Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Սուրմալու» առևտրի կենգտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և վիրավորված անձանց միանվագ սոցիալական աջակցության տրամադրելու նախագիծը։
Ըստ այդմ՝ հիվանդանոցային պայմաններում մինչև 3 օր բուժում ստացած անձինք սոցիալական աջակցություն կստանան 150 հազար դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում 3 և ավելի օր բուժվածները՝ 300 հազար դրամի չափով, իսկ զոհված անձանց ընտանիքները կստանան յուրաքանչյուր զոհվածի համար 3 մլն դրամ։
Օգոստոսի 214-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհն ու դրան հաջորդած հուժկու պայթյունը առնվազն 16 մարդու կյանք խլեց, այդ թվում՝ մեկ հղի կնոջ և 5 տարեկան երեխայի․ 43 ժամվա ընթացքում փրկարարները փլատակներից դուրս բերեցին 26 քաղաքացու․10 ողջ, 16 մահացածի, 1 անհետ կորած քաղաքացին այդպես էլ չգտնվեց։ 60-ից ավելի քաղաքացիներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, դիմել էին բժշկական կենտրոններ։
Առայսօր պայթյունի պաշտոնական միակ վարկածը շենքում պահվող մեծ քանակի հրավտանգ նյութերն են եղել։ Դեպքից երկու շաբաթ անց 4 անձ ձերբակալվեց՝ առևտրի կենտրոնի փոխտնօրենն ու պահեստը շահագործող երեք անձինք։ Երկու օր անց հայտարարվեց, որ փոխտնօրենն ազատ է արձակվել․ դատարանը համարել է, որ նրան կալանավորելու հիմնավոր կասկած չկա ու մերժել է դատախազի միջնորդությունը։