Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսն իր համերաշխությունն է հայտնել Լաչինի միջանցքն արգելափակող մի խումբ մարդկանց, ովքեր ադրբեջանական մամուլում ներկայացվում են որպես էկոակտիվիստներ:
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն այսօր խորհրդարանում ասել է, թե այդ ակցիան պետք էր շատ ավելի վաղ անցկացնել:
«Մենք նրանց հետ ենք, մենք նրանց սատարում ենք և մինչև վերջ կաջակցենք: Մեր երիտասարդության մասնակցությունն այդ ակցիային դրվատանքի է արժանի», - հայտարարել է պատգամավորը:
Նրա պնդմամբ՝ «հայերն այդ ճանապարհն օգտագործում են թալանի համար և բնապահպանական ահաբեկչություն են իրականացնում Ադրբեջանի տարածքում»:
«Համոզված եմ, որ պետք է ընդարձակել այդ ակցիան և ավելացնել պահանջները», - հայտարարել է Նովրուզովը:
Ըստ Trend-ի, ադրբեջանցիները ցանկանում են «մոնիտորինգ անցկացնել և պարզել հանքերի ապօրինի շահագործման հանգամանքները, սակայն ռուսաստանցի խաղաղապահները ոչ միայն չեն ստեղծել մոնիտորինգի պայմաններ, այլև միտումնավոր խափանել են այդ գործընթացը»:
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։