Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ շեշտելով՝ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասն, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։
Արցախի ԱԽ-ն ընդլայնված նիստ է անցկացրել
Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն այսօր Արցախի անվտանգության խորհուրդը քննարկել է ընդլայնված նիստում և ընդգծել՝ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:
Անվտանգության խորհուրդը համապատասխան նամակով կդիմի Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Արցախի խորհրդարանն էլ այսօր արտահերթ նիստ կգումարի՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով:
Արցախի խորհրդարանի խմբակցությունները երեկ խստորեն դատապարտեցին «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները»՝ շեշտելով՝ դրանք «միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»:
«Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում»
Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են:
«Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՝ հանցագործություն մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը, Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը», - մասնավորապես, գրել է Մարուքյանը։
ՀՀ ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին
Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ փաստերը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է միջազգային իրավասու կազմակերպություններին ու դերակատարներին՝ պահանջելով դատապարտել ցեղասպանական քաղաքականության այս ակտը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների աղաղակող ու շարունակական այս խախտումները։
«Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ միակ գազատարի տևական խափանման դեպքում, այժմ էլ, աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու այդպիսիով ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը։ 120 հազարից ավելի խաղաղ ծերեր, կանայք, երեխաներ ու տղամարդիկ թակարդում են հայտնվել՝ վտանգված են նրանց կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական ու անքակտելի իրավունքները», - հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Ադրբեջանական կողմը միջանցքը փակել է երեկ առավոտյան՝ բնապահպանական պատճառաբանություններով։ Շաբաթ առավոտյան Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիների փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել։ Երկուշաբթի օրը, ի նշան բողոքի, ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը՝ պահանջելով հանդիպում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։