Լաչինի միջանցքը ապաշրջափակելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև այս պահին բանակցություններ չկան, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը՝ նշելով, որ նախ և առաջ բանակացություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, Արցախի իշխանությունները նույնպես ներգրավված են ռուս խաղաղապահների հետ այս խնդրի կարգավորման գործում։
Փոխնախարարի խոսքով՝ պաշտոնական Երևանը ստեղծված իրավիճակը ներկայացնում է միջազգային գործընկերներին և շուտով ամենաբարձր ատյաններից Հայաստանը կանդրադառնա այս խնդրին, քանի որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ոչ միայն եռակողմ հայտարարության խախտում, այլև Արցախի նկատմամբ կոլեկտիվ պատժի փորձ է կատարվում։
«Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում, շատ լուրջ խախտում, որովհետև եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է Լաչինի միջանցքի գործունեությունը: Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, փաստորեն, տեղի են ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային մարդու իրավունքի լայնածավալ խախտումներ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կոլեկտիվ պատժի փորձ, ինչը միանշանակ դատապարտվում է միջազգային բոլոր հումանիտար օրենքներով։ Զրկել մարդկանց ազատ տեղաշարժից, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների ամենօրյա մատակարարումից և զրկել ոչ թե 1-2 մարդու, այլ զրկել հավաքական իրավունքներից, դա, իրավական տեսակետից, նույնպես լրջագույն խախտում է, որը կարող է ծառայել որպես էթնիկ զտումների և ցեղասպանության վաղ ահազանգ», - ասաց Գևորգյանը:
Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, ով Ֆրանսիա այցից հետո այդպես էլ չի կարողանում Արցախ վերադառնալ և Գորիսից ստիպված Երևան է եկել, այսօր հրավիրված ասուլիսում «Ազատության» հարցին ի պատասխան հաստատեց, որ ճանապարհը բացելու շուրջ Արցախի իշխանությունները ադրբեջանական կողմի հետ քննարկումների մեջ են. - «Արցախյան կողմը իհարկե շփումների մեջ է, բնական է՝ ռուս խաղաղապահների միջոցով, այլ տարբերակ չկա։ Եվ բնական է, բոլոր համապատասխան կառույցները այնտեղ են, ներկայացուցիչների անուններ չտանք, որոնք զբաղվում են։ Բոլորը՝ երկրի ղեկավարից սկսած մինչև համապատասխան տարբեր կառույցների ներկայացուցիչները զբաղվում են հարցի հանգուցալուծմամբ»։
Արդյո՞ք Կաշենի հանքավայր այցելելուց զատ, Բաքուն այլ պահանջներ էլ է բարձրացնում։ Բաբայանը չհստակեցրեց, միայն նշեց, որ բնապահպանական պատրվակի տակ ադրբեջանցիները վաղը պահանջելու են փակել հանքը, որը Արցախի տնտեսության շարժիչ ուժերից մեկն է։
Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն արդեն երկու օր է փակ է։ Հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում իրենց բնակավայրեր հասնել։ Ինչո՞ւ ռուս խաղաղապահները միջանցքը չեն բացում, գուցե նրանք այդպիսի մանդատ չունե՞ն։
Հայաստանի փոխարտգործնախարարի համոզմամբ, խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը. - «Միանշանակ ասել, որ ռուս խաղաղապահները չեն օգտագործում իրենց մանդատը, այս պահին ժամանակավրեպ է։ Կարծում եմ, փորձեր են կատարում իրավիճակը շտկելու ուղղությամբ, բայց ես համաձայն եմ, որ այս քայլերը՝ Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը, կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և ռուս խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը»։
Արցախի արտգործնախարարի պաշտոնակատարը շեշտում է, որ առանց ռուս խաղաղապահների չկա Արցախի անվտանգություն, բայց միաժամանակ հավելում է, որ նրանք չունեն այն մանդատը, որով օժտված են եղել օրինակ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերը. - «Ռուս խաղաղապահները խաղաղապահներ են։ Նա նույն մանդատը չունի, ինչպես ունեցել է Կոսովոյում, Բոսնիայում և այլն։ Այսինքն՝ պատժիչ այդ բաղադրիչը չունի։ Ճանապարհը անցնում է Ադրբեջանի օկուպացրած տարածքով՝ լրիվությամբ։ Կան ռուս խաղաղապահներ՝ մի քանի հոգի։ Հիմա, գալիս է մի ամբոխ՝ կանանցով, երեխաներով, և ներխուժում են այդ տարածքը։ Հիմա դուք եք խաղաղապահների տեղը, ի՞նչ եք անելու։ Դրա համար ենք մենք ասում՝ մանդատը պետք է երկարաձգվի, քանակը շատանա և ստանան միջազգային հանրության կողմից համապատասխան լիազորություններ»։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ռուս խաղաղապահ ուժերի մանդատի մասին ոչինչ չի նշվում։ Տեքստում միայն ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում, ու նաև Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուս խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողներով։ Զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ, խաղաղապահ ուժերի ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը։ Արդյո՞ք բնապահպանական պատրվակի ներքո Ադրբեջանը փորձում է Արցախը շրջափակման մեջ պահել և ճնշումներ գործադրելով այլ զիջումներ կորզել։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ այդ գործողությունները ուղղորդվում են Ադրբեջանի պետական շրջանակների կողմից, բայց թե արդյոք Բաքուն Գորիս - Ստեփնակերտ ճանապարհը փակել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստանալու համար, փոխարտգործնախարարը դժվարացավ ասել։
Լաչինչի միջանցքի հարցն այսօր քննարկվել է Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդներում, իսկ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին։ Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել` Արցախի և Հայաստանի միջև անխափան ցամաքային կապի վերականգման և արցախցիների իրավունքների պաշտպանության համար։ Ռուսաստանից , որպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, արցախցիները ակնկալում են անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները։