Թուրքիայից բեռնատար օդանավեր չեն ժամանել Հայաստան՝ չնայած արգելքի պաշտոնապես վերացմանը

Անցյալ տարվա հուլիսին պայմանավորվել էին հայ ու թուրք բանագնացները, իսկ այս տարվա հունվարին Անկարան պաշտոնապես տեղեկացրել էր Երևանին՝ վերացնում է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ։

«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ գտնվող Արևմտյան մաքսատանը, սակայն, մեզ հայտնեցին, որ ո՛չ հունվարից հետո, ո՛չ դրանից առաջ Թուրքիայից բեռնատար օդանավեր չեն ժամանել։ Արգելք հայկական կողմից, սակայն, չկա, բացատրում է Արևմտյան մաքսատան ղեկավար Գարիկ Մինասյանը։

«Այս պահին որևէ ծագման երկրի մասով ներմուծման արգելք չունենք: Նախկինում ունեցել ենք թուրքական ապրանքների մասով ներմուծման արգել, բայց այս պահին չունենք: Իրականացնում ենք մաքսային հսկողություն մեր համապատասխան գործիքակազմով», - ընդգծեց Մինասյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական կողմը տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է. ԱԳՆ խոսնակ

Թուրքիայից փոքր բեռներ Հայաստան օդային ճանապարհով գալիս են միայն ուղևորատար ինքնաթիռներով, ոչ մեծ պայուսակներ ճամփորդողների հետ, բեռնափոխադրման այս տարբերակը մատչելի չէ, շատերը չեն օգտվում։

Հայաստան ժամանելուց հետո բեռների համար լրացվում են հայտարարագրեր, որտեղ նշվում է և՛ տվյալ բեռի ուղարկող, և՛ ծագման երկիրը։ Այսպես՝ եթե թուրքական ապրանք է մտնում Հայաստան Վրաստանից, ապա ուղարկող երկիրը Վրաստանն է, ծագման երկիրը՝ Թուրքիան։ Թուրքական բեռների դեպքում հիմնականում հենց այսպես է լինում։

«Ապրանքների հայտարարագրերը ներկայացնելուց սահմանված է՝ որ կետում, որ դաշտում ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ լրացնել: Տեղեկատվությունը սկսվում է ուղարկող երկրից, ստացող երկիր և կոնկրետ կազմակերպությունը», - ներկայացրեց գլխավոր մաքսային տեսուչ Վազգեն Ասատրյանը:

Հայաստանը թուրքական բեռների ներմուծման արգելք սահմանել էր միայն 2020-ի պատերազմին հաջորդած 6 ամիսների ընթացքում, արգելքն ավելի ուշ վերացվել է։ Թուրքական խանութներում ևս կան հայկական որոշ ապրանքներ, սակայն դրանք այդ երկիր են մտնում 3-րդ երկրի միջոցով։ Թուրքիան չի վերացրել Հայաստանի հետ ուղիղ առևտրով զբաղվելու արգելքը, վստահեցնում են Ստամբուլում բիզնեսով զբաղվող անձինք։

«Մաքսային սահմանը պետք է փակ չլինի, ցամաքային սահմանը կարող է փակ լինի, բայց մաքսային սահմանը երբ որ բացվի, մենք ազատ կարանք աշխատենք, ի՞նչ կապ ունի տրանզիտով: Ամերիկան ու Եվրոպան անմիջական սահման չունեն Հայաստանի հետ, բայց աշխատում ենք: Դա շատ կարևոր նյուանս է, եթե այսօր օդայինով բեռանփոխադրումները սկսեն ձևակերպել Թուրքիա-Հայաստան բեռնափոխադրվող ապրանք հաշվագրել, մենք 100 տոկոսով շահում ենք, որովհետև, փաստորեն, մեր համար մաքսային սահմանը Թուրքիայի հետ բացվում է», - ասաց Ստամբուլում և Երևանում աշխատող գործարար Գագիկ Մուշեղյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների հնարավորությունը

Նրա խոսքով՝ Թուրքիան մաքսային սահմաններին չի արել անհրաժեշտ քայլերը ուղիղ բեռնափոխադրումները հնարավոր դարձելու համար, ինքը պարբերաբար անձամբ է հետաքրքրվում և պատրաստվում է բեռներ փոխադրել, երբ լինի հնարավորություն: Մուշեղյանը վստահ է՝ սահմանները բացվելուց հետո Հայաստանի համար Թուրքիան նոր շուկա կարող է դառնալ։

«Այդ ֆակտուրա կոչեցյալը չի լինում ձևակերպել րել, չենք կարում Հայաստանից գրել Թուրքիա: Հայաստանից կարողանում ենք գրել Թուրքիա, Հայաստանում փակ չի, բայց Թուրքիան չի ընդունում դա, իսկ Թուրքիան չի կարողանում գրել Թուրքիա-Հայաստան, դա փակ է», - ասաց գործարարը:

Հայաստանում, սակայն, մտահոգություններ կան, որ թուրքական ապրանքի ներմուծումը կարող է վնասել տեղական արտադրողին, Մուշեղյանի կարծիքով, թուրքական ապրանքն արդեն հայկական շուկայում է, իսկ մաքսային սահմանների բացման դեպքում նույն բեռները կգան Հայաստան ուղիղ ու կլինեն ավելի հեշտ վերահսկելի։

«Լոլիկը ոչ թե կգա վրացական կամ չգիտեմ ինչ պիտակներով կներմուծվի Հայաստան, այլ թուրքականը թուրքականի համար համապատասխան մաքսային վճար կլինի, այնպես կանեն, որ մեր արտադրողներին չեն վնասի, նույնը հագուստը, ամեն ինչը: Մաքսային կառույցները դրա համար են: Մաքսայինին որ վճարում ենք, մենք օդից չենք վճարում, մենք մեր արտադրողի շահերը պաշտպանելու համար ենք էդ վճարումները անում», - ընդգծեց Գագիկ Մուշեղյանը:

84 միլիոնանոց Թուրքիայի շուկայում սպառվում են կենտրոնական ու արևելաեվրոպական մի շարք երկրների արտադրանք, որոնք որակապես ավելի լավը չեն քան Հայաստանի արտադարանքն է, հետևաբար այդ շուկան պետք է հետաքրքրի հայ գործարարին, պնդում է Մուշեղյանը։

«Մեր մուրաբաներ շատ հարգի են, մեր պահածոները շատ հարգի են, երշիկեղենը շատ հարգի են, ամեն ինչը կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը: Մեր համար նոր շուկա կլինի, խելոք լինենք, մենք կարողանանք շուկա մտնել, շուկան զավթենք, ոչ թե թույլ տանք ինչ-որ մեկը մտնի մեր շուկան ավերի», - նշեց գործարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Անկարան համաձայնել են սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ հոգալ ենթակառուցվածքների մասին

Մինչ այդ Անկարան չի կատարում հնչեցրած խոստումները ո՛չ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման, ո՛չ 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանները բացելու առումով։ Չնայած սրան անցած շաբաթ Անկարայից նոր վերադարձած Հայասանի արտգրոծնախարարը հայտարարեց՝ որոշում կա արագացնել Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացը։

Անկարայում Միրզոյանն ու Չավուշօղլուն քննարկել էին հայ-թուրքական կարգավորման գործընթացը, խոսել Անիի կամրջի վերականգնման հնարավորությունից, Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, հայ-թուրքական կարգավորման գործընթացից չէր զատել հայ-ադրբեջանական կարգավորումը։