Այսօր առավոտից կառավարության շենքի մոտ էին «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները՝ պահանջելով երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, որպեսզի վերականգնվի առևտրի նախկին տեմպը։
Առևտրականները շեշտեցին՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից հետո շուրջ 500 տաղավար ունեցող «Փեթակն» ընդամենը 10-15 տոկոսով է աշխատում։
Պնդումներին, թե անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով է ճանապարհի մի կողմը փակ մնում, առևտրականները չեն հավատում՝ նկատելով՝ «անմիջապես «Փեթակի» դիմացի և կողքի խանութներ աշխատում են ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, որ էդ ճանապարհը չեն բացում»։
«Եթե այդ խանութներն աշխատում են անարգել, ապա «Փեթակն» ինչո՞ւ պետք է կիսատ աշխատի», - հետաքրքվեցին առևտրականները։
Ցուցարարներից երկուսը կառավարության դիմում բողոքների ընդունման բաժնում նամակ գրեցին մակագրված վարչապետին՝ խնդրելով, ճանապարհն ամբողջությամբ բացել։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից միայն 9 օր անց միակողմանի բացվեց դրա հանդիպակաց Քրիստափորի փողոցն ու «Փեթակ» առևտրի կենտրոնը, որը փակվել էր աղետից անմիջապես հետո։ Առևտուրը վերսկսելու որոշումը կայացվեց աշխատողների ցույցից հետո, թե գումար են կորցնում։ ԱԻՆ-ը հայտարարեց՝ ոստիկանության հետ որոշել են բացել ճանապարհը՝ պահպանելով անվտանգության կանոնները։