«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհվածների ընտանիքներին նախատեսվում է տրամադրել 3 մլն դրամի աջակցություն, վիրավորներին՝ 150-300 հազար դրամ։
Որոշման նախագիծը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150 հազար դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300 հազար դրամի չափով, զոհված (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) անձանց ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) համար՝ 3 մլն դրամի չափով։
Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարարները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու․ 10 ողջ, 16 մահացածի, մահացածների թվում էին հղի կինն ու իր 5 տարեկան երեխան, 1 անհետ կորած քաղաքացին այդպես էլ չգտնվեց։ 60-ից ավելի քաղաքացիներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, դիմել էին բժշկական կենտրոններ։
Առայսօր պայթյունի պաշտոնական միակ վարկածը շենքում պահվող մեծ քանակի հրավտանգ նյութերն են եղել։ Դեպքից երկու շաբաթ անց 4 անձ ձերբակալվեց՝ առևտրի կենտրոնի փոխտնօրենն ու պահեստը շահագործող երեք անձինք։ Երկու օր անց հայտարարվեց, որ փոխտնօրենն ազատ է արձակվել։