«Մենք հույս ունեինք «Ուրդանետա-Արմսատ 1» արբանյակից առաջին լուսանկարները ստանալ STARMUS փառատոնի ընթացքում, բայց դեռ մի քիչ էլ պիտի սպասենք», - ասում է ArmSat արբանյակը ստեղծած SATLANTIS MICROSATS ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժան Ժակ Դորդեյնը։
Նա նաև Եվրոպական տիեզերական գործակալության (European Space Agency) 6-րդ գլխավոր տնօրենն է եղել 2003 - 2015 թվականներին:
Ուշագրավ է, որ SATLANTIS ընկերությունը նախապես հայտարարել էր, որ արբանյակի առաջին լուսանկարները պետք է ստացվեն հուլիսի վերջին: Դորդեյնն ասում է, որ դեռ աշխատանքներ են տարվում արբանյակը և դրա ազդանշանն ընդունող հարթակը լիովին գործարկելու համար և նշում լուսանկարների ստացման 4-ամսյա ժամկետ՝ արբանյակի մեկնարկից՝ մայիսի 25-ից հետո:
Ժամանակին մեծ քննարկում ծավալվեց արբանյակի պատկանելիության հարցի շուրջ, ուստի Ժան Ժակ Դորդեյնից հետարքրքվեցի, ո՞ւմ է պատկանում արբանյակը:
Նրա խոսքով՝ արբանյակը ոչ միայն բուն սարքն է, այլև այդ սարքի ազդանշանը ստացող կայանն ու մասնագետները, որ հավաքում և մշակում են ստացված տվյալները: Այս առումով արբանյակի փոխանցումը Հայաստանին դեռ ընթացքի մեջ է:
«Մեր ծրագիրն է՝ արբանյակը Հայաստանի տիրապետությանը փոխանցելն այնպես, որ արբանյակի շահագործումը լինի Հայաստանից, հայաստանյան մասնագետների կողմից: Դրա համար պետք է ուսուցում, և որոշակի փորձ: Բայց մենք անշուշտ ցանկանում ենք օգնել Հայաստանին՝ լինել ինքնավար այդ արբանյակը շահագործելու հարցում, այդ նպատակով մենք նաև կհիմնենք SATLANTIS-ի հայաստանյան մասնաճյուղը», - «Ազատությանն» ասաց Դորդեյնը՝ շարունակելով․- «Արբանյակը մշակվել է ավելի վաղ, և հիմա կազմակերպվում է դրա փոխանցումը Հայաստանին, բայց դա երկար գործընթաց է, և միայն արբանյակն ինքնին փոխանցելը բավարար չէ, դե արբանյակը մի քիչ ավելի բարդ բան է, քան մեքենան, ու չես կարող մեքենա վաճառելու պես պարզապես բանալիները տալ նոր տիրոջը, որ քշի: Այստեղ մենք մի քիչ ավելի շատ ժամանակի կարիք ունենք»:
Ըստ Դորդեյնի՝ որոշումներն արդեն կայացված են, համաձայնագրերը ստորագրված են և այժմ դրանց իրագործման փուլն է, արդեն հաջորդ տարի «Սատլանտիս -Արմենիան» պետք է գործի:
«Մենք արբանյակների կառավարման մի կենտրոն ունենք Իսպանիայի Բիլբաո քաղաքում և Հայաստանում էլ կհիմնենք երկրորդ նման կենտրոնը: Ու նորից դա միայն սարքավորումները չեն, դա նաև մարդիկ են, մենք կարիք ունենք մարդկանց Հայաստանում, որ կշահագործեն արբանյակը», - ասաց SATLANTIS MICROSATS ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչի՞ համար է Հայաստանի առաջին արբանյակըԱրդյո՞ք Հայաստանում կգտնեն նման մասնագետների, Դորդեյնն ասաց՝ STARMUS-ի շրջանակներում իր այս այցի ընթացքում մի քանի բուհերում հանդիպումներ է ունեցել և համոզվել՝ երիտասարդները հետաքրքրված են արբանյակների կառավարման ոլորտով:
«Ես այս շաբավա ընթացքում, օրինակ, պոլիտեխնիկում դասախոսություն կարդացի և արդեն իսկ նկատեցի շատ երիտասարդների, որ հետաքրքրված էին տիեզերքի հետ աշխատանքում: Այդ ուսանողների հետ հանդիպումներից ես հասկացա, որ նրանք լավ կադրեր են և Հայաստանը ներուժ ունի: Պետք է ասեմ, որ Հայաստանն անցյալում էլ է ցույց տվել, որ ֆանտաստիկ գիտնականներ ունի», - ասաց Դորդեյնը:
Հարցին, թե արդյո՞ք սպասվում է, որ առաջիկայում կլինի նաև երկրորդ հայկական արբանյակը, Ժան Ժակ Դորդեյնը պատասխանեց՝ հարցը քննարկվում է:
«Դա առաջիկա ծրագրերում է և այդ հարցը քննարկվում է Հայաստանի կառավարության հետ: ArmSat-1-ն առաջին քայն է, և առաջին քայլը միշտ ամենակարևորն է: Նիլ Արմսթրոնգի կողմից Լուսնի վրա ոտք դնելիս ասված խոսքը՝ «Թե դա մի փոքր քայլ է մարդու համար և մեծ ցատկ մարդկության համար», կարելի է այստեղ էլ կիրառել՝ ArmSat-ի և Հայաստանի համար: ArmSat-ն առաջին քայլն էր Հայաստանի համար, բայց ակնհայտորեն կլինեն նաև բազմաթիվ հաջորդ քայլեր, և մենք քննարկում ենք կառավարության հետ մշակված ծրագիրը՝ կոնկրետ նպատակակետերով, դրանք պարզապես երազաննքներ չեն, այլ կոնկրետ ծրագրեր, թե ինչպես SATLANTIS-ը կարող է օգնել Հայաստանին նախ իր արբանյակի հարցում, բայց որ էլ ավելի կարևոր է՝ զարգացնել իր սեփական կարողություններն այս ոլորտոում, վերջին հաշվով դա է կարևոր, որպեսզի Հայաստանը դառնա տիեզերական պետություն», - ասաց Ժան Ժակ Դորդեյնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը