«Սուրմալու» առևտրի կենտրոնում առնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունից մեկ ամիս անց փլուզվել է կիսաքանդ դարձած շենքի մի մասը։ Ականտեսները հասցրել են նկարել։
Երեկվա փլուզման հետևանքով 3 մարդ է տուժել, նրանցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, 1-ը դեռ շարունակում է բուժումը, այսօր կառավարության նիստին հայտնեց առողջապահության նախարարը. «Մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար և այս պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու» տոնավաճառն առայժմ չի վերաբացվել. տեսչական մարմինը նոր ստուգումների է պատրաստվում«Սուրմալու»-ի այրված շենքից կանգուն մնացած սևացած ու խարխուլ պատերից մեկը երեկ փլուզվեց Երևանում բարձրացած ուժեղ քամու հետևանքով, քարերը թափվել են մոտակա խանութների ու մեքենաների վրա։
«Ուղղակի պետք ա էն ժամանակ վերացնեին, որ էսօր սա չլիներ, տակը խանութ կա, թափվել ա էդ խանութի վրա, գործող խանութ ա», - ասաց ականատեսներից մեկը:
Տուժածներից մեկն էլ Համիկ Ավագյանն է։ Նա աշխատում է շուկայի պահեստներից մեկում, երեկ մեքենան կայանել էր փլուզված շենքից ոչ հեռու, հիմա մեքենայի վրա ծանր քարեր են, չի կարողացել անգամ անձնական իրերը ներսից հանել։
«Ես չգիտեմ՝ ես մասնագետ էլ չեմ, չեմ կարա ասեմ՝ էդ շենքը կփլվի, թե չի քանդվի նորից: Պետք ա մասնագետներ լինեն, գոնե վերահսկեն, որ մարդ չմոտենա, որովհետև էլի խանութներ են եղել աշխատել են, շուտ են գնացել տուն», - ներկայացրեց Ավագյանը:
Որտեղի՞ց պետք է իմանար, որ այնտեղ կայանել չի կարելի, հարց է բարձրացնում Համիկը։ Փլուզված խանութների սեփականատերերն էլ ասում են՝ շենքի տարածքն այս կողմից ժապավենով փակված չի եղել, ոչինչ չի խանգարել իրենց գնալ ու աշխատել։
Շուկայում խոսելու տրամադրություն այսօր փլուզված խանութների սեփականատերերից ոչ ոք չուներ, միլիոնների վնաս են կրել, ասում են։
«Ինչի՞ չեն եկել ժամանակին քանդեն, ապրանքը տակն ա, ո՞նց հանենք տանենք», - նշեց սեփականատերերից մեկը
Հաշվարկում են ֆինանսական կորուստները, բայց շտապում ավելացնել, որ եթե սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային չլիներ, այդքան շուտ տուն գնացած չէին լինի ու տուժածներն ավելի շատ կլինեին, ով գիտի՝ անգամ կարող էին զոհեր լինել։
«Ուղղակի ոչ աշխատանքային էր, բոլորը շուտ էին փակել գնացել տուն, քանի որ գործ չկար էդ օրը անելու», - ասաց նրանցից մեկը:
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց փոխհատուցել օգոստոսի 14-ի պայթյունից զոհվածների ընտանիքներին, յուրաքանչյուրին 3 մլն դրամ, միևնույն ժամանակ հերթական անգամ քննարկեցին՝ պայթյունից կիսավեր դարձած կառույցի ճակատագիրը. «Խնդրում եմ՝ աշխատանքներին հետևողական լինել, որպեսզի սահմանազատված հատվածում մենք նմանատիպ այլ դեպք չարձանագրենք»:
Միջամտեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը՝ առաջարկելով վերջապես քանդել վտանգավոր շենքը պայթյունից մոտ 40 օր անց, փոխվարչապետն ասաց՝ քննարկում են։
«Առաջարկում եմ՝ շատ արագ քանդման թույլտվություն տրվի քաղաքապետի կողմից և մաքրվի այդ տարածքը՝ սեփականատիրոջ միջոցներով կամ քաղաքապետարանը նախաձեռնի, ապա սեփականատիրոջ միջոցներից դա փոխհատուցվի: Արագ պետք է մաքրել տարածքը ուղղակի», - ասաց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը:
Փոխվարչապետն արձագանքեց. «Ինչպես նշեցի, նախորդ օրը քննարկումներ են տեղի ունեցել, և ԱԻՆ-ը համապատասխան արձանագրությունները կազմել է և համապատասխան գերատեսչություններ են արդեն ուղարկված»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալուի» պայթյունից զոհվածների ընտանիքներին նախատեսվում է տրամադրել 3 մլն դրամի աջակցությունՓոխվարչապետի նշած ԱԻՆ-ի կազմած արձանագրությունը շենքն ապամոնտաժելու անհրաժեշտության մասին սեղաններին է եղել դեռ սեպտեմբերի 12-ին, համենայն դեպս այդ մասին «Ազատության» հայտնել էին հենց նախարարությունից։ Ինչո՞ւ մինչ օրս քաղաքապետարանը կամ այլ կառույց չի զբաղվել այդ աշխատանքով, հարցն ուղղել ենք Երևանի քաղաքապետարանին, առայժմ չեն պատասխանել։
Մինչ այդ, գործարար Սամսոն Գրիգորյանն ասում է՝ սպասում էին, որ րոպե առաջ պետք է սկսվեր ապամոնտաժումը, այսօր անգամ երեկվա փլուզումից հետո որևէ շարժ չկա։
«Անզեն աչքով դիտելով՝ կարող եք տեսնել, որ շենքը վթարային է և ամեն վայրկյան կարող է փլվել, այս պահին էլ ամբողջությամբ չի փլուզվել, կա էլի փլուզման վտանգ, որովհետև մեծ ճաքեր կան, պատի թեքվածություն կա», - նշեց գործարարը:
Տարածքում խանութներ ունեցող Գրիգորյանն ասում է՝ պատկան մարմինների այս դանդաղկոտությունը վիրավորական է շուկայում աշխատող, հարկեր վճարող ու իրենց կյանքը վտանգող մարդկանց նկատմամբ, ամսից ավելի ձգձգում են մի քանի օրվա աշխատանքը։