Մատչելիության հղումներ

Որևէ բնապահպանական պատճառ չկա, Ադրբեջանի նպատակը ղարաբաղցիներին հպատակեցնելն է. Սերժ Սարգսյան


Որևէ բնապահպանական պատճառ չկա, Ադրբեջանի նպատակը ղարաբաղցիներին հպատակեցնելն է, անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ պահելուն ու ամբողջ Արցախում գազամատակարարման անջատմանը, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Որևէ բնապահպանական պատճառ չկա և չի էլ կարող լինել: Ադրբեջանի նպատակը հպատակեցնելն է Ղարաբաղը և ղարաբաղցիներին, այդքան մի բան: Ես վստահ եմ, որ նրանք չեն հպատակվել», - ընդգծեց Սարգսյանը:

Ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների արձագանքը, 2018 թվականի հեղափոխության արդյունքում պաշտոնը թողած Սարգսյանի մեկնաբանությունը կարճ էր։

«Հայաստանի կառավարիչները վաղուց մոռացել են Արցախը», - պատասխանեց նա:

Արցախի իշխանությունների քայլերին երրորդ նախագահը նորմալ որակումն է տալիս, հայտարարում՝ հենց նրանցից է կախված, թե ինչպիսին կլինի դիմակայությունը:

«Ղարաբաղի իշխանությունների քայլերը գնահատում եմ մինչև այսօր նորմալ, և իրենցից է կախված, թե ինչպիսի դիմակայություն կարող է են ցուցաբերել, որովհետև ժողովուրդը պատրաստ է», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Ռուս խաղաղապահների հասցեին ուղղված քննադատությանն անդրադառնալով, Սարգսյանն այսօր ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության մեջ ինչ գրված է, այն էլ կատարում են ռուսաստանցի խաղաղապահները։ Իշխանությունից Ռուսաստանին հասցեին մեղադրանքներն անհիմն համարելով, երրորդ նախագահը՝ հակադարձում է՝ պետք չէ սեփական խնդիրները բարդել ուրիշների վրա։

Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության առջև մասնակցում էր ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիային, որի ընթացքում ելույթ ունեցան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Արցախում ստեղծված իրավիճակի համար ընդդիմադիրներն իշխանություններին են մեղադրում, ակնկալում տարածաշրջանում դերակատարություն ունեցող խաղացողների ու միջազգային կառույցների կոշտ արձագանքը։

«Այսօրով է որոշվում նար իրենց՝ մեր տարածաշրջանում ազդեցություն ունենալ-չունենալու խնդիրը, յուրաքանչյուրն այսօր պետք է իմանա, որ հայ ժողովրդի համար այս կարևոր փուլում յուրաքանչյուրը պետք է օգտագործի իր հնարավորությունները: Նրանք ունեն Ադրբեջանին զսպելու, ճնշելու և այս ամենից հետ կանգնեցնելու ճանապարհը, բոլոր մեթոդները ինձանից լավ գիտեն: Եթե վաղը-մյուս օր չեն գործելու, բնականաբար, դա իր հետ բերելու է իր ծանր հետևանքները», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենց գլխավոր նպատակից՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից չեն հրաժարվել։ Սակայն այսօրվա հավաքի նպատակը նաև արցախցիներին ցույց տալ է, որ իրենց կողքին են։

«Ես հուսով եմ, համոզված եմ, որ այս իմ խոսքը ամեն մեկի տուն կմտնի, որ կհասկանաք, որ ամեն իրավիճակից ելք կա, բայց եթե ընկածը չի ուզում կանգնի, ոչ մեկը նրան ձեռք չի տալու՝ ոչ հակառակորդը, ոչ էլ դաշնակիցը, հերիք է ռուսի գրպանը գցեք, ռուս խաղաղապահները չլինեն այսօր մի հատ հայ Արցախում չէր լինի», - ասաց Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:

Վերջում հավաքի մասնակիցները Հանրապետության գլխավոր տոնածառի մոտ մոմավառություն կազմակերպեցին։

Այսօր ցերեկն էլ Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ արցախցիներ։

Նրանք պահանջում են, որ Ռուսաստանը կատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու ապահովի արցախցիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ի նշան բողոքի՝ ցուցարարները մեքենաներ էին կայանել դեսպանատան առջև, ոստիկաններն էլ դրանք քարշակներով տեղափոխեցին տուգանային հրապարակ։

Ցուցարարները շեշտում էին, իրենց ակցիան հակառուսական չէ, քաղաքական չէ, պարզապես պայքարում են արցախցիների իրավունքների համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG