Ադրբեջանի իշխանությունը դեռ 25 տարի առաջ` հայր Ալիևի օրոք է վաճառել Դրմբոնի՝ Ղըզըլբուլաղի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը Միացյալ Նահանգներում` Դելավերում գրանցված մի ընկերության:
Հեյդար Ալիևի պաշտոնական կայքն այն ժամանակ մեծ հանդիսավորությամբ հաղորդել էր`«1997 օգոստոսի 20-ին նախագահական պալատում պետական "Азергызыл" և ամերիկյան "R.V. Investment Group Services” ընկերությունները պայմանագիր ստորագրեցին՝ Ադրբեջանի վեց հանքավայրերում ոսկու, արծաթի ու պղնձի համատեղ արդյունահանում սկսելու մասին»:
Դրանցից երեքը՝ Քելբաջարի Սոթքը, Զանգիլանում գտնվող Վեջնալին ու Դրմբոնի Ղըզըլբուլաղ հանքերը, այդ պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ: Պայմանագրում, որի ստորագրմանը ներկա էր եղել նաև այդ ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, նշվում էր՝ «օկուպացված այդ տարածքները կազատագրվեն», չհստակեցնելով՝ երբ և ինչպես:
Ու թեև հեռանկարն ավելի քան անորոշ էր, բայց դա չէր խանգարել ամերիկյան ընկերությանը գործարք կնքել ու 500 միլիոն դոլարի ներդրումներ խոստանալ:
Ովքեր էին գնացել այդ ռիսկին
Ընկերությունը, որի կառավարումը 2000-ականներից հանձնվել է Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին, ղեկավարում է 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին։ Նա ամենախոշոր սեփականատերն է՝ բաժնետոմսերի մոտ 30 տոկոսով, և անձամբ է համաձայնեցրել գործարքի պայմանները Հեյդար Ալիևի հետ:
«Գործարքը կնքելիս՝ 1997-ին, ես պնդում էի, որ պայմանագրում ներառենք նաև այդ երեք հանքերը: Բոլորն ասում էին՝ դա օկուպացված տարածք է, ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի, մինչդեռ ես մշտապես հավատում էի ու բոլորին ասում էի՝ մեր պայմանագիրը 20,30 տարով է, մինչ այդ հողերը կազատագրվեն», - պատմել է Վազիրին:
Իրանում ծնված գործարարը եղել է Շահի արտաքին կապերի գծով գլխավոր խորհրդականը, Իսլամական հեղափոխությունից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, 90-ականների վերջին ներդրումներ սկսել նորանկախ Ադրբեջանում: Ազդեցիկ կապեր ունի ամերիկյան քաղաքական ու գործարար էլիտայում: Բավական է միայն նշել, որ նա նախագահում է Ադրբեջան-ԱՄՆ առևտրի պալատի տնօրենների խորհուրդը, որի պատվավոր անդամներն են ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին ու նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Վազիրին նաև համարվում է Իլհամ Ալիևի մերձավորներից մեկը:
Տարիներ առաջ ավստրալացի ու ամերիկացի հետաքննող լրագրողների տրամադրության տակ էին հայտնվել նավթարդյունահանման ոլորտի տասնյակ փաստաթղթեր ու էլեկտրոնային նամակներ, որոնցից մի մասում շրջանառվում էր նաև Վազիրիի անունը: Գաղտնազերծված այդ թղթերում նա ներկայացվում էր որպես մեկը, որ կարող է ցանկացած ժամանակ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի վարչապետի հետ, նավթի նախարարից էլ կորզել այն, ինչ պետք է:
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց յոթ շրջաններն ու այնտեղ գտնվող հանքերը, Վազիրին հայտարարեց՝ «մեր առջև նոր հորիզոններ բացվեցին»:
«Երբ Հայաստանի հետ պատերազմն ավարտվեց, Ադրբեջանի կառավարությունը մեզ փոխանցեց Վեջնալիի հանքավայրը: Ես անձամբ եմ գնացել այնտեղ, տպավորությունս դրական է, և մենք շատ մեծ հույսեր ունենք, որ այս տարվա երկրորդ կիսամյակում արդեն կսկսենք այն շահագործել», - ասում է Վազիրին:
Դիտել 3։10 րոպեից
Տասնամյակներ շարունակ այս հանքերի շահագործմանն էր սպասում նաև Ջոն Սունունուն՝ ընկերության երկրորդ խոշոր բաժնետերը: Ադրբեջանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ անելուց առաջ նա Ամերիկայում մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ եղել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, մինչ այդ էլ՝ նախագահ Բուշի աշխատակազմի ղեկավար:
Այսօր Սունունունի որդին՝ Մայքլը, Anglo-Asian Mining ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, ընկերության խոշոր բաժնետերերից է նաև Բրիտանիայում գրանցված LIMELIGHT DEVELOPMENTS LIMITED-ը։
Տնօրենների շարքում էլ կան ու եղել են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի արդյունաբերության ու էներգետիկայի նախկին նախարար Թիմ Էգգարը:
Anglo-Asian Mining-ը հաշվետվությունների ու մամուլի հաղորդագրությունների մեջ հպարտորեն նշում է՝ ընկերության տնօրենները մեծ փորձառություն ու լայն կապեր ունեն թե՛ Ադրբեջանում, թե՛ աշխարհում:
44-օրյա պատերազմից հետո ի հայտ եկան փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են այդ կապերը գործի դրվել:
Անցած տարի ամռանը բրիտանական OpenDemocracy-ն գրեց` Լոնդոնը պատերազմից առաջ և ընթացքում պարբերական կապի մեջ է եղել Anglo-Asian Mining-ի հետ, որը ակնկալում էր օգուտներ ստանալ ադրբեջանական հողերի ազատագրումից:
OpenDemocracy-ի հետաքննությունը հիմնված էր ընկերության և Բրիտանիայի դեսպանի միջև այդ օրերին փոխանակված նամակների վրա, որոնք լրագրողներին հասանելի էին դարձել Տեղեկատվության ազատության օրենքով:
Պատերազմի օրերին, մասնավորապես, Anglo-Asian Mining-ը Բրիտանիայի դեսպանին նամակ է ուղարկել՝ նկարագրելով՝ ոսկու ինչ պաշարներ կան Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում։ Այդ տարածքները բնորոշվել էին որպես «հնարավորությունների երկիր»:
Ըստ այդ նամակագրության, Ադրբեջանում ՄԹ դեսպանը հանքարդյունաբերող ընկերության հետ հանդիպել է սեպտեմբերի 7-ին՝ պատերազմից երեք շաբաթ առաջ, հոկտեմբերին՝ Զանգիլանի գրավումից հետո, ինչպես նաև հրադադարից հետո, երբ կրքերը սրվեցին Սոթքի հանքավայրի շուրջ:
Հանդիպումների մանրամասները հայտնի չեն, Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է նաև ամբողջությամբ գաղտնազերծել կողմերի միջև եղած նամակագրությունը. «որոշ հատվածներ անընթեռնելի են», - հաղորդում է OpenDemocracy-ն: Պաշտոնական Լոնդոնը պատճառաբանել է, թե նամակների բովանդակությունը կարող է վնաս հասցնել «ընկերության շահերին, Ադրբեջանի ու Հայաստանի հետ Մեծ Բրիտանիայի կապերին ու այդ երկրներում թագավորության շահերին»:
Հանքարդյունաբերող ընկերությունը ևս մանրամասներ չի հայտնել, միայն պնդել է, թե «դեսպանատունն իր սովորական դիվանագիտական պարտականություններից զատ որևէ այլ աջակցություն չի տրամադրել»: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն էլ ընդգծել է՝ «Լոնդոնը մշտապես պաշտպանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հակամարտության տևական լուծմանը նպաստելու համար»:
Պատերազմի ավարտից հետո արդեն՝ անցած տարվա հունվարին, ընկերությունը ողջունեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված հրադադարի հայտարարությունը՝ ընդգծելով՝ «ուրախ է տեղեկացնել, որ թարմացրել է օկուպացված տարածքներում ու Ղարաբաղում գտնվող երեք հանքերի շահագործման իրավունքը»:
Բրիտանական այդ ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, ի դեպ, նշվում է` «հրադադարի համաձայնագրով առաջարկվում է, որ Հայաստանը Սյունիքի շրջանից տարածք տրամադրի Ադրբեջանին`ուղիղ ճանապարհի և երկաթգծի կառուցման համար, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանի մյուս հատվածների հետ: Առաջարկվող տրանսպորտային միջանցքը մեծապես կհեշտացնի ընկերության կապն Օրդուբադում գտնվող հանքավայրի հետ»:
Ի դեպ, այս հայտարարությունից ամիսներ անց հաղորդվեց, որ Ադրբեջանի կառավարությունը նոր գործարք է կնքել Anglo-Asian Mining-ի հետ և ոչ միայն երկարաձգել ոսկու պաշարներով հարուստ հանքերից մեկի շահագործման ժամկետը, այլև նոր՝ Ղարաբաղի Կաշենի հանքավայրի շահագործման իրավունք տվել: