Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ում երեկվա փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել


«Սուրմալու» առևտրի կենտրոնի կիսաքանդ եռահարկ շինության պատի երեկվա փլուզման հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մեկը դեռ շարունակում է ստացիոնար բուժումը՝ ապաքինման ընթացքով, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով՝ նրա վիճակը գնահատվում է բավարար։

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը դեպքից որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ եռահարկ կիսաքանդ շինության աջակողմյան պատն է մասնակի փլուզվել՝ ենթադրաբար ուժեղ քամու պատճառով։

Ըստ Գրիգորյանի՝ փլատակների տակ է հայտնվել պատի անմիջապես հարևանությամբ կայանված երկու տրասնոպրտային միջոց, ուղեսրահներում, փոխնախարարի խոսքով, քաղաքացիներ չեն եղել։

Գրիգորյանը նաև տեղեկացրեց՝ այժմ տարածքը սահմանազատված է, իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ հավելեց, որ հարցը քննարկել են ԱԻՆ նախարարի և Երևանի քաղաքապետի հետ, նաև քննարկումներ են գնում սեփականատիրոջ հետ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց քաղաքապետի կողմից շատ արագ քանդման թույլտվություն տրվի և մաքրվի տարածքը՝ սեփականատիրոջ միջոցներով։ «Արագ պետք է մաքրել տարածքն ուղղակի», - ասաց Ղուլարյանը։

Առնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունից հետո ԱԻՆ-ը քաղաքապետարանին, ոստիկանությանը ու քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին գրություն էր ուղղել և ընդգծել, որ պայթյունից տուժած շենքերը ենթակա չեն վերականգնման ու առաջարկել դրանք ապամոնտաժել, ընդհուպ՝ պայթեցնել։ Այդ պարտականությունը դրված է սեփականատիրոջ ուսերին, որը ողբերգական պայթյունից հետո որևէ մեկնաբանություն չի արել։

XS
SM
MD
LG