Մատչելիության հղումներ

Ըստ հայկական կողմի՝ երկաթուղու վերագործակման համար տեղաշարժի հույս կա, և «գումարի խնդիր էլ չկա»


Հաշվի առնելով նոյեմբերին կայացած Փաշինյան-Պուտին քննարկումները և երեկ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը՝ կարելի է հույս ունենալ, որ Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի - Հորադիզ երկաթուղու վերականգնման հարցում որոշակի տեղաշարժ կլինի, «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի Արտաքին հարաբերություների հանձնաժողովի իշխանական անդամ Սարգիս Խանդանյանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակներում Երևան ժամանած Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Երևանը «որոշակի ազդակներ է ստացել, և հնարավոր է, որ նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը, և առաջիկայում այդ ուղղությամբ մեծ ներդրում անելու անհրաժեշտություն կարող է ի հայտ գալ»։​

Երեկ էլ Ռուսաստանում երեք փոխվարչապետերի մասնակցությամբ կայացած հանդիպումից հետո Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հարցեր։

Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանն ասում է՝ երկաթուղու գործարկման հարցով նախկինում պայմանավորվածություն ձեռքբերվել է, պարզապես Ադրբեջանը հետագայում հրաժարվել է դրանք իրականացնել։ Մասնավորապես, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեռ անցած տարվա դեկտեմբերին էր հայտարարել, թե Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են հասել երկաթգծի գործարկման հարցում, սակայն քննարկումները մինչև օրս շարունակվում են։

«Ադրբեջանը շարունակաբար ապաշրջափակման կոնտեքստում իր խոստումները դրժում է և այլ տրամաբանություն է առաջ քաշում այս հարցը քննարկելիս», - ասաց պատգամավորը. «Եթե երկաթուղու հարցում կա որոշակի տրամաբանություն, և ըստ էության, կողմերը համաձայնության են գալիս, չնայած այդ համաձայնությունները և պայմանավորվածությունները Ադրբեջանի պատճառով դեռևս չեն կատարվել, ապա ավտոճանապարհների մասով Ադրբեջանն անընդհատ քաշում է միջանցքի հարցը, որը բոլորիս համար՝ Հայաստանի Հանրապետության համար չափազանց անընդունելի է, և դա չի կարող լինել հարցի լուծման ճանապարհ:

Մենք պատրաստ ենք, այո, ապաշրջափակել կոմունիկացիները տարածաշրջանում, բայց երկու երկրների սուվերենության ներոք»:

Օրերս Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը շարունակում են աշխատանքը՝ համաձայնեցնելու կոնկրետ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք թույլ կտան գործարկել երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Առայժմ ոչ ռուսական և ոչ էլ հայկական կողմը մանրամասներ չեն հայտնել այդ ծրագրերի մասին։

Ցանկացած ենթակառուցվածքային ներդրում Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի. նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց նախարարությունը դեռևս ներգրավված չէ այդ ծրագրերում, ամեն դեպքում վստահեցրեց՝ երկաթուղու վերագործակման համար «գումարի խնդիր ընդհանրապես չկա»։

«Գիտեք՝ տնտեսությունն արագ աճում է, և այդ աճի արդյունքում բյուջեի ստացած եկամուտների զգալի մասը ուղղվելու է կապիտալ ծախսերին, կապիտալ ծախսերի համար շատ մեծ հատկացումներ կարող ենք անել: Մենք միայն {երկաթուղու-խմբ.} Հայաստանի կտորի համար ենք ներդրումներ անելու, ըստ երևույթին: Տեղյակ չեմ: Էլի եմ ասում՝ դեռևս ուրվագծեր են, հենց դառնան ավելի առարկայական նախագծեր, մենք… Ցանկացած ենթակառուցվածքային ներդրում Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի», - շեշտեց նախարարը:

Խորհրդային Միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու աշխատանքների համար Հայաստանի կառավարությունը տարեսկզբին 10 հոգանոց հատուկ խումբ էր ստեղծել, որը ղեկավարում է վարչապետի խորհրդական, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը։ Վերջինս ասել էր, թե Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի, նշելով, որ այդ ծրագիրը կարող է մինչև 300 միլիոն դոլար արժենալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG