Մատչելիության հղումներ

ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը վստահ է՝ Լուսին մարդու երկրորդ թռիչքը տեղի կունենա մի քանի տարուց


«Մարսում ոչ Պիցցա կա, ոչ էլ խորոված», Մարս գնալու հեռանկարներին այսպես է կատակով արձագանքում ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը, ով այս օրերին Երևանում է՝ մասնակցելու STARMUS փառանտոնին։ Նա այսօր՝ սեպտեմբերի 7-ին առաջին հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանի հետ «Թումոյում» խոսելու է տիեզերական ճամփորդություններից:

Մարս մարդ ուղարկելու հեռանկարները դեռ միայն ցանկությունների մակարդակում են, իսկ այ Լուսին մարդու երկրորդ թռիչքը կարող է տեղի ունենալ արդեն մի քանի տարի անց:

ՆԱՍԱ-ն ծրագրում է 2025 թվականին դարձյալ Լուսին մարդ ուղարկել՝ Արտեմիս առաքելությամբ: Այդ ուղևորության հիմքն էլ դրվում է հենց այս սեպտեմբերին: ՆԱՍԱ-ն նախատեսում էր դեռ օգոստոսի վերջին ու սեպտեմբերի առաջին օրերին նոր գերծանր տանող հրթիռ ուղարկել տիեզերք՝ դեռևս առանց մարդկանց Լուսնի շուրջը երեք օր պտտվելու:

Սրանից հետո արդեն երկու տարի անց հրթիռը պիտի մարդկանց տանի Լուսնի ուղեծիր, իսկ 2025-ին էլ նախատեսված է մարդու երկրորդ վայրէջքը Լուսնի մակերևույթին: Բայց հրթիռի այս առաջին թռիչքը դեռ չի կայացել, մեկնարկը երկու անգամ հետաձգվել է՝ տեխնիկական պատճառներով, և հաջորդ փորձը ՆԱՍԱ-ն, հավանաբար, սեպտեմբերի 19-ին կձեռնարկի:

«Ազատություն»․ - Արդյո՞ք ի վերջո հրթիռը կթռչի։

Ռեյզման․ - Մինչև վերջնահաշվարկը պետք է վստահ լինել, որ ամեն ինչ ճիշտ է աշխատում և խնդիրներ չեն առաջանա: Ամեն անգամ նրանք տեսնում են, թե որտեղ ինչ խնդիր է առաջանում և ուղղում են: Նույնիսկ համակարգչային բարդ ծրագիրն առաջին անգամից ճշգրիտ չի աշխատում, ու պետք է թերությունները շտկել: Եվ նորմալ է, որ հրթիռը, այն էլ այսքան մեծ և այսքան նոր, այսպիսի բարդությունների է հանդիպում: Բայց, իմ կարծիքով, նաև մի քիչ ՆԱՍԱ-ի հանրային կապերի ծառայության սխալն էր՝ այդչափ մեծ հնչեղություն տալ այս թռիչքին՝ տպավորություն ստեղծելով, որ հրթիռը միանգամից կթռչի: Իրականությունն այն է, որ նոր հրթիռ տիեզերք ուղարկելը շատ բարդ գործ է և չարժի դա անել, քանի դեռ վստահ չես, որ ամեն ինչ կատարյալ է, քանի որ միայն մեկ հրթիռ ունես և միայն մեկ հնարավորություն: Բայց ամեն ինչ նորմայի մեջ է, կարծում եմ այն կաշխատի:

«Ազատություն»․ - Այսինքն՝ 2025-ին դարձյա՞լ կտեսնեք մարդուն Լուսնի վրա։

Ռեյզման․ - 2025 թվականին ծրագրված է մարդու վայրէջքը Լուսնի վրա: Բայց մինչ այդ ՆԱՍԱ-ն կուղարկի մարդուն տիեզերանավով Լուսնի շուրջը պտույտ անելու՝ առանց ոտք դնելու մակերևույթին: 2025-ին արդեն նախատեսված է վայրէջքը Լուսնի մակերևույթին: Միշտ կարիք կա ժամկետ սահմանելու, այլապես՝ դա կարող է հավերժ տևել: Հիմա հնարավոր չէ ասել ստույգ 2025-ին, թե 2026 թվականին կլինի վայրէջքը Լուսնի վրա, բայց՝ այո՛, կարծում եմ՝ դա տեղի կունենա»։

Ռեյզմանը երեք տարբեր տիեզերանավերով 107 օր է անցկացրել տիեզերքում՝ մոտ 12 տարի առաջ: Այդ ընթացքում նա նաև երեք անգամ բաց տիեզերք է դուրս եկել:

Սթիվեն Հոկինգի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Սթիվեն Հոկինգի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

«Ազատություն»․ - Բաց տիեզերքում քայլելը վախենալու չէ՞ր։

Ռեյզման․ - Մի քիչ վախենալու էր, բայց ես ավելի շատ ոգևորված էի, քան թե վախեցած։ Տիեզերքում լինելը հրաշալի է, ես շատ եմ կարոտում անկշռելիության զգացողությունը։ Զրոյական գրավիտացիայի պայմաններում թվում է՝ կարող ես թռչել ինչպես սուրպեր հերոսը, դա կարծես հրաշալի նվեր լինի և ես դա շատ եմ կարոտում:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ են մարդիկ այդքան ձգտում դեպի տիեզերք։

Ռեյզման․ - Մարդիկ շատ են սիրում նոր բան փորձել, ոգևորիչ մի բան անել, որ դուրս է իրենց նախկին փորձից: Եվ հետո հետաքրքիր է հնարավորություն ունենալ երկրին վերևից նայել՝ տիեզերքից, դա լրիվ այլ տեսարան է:

«Ազատություն»․ - Իսկ երկիրը վերևից դիտելիս գեղեցի՞կ է։

Ռեյզման․ - Օ՛, այո։

XS
SM
MD
LG