Մատչելիության հղումներ

STARMUS-ը Երևան է բերել աշխարհահռչակ գիտնականների, երաժիշտների, տիեզերագնացների


Աշխարհահռչակ երաժիշտներ, գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ մեկ շաբաթ շարունակ Հայաստանը վերածելու են հզոր գիտական մտքի ու երաժշտության միավորման վայրի:

STARMUS փառատոնը պաշտոնապես բացվելու է երկուշաբթի օրը։ Առաջիկա ողջ շաբաթվա ընթացքում լինելու են հայտնի գիտնականների, տիեզերագնացների դասախոսություններ, տեղի կունենան նաև համերգեր, որոնց կմասնացկեն աշխարհահռչակ երաժիշտներ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, Dream Theater և Sons of Apollo խմբերի ստեղնաշարային Դերեկ Շիրինյանը, Guns N' Roses և Sons of Apollo խմբերի կիթառահառ Ռոն Բամբլֆութ Թալը, հարվածային ջազ և ռոք երաժիշտ Սայմոն Ֆիլիպսը, հռչակավոր դաշնակահար Ռիք Վեյքմանը:

Փառատոնը 2011 թվականին միասին հիմնադրել են աստղաֆիզիիկոս Գարիկ Իսրայելյանը և Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը:

Գարիկ Իսյարյելյանն ասում է, որ այն, ինչ հնչում է STARMUS հարթակից, եզակի է ու չկրկնվող՝ թե' երաժշտությունը, թե' աշխարհահռչակ արտիստների համագործակցությունը, թե գիտնականների ելույթները. - «Մենք ուղղակի ֆանտաստիկ հյուրեր ենք ունենալու։ Օրինակ՝ առաջին այֆոնի և այփոդի հեղինակ Թոնի Ֆադելը, Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնաց Չարլի Դյուկը , հայ առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, Նոբելյան մրցնակակիցներ։ Այսպիսի աստղաբույլ դժվար է պատկերեացնել մեկ վայրում, բայց բոլորն էլ Երևանում են լինելու ու մասնակցելու են STARMUS-ին»:

Սերժ Թանկյանն ասում է՝ 2019 -ին շատ է ոգևորվել, երբ իմացել է, որ STARMUS փառատոնը ցանկանում են Հայաստանում կազմակերպել: Հետո զանգ է ստացել փառատոնի հիմադիր Գարիկ Իսյայելյանից, թե՝ դու ինձ քաջալերում էիր, որ Հայաստանում կազմակերպեմ, դե հիմա ուրեմն պիտի գաս:

Սերժ Թանկյանի խոսքով, գիտությունը շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար. - «Սա իրոք շատ կարևոր է մեզ համար: Փոքր պետությունները, շրջափակված պետությունները, որ չունեն շատ բնական ռեսուրսներ, հենց գիտությամբ, տեխնոլոգիայով և կրթությամբ կարող են առաջ գնալ: Եվ փառատոնը, որը Հայաստան է բերում ֆանտաստիկ արտիստների, արտակարգ ուշադրություն, շատ կարևոր է մեզ համար, հատկապես հիմա: Գիտությունը կարող է օգնել մեզ առաջ գնալ որպես ազգ ու պետություն, ներառյալ իհարկե պաշտպանության ոլորտը»։

6-րդ STARMUS-ը նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Դեպի կարմիր մոլորակ թռիչքի նպատակը հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M մարսագնացը տեղ հասցնելն էր:

Ի դեպ, Սերժ Թանկյանը Քեմուրջյանին նվիրված ստեղծագործություն է հեղինակել, որը կկատարի փառատոնի ընթացքում. - «Քեմուրջյանը հայ առաջին գիտնականն է, որ խորհրդային ժամանակներում մասնակցել է Մարսի վրա վայրէջքի ծրագրին, և դա հպարտության մեծ առիթ է։ Եվ մենք մի երաժշտական գործ ենք պատրաստել նրա պատվին, որը կկատարենք այս համերգի ընթացքում»:

Աշխարհահռչակ դաշնակահար Ռիք Ուեյքմանն ասում է՝ իր համար ամենամեծ գիտական իրադարձություններից էր Մարսի վրա հետազոտող սարք իջեցնելը և այնտեղից նկարներ ստանալը. - «Մարսը ինձ հիացնում է, գրավում։ Ինձ համար ցնցող էր տեսնել լուսանկարները Մարսից: Իհարկե դժվար նման բան լինի, ես ծեր եմ, բայց իմ երազանքներից է Մարսի վրա համերգ ունենալ: Դե դժվար շատ մարդ ներկա լինի այդ համերգին, բայց դա իմ երազանքն է»:

Հարվածային ջազ և ռոք երաժիշտ Սայմոն Ֆիլիպսն ասուլիսին եկել էր ամերիակցի տիեզերագնացներին Լուսին հասցրած «Ապոլոն 11» տիեզերական թռիչքին նվիրված շապիկով, ու պատահական չէ, որ հենց Լուսին մարդու թռիչքն է համարում մեծագույն նվաճումը։ Ասում է՝ 1969 թվականի հուլիսյան այդ օրերը լավ է հիշում. երեխա էր, հոր հետ ամեն օր հետևում էին երկնքին և դիտում վայրէջքի կադրերը սև սպիտակ փոքր հեռուստացույցով. - «Իմ հայրը ամեն օր երկնքում մի լուսավոր կետ էր ցույց տալիս և ասում՝ տես սա ապոլոնն է, որ ուղևորվում է Լուսին: Ու ես ապշած նայում էի, մի՞թե իրոք մարդը հայտնվելու է Լուսնի վրա։ Անհամբեր սպասում էի ու ամեն օր հարցնում էի՝ դեռ չհասա՞ն: Հետո արդեն այդ օրը նայում էինք սև ու սպիտակ փոքր հեռուստացույցով շատ վատ որակով, դա ուղղակի հիասքանչ էր»:

Գիտության հանրայնացմանը նպաստող գործիչներին STARMUS փառատոնի ընթացքում պագևատրում են հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգի շքանշանով: Այս մրցանակաբաշխությունը անվանում են նաև «Գիտության Օսկար»: Գարիկ Իսրայելյանի փոխանցմամբ, այս տարվա գիտության օսկարակրի անունը պարզ կդառնա երկուշաբթի օրը: Նախկինում Հոկինգի մեդալը, օրինակ, Տեսլայի և տիեզերանավեր արտադրող Սփեյս էքս ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկին են հանձնել:

STARMUS փառատոնի ընթացքում ամեն օր ժամը 11-ին դասախոսություններ են լինելու նաև համալսարաններում և կրթական կենտրոններում։ Նաև գիտության ճամբար է գործելու օպերայի մոտ՝ Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG