտնվող ռուս խաղաղապահների անցակետից քիչ հեռու, այդ տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց նաև Սյունիքի տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը շտապել է դեպքի վայր։

Փաստացի, Բաքվի վերջին այդ քայլի հետևանքով Ղարաբաղի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։

«Այս պահին ադրբեջանցիներն ու ռուս խաղաղապահները բանակցում են հենց այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձում են անցակետ տեղադրել»,- ասաց Տեղ համայնքի ղեկավարը:

Նրան այսօր ռուս խաղաղապահները թույլ չեն տվել կամրջից առաջ գնալ ու հասնել դեպքի վայր՝ հեռվից են հետևել զարգացումներին։ Ասաց՝ ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները բանակցում են։ Անցակետ կտեղադրեն, թե ոչ, դեռ հայտնի չէ, աշխատանքներ են կատարվում։

«Հենց այդ նույն հատվածում են ուզում դնել, որտեղ ռուսների անցակետն է, հենց կամրջի մոտից չեն թողնում, որ հայ պատվիրակությունից, ժողովրդից ոչ մեկը մոտենա։ Դրանից այն կողմ հիմա իրենք բանակցում են։ Հենց նոր կամրջի վրա է կատարվում այդ ամենը, 11-12-ից հետո Արցախ տանող ճանապարհը փակվել է: Շրջափակվել են Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերը։ Մարդիկ այնպիսի պայմաններում են հայտնվել, ինչպես Արցախի ժողովուրդը», - ասաց նա։

Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, հայտարարում է, թե այլևս ավարտել է անցակետի տեղադրումը: Ադրբեջանական կողմն այս քայլը բացատրում է ճանապարհը վերահսկելու անհրաժեշտությամբ: Մինչ այդ, երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե իբր Շուշիի շրջանում ադրբեջանցի զինվորներ են տուժել հայկական կողմի տեղադրած ականների հետևանքով: Հայկական կողմը հերյուրանք էր որակել այդ տեղեկությունը:

Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատությանն» ասաց՝ եթե ադրբեջանցիներին հաջողվի անցակետ տեղադրել, ապա նրանք կկարողանան վերահսկել նաև Կարմիր խաչի մեքենաները։

«Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են անցնում, այսպիսով՝ ադրբեջանցիները կկարողանան ստուգել Արցախ մտնող յուրաքանչյուր բեռ։ Այսինքն՝ այն, ինչը ոչ բացահայտ էին անում ու բացում մեքենաները, հիմա, ըստ ադրբեջանցիների, օրինականացրել են այդ գործընթացը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ է արձագանքել Ադրբեջանի այսօրվա գործողություններին, անցակետ տեղադրելու քայլը որակել ապօրինի, կոչ արել Ռուսաստանին կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց։

«Իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ», - նշված է հայտարարության մեջ։

Խորհրդարանից անցակետի տեղադրմանն անդրադարձել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը`անցակետ է տեղադրում Հայաստանն Արցախին կապող կարևոր հանգույցում: Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ից Արցախ ու հակառակը երթևեկությունը վերցնել իր վերահսկողության տակ համապատասխան ստուգումներով և ռեժիմով։ Արցախի գործընթացը մտնում է առավել ծանր փուլ` անկանխատեսելի հետևանքներով, զգուշացնում է ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG