Մատչելիության հղումներ

«Այլ երկրները չեն կարող պայմաններ թելադրել հայ -թուրքական կարգավորման գործընթացում». Քըլըչ


Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլում որոշակի խնդիրներ կան, Ermenihaber-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը՝ «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․ Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։

Առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, ընդգծել է բանագնացը՝ նկատելով՝ վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել և խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարել։

«Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել», - ասել է թուրք բանագնացը։

Ընդգծելով, որ կարգավորման գործըթնացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում՝ Սերդար Քըլըչը շեշտել է, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու:

Եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին, ըստ թուրք բանագնացի, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է։

«Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք, մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային: Դրանք բացվելու պարագայում, Ալիջան սահմանային անցակետի առջև Երևանն է գտնվում: Երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց էլ Գյումրին է գտնվում... Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում, եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ», - նշել է Քըլըչը։

Անդրադառնալով խոսակցություններին, թե Թուրքիան և Հայաստանն իրականում եռակողմ բանակցություններ են վարում, որովհետև Ադրբեջանն էլ է մաս կազմում այդ գործընթացին, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ասել է՝ իհարկե Ադրբեջանն էլ կա, Հայաստանի հետ երկխոսություն ունեցող որոշ երկրներ էլ կան, սակայն դրանք ֆիզիկապես այս գործընթացի մեջ չկան, և չեն կարող պայմաններ թելադրել այս գործընթացում:

«Այս գործընթացը բացառապես երկկողմանի մակարդակում տարվող գործընթաց է: Բացառապես իմ և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի միջև է տեղի ունենում: Իր հետ նաև որպես բարեկամ էլ լավ հարաբերություններ ունենք», - եզրափակել է Քըլըչ՝ հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած տարբեր մակարդակի հանդիպումների դրական մթնոլորտը։

Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այժմ ամենամեծ ձեռքբերումն օդային հաղորդակցության վերականգնումն է, և համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջև, օդային բեռնափոխադրումներ սկսել, սակայն այդ պայմանավորվածությունը իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել։ Կողմերը չեն խոսում նաև ժամկետների մասին։

Հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը անցյալ տարվա հունվարին էր, մեկ տարվա բանակցությունների միակ շոշափելի արդյունքն առայժմ Երևան-Ստամբուլ չվերթների վերագործարկումն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG