Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նիստը


Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ, Շահին Մուստաֆաև
Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ, Շահին Մուստաֆաև

Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

Ըստ Հայաստանի կառավարության՝ նիստի ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հարցեր։

«Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Հանդիպումը կազմակերպել և հյուրընկալել է ռուսական կողմը, որին «հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել»:

«Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում», - նշված է հաղորդագրությունում, որը հրապարակել են նաև ռուսական և ադրբեջանական կողմերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ հուլիսին հայտնել էին, որ արդեն մեկուկես տարի գործող եռակողմ աշխատանքային խումբը մեկ տասնյակի հասնող նիստեր է անցկացրել, ստեղծվել են երկու փորձագիտական աշխատանքային ենթախմբեր՝ երկաթուղային և ավտոտրանսպորտային փոխադրումների հարցերով։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը շարունակում են աշխատանքը՝ համաձայնեցնելու կոնկրետ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք թույլ կտան գործարկել երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Թե ինչ են ենթադրում այդ ծրագրերը, Ռուսաստանի արտգործնախարարությունը չի հստակեցրել։ Մոտ տասն օր առաջ՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Երևանը «որոշակի ազդակներ է ստացել և հնարավոր է, որ նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը և առաջիկայում այդ ուղղությամբ երկաթգծի վերականգնման ոլորտում մեծ ներդրում անելու անհրաժեշտություն կարող է ի հայտ գալ»։​

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում։​ Փաշինյանը հայտարարել է, որ այս հանդիպումից մի քանի օր անց Ալիևը հրաժարվել է պայմանավորվածությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից։

XS
SM
MD
LG