«Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոստանյանը։
ԱԻՆ խոսնակն «Ազատությանը» հայտնեց, որ կա երեք վիրավոր: Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոններից մեկը:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ տուժածները նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:
Առնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունից հետո ԱԻՆ-ը քաղաքապետարանին, ոստիկանությանը ու քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին գրություն է ուղղել և ընդգծել, որ պայթյունից տուժած շենքերը ենթակա չեն վերականգնման ու առաջարկել դրանք ապամոնտաժել, ընդհուպ՝ պայթեցնել։ Այդ պարտականությունը դրված է սեփականատիրոջ ուսերին, որը ողբերգական պայթյունից հետո որևէ մեկնաբանություն չի արել։