Մատչելիության հղումներ

«Սուրմալու» տոնավաճառն առայժմ չի վերաբացվել. տեսչական մարմինը նոր ստուգումների է պատրաստվում


Առնվազն 16 մարդու կյանք խլած հուժկու պայթյունից 24 օր անց Երևանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» տոնավաճառը առայժմ չի վերաբացվել։ Տնտեսվարողները դեռ նոր-նոր են մաքրում, վերադասավորում իրենց խանութները, առևտուրը, սակայն, առայժմ չի վերականգնվել։

Չնայած աղետից հետո այստեղ հազվադեպ կարող ես գնորդի տեսնել, բայց շատ խանութների սեփականատերեր ապրանքները խնամքով դասավորել ու սպասում են հաճախորդներին։

«Վախենալով գալիս են էլի ժողովուրդը, ստրեսի մեջ են, էդ դեպքից վախենում են», - ասաց խանութներից մեկի սեփականատերը:

Իրավապահները դեռ թույլ չեն տալիս բացել առևտրի կենտրոնի պայթյունին մոտ տարածքի դարպասները, բողոքում են առևտրականները։ Ավելին, այսօր երբ մեզանից լսեցին, որ Գլխավոր դատախազությունը միջնորդել է տեսչական մարմնին առհասարակ փակել տոնավաճառը, տարակուսեցին:

«Պիտի սումկեքդ հավաքես, թողնես երկրից գնաս, ի՞նչ պիտի անես», - ասաց նրանցից մեկը:

Տեսչական մարմինը, որն այս աղետից մեկ տարի առաջ այստեղ բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել, սակայն հետևողական չէր եղել դրանք վերացնելու հարցում, նոր ստուգումների է պատրաստվում: Խոսնակ Ելենա Զոհաբյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իրենց աշխատանքը կսկսեն սեպտեմբերի 8-ից, որից հետո էլ պարզ կդառնա տոնավաճառի ճակատագիրը։

«Մենք ստուգում կիրականացնենք, որի հիման վրա արդեն հստակ կլինի, վարչական վարույթից հետո արդեն հստակ կլինի առևտրի կենտրոնի հետագա գործունեության ճակատագիրը», - ասաց խոսնակը:

Դեպքից 24 օր անց էլ պատասխանատուների շարքում չեն նշվում ո՛չ սեփականատերը, ո՛չ վերահսկող պաշտոնյաները

Եվ մինչ տեսչականը պատրաստվում է կրկին ստուգել մարդկային, այդ թվում՝ հղի կնոջ ու նրա հնգամյա երեխայի կյանքը խլած պայթյունի տարածքը, ողբերգությունից ավելի քան երեք շաբաթ անց էլ պատասխանատուների շարքում չեն նշվում ոչ սեփականատերը, ոչ էլ շուկան վերահսկող պաշտոնյաները։ Հուժկու պայթյունից օրեր անց այս կառույցից որպես վկա հարցաքննվել է 4 պաշտոնյա, նրանց թվում է տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետը։ Չորս անձ էլ՝ երեք տնտեսվարողներ ու առևտրի կենտրոնի փոխտնօրենը մեղադրյալ են։

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանի փոխանցմամբ՝ դեպքի վայրում քննչական գործողություններն արդեն ավարտվել են, հարցաքննվել է ավելի քան 100 մարդ։

Աղետից հետո իրավապահները քննություն են անցկացնում հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։ Նախնական վարկածով, այս ողբերգության պատճառն անզգուշությունն է։

«Քննչական գործողությունները դեպքի վայրում կարծես թե ավարտվել են, այժմ քննիչն ավելի շատ հարցաքննում է ականատեսների, տուժողների: Հարցաքննվել է շուրջ 110 մարդ, տուժող է ճանաչվել 85 մարդ, նրանցից 55-ը՝ մարմնական վնասվածքներ ստացած, այդ թվում նաև 16 զոհվածները, և 25-ը՝ ֆինանսական վնաս կարծ մարդիկ, ովքեր կրպակներ են ունեցել այդ տարածքում», - ներկայացրեց Վարդան Թադևոսյանը:

Քննչական կոմիտեն չի մանրամասնում, թե ինչո՞ւ տեսչական մարմնի ներկայացուցիչներին մեղադրանք չեն առաջադրել այն դեպքում, երբ դեռ անցած տարվա մարտին տոնավաճառում արձանագրել էին անվտանգության շուրջ երկու տասնյակ խախտումներ, սեփականատիրոջը մինչև նոյեմբեր ժամանակ տվել դրանք ուղղելու համար, բայց, ինչպես պնդում էին, ծանրաբեռնվածության պատճառով երկրորդ անգամ շուկա չէին գնացել՝ ստուգելու՝ վերացված են խախտումները, թե՝ ոչ։

«Հարցաքննվել է միայն փոխտնօրենը, ստեփականատերը առայժմ չի հարցաքննվել: Դա քննիչի որոշումն է, ես չեմ կարող ասել, նպատակահարմար է գտել, որ առայժմ հարցաքննման կարիք երևի չկա, բայց, բնականաբար, անպայման կլինի», - նշեց Թադևոսյանը:

«Սուրմալու»-ում անցած տարվա ստուգումներից կես ամիս անց հրդեհ էր բռնկվել, այս քրեական գործով մեկ մեղադրյալ կա, նրա անունը իրավապահները չեն հրապարակում։ Այն ժամանակ զոհեր ու վիրավորներ չէին եղել։ Այս հրդեհից ավելի քան մեկ տարի անց էլ տեղի ունեցավ օգոստոսի հուժկու պայթյունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG