Մատչելիության հղումներ

Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը 


Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշելով, որ արբանյակի արձակման վերաբերյալ որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այդ է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել՝ Փաշինյանը միաժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց։

«2022 թվականի մայիսի 25-ին` Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը», - մանրամասնեց նա:

Վարչապետի խոսքով` արբանյակի արձակումը հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սանտլանտիս» ընկերությունների համագործակցության արդյունք է: Ծրագրվում է մինչև գալիք տարվա ավարտ Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը:

«Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում», - նկատեց նա։

Հայաստանի իշխանությունները վաղուց էին հայտարարել տիեզերք արբանյակ ուղարկելու ծրագրի մասին։ Մոտ տասը տարի առաջ՝ 2013թ. հունիսին հայտարարվեց, որ նախատեսվում է արձակել Armsat արբանյակը, և ծրագիրը պետք է աժենար 250 միլիոն դոլար։ Կառավարությունը որոշել էր զբաղվել տիեզերքով` հավանաբար, Ադրբեջանի հաջողության պատճառով։ Այդ տարվա փետրվարին Բաքուն տիզերք արձակեց իր առաջին արբանյակը։ Հաջորդ տարիներին Ադրբեջանը արձակեց առնվազն ևս երկու արբանյակ, որոնցից մեկը՝ AzerSky-ը` հետախուզական նշանակության, բայց հայաստանյան ArmSat-ը այդպես էլ մնաց թղթի վրա։

ArmSat-1-ը գործելու է առնվազն չորս տարի

Թե նախորդ երեսուն տարիներին պաշտպանության և ռազմա-տեխնիկական ոլորտներում Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ զարգացրած Հայաստանը ինչու որոշեց երկրի անվտանգության ապահովման նման կարևոր գործում ընտրել արևմտյան՝ իսպանական ու ամերիկյան ընկերություններին, կառավարության այսօրվա նիստում ոչ ոք չանդրադարձավ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը ավելի ուշ պարզաբանեց՝ այդ ընկերություններն ընտրվել են առաջարկած ֆունկցիոնալ-տեխնիկական հնարավորությունների և գնի պատճառով։ Թե որքան է արժեցել արբանյակը, ասաց՝ դեռևս հրապարակման ենթակա չէ, բայց ծրագրի իրականացման համար կառավարությունը «Գեոկոսմոսի» կապիտալը ավելացրել է մոտ 3 միլիարդ դրամով։

«Այս արբանյակն ինքն ստեղծում է ենթակառուցվածք, այս արբանյակի և ենթակառուցվածքի իմաստն այն է, որ ոլորտ զարգացնի ինքը Հայաստանում, որ ինչպես ասացի, նախկինում մենք ունեցել ենք և հիմա դա վերակենդանացնում ենք», - նշեց նա:

Նախարարությունը նախորդ տարվա նոյեմբերին հայտարարեց Հայաստանում տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացման նպատակով 200 միլիոն դրամ դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին։

Ըստ Սահակյանի` դրամաշնորհ ստացած ընկերություններն արդեն որոշակի հաջողություններ ունեն, նաև մասնավոր միջոցներ են ներգրավել արտերկրից։

Հաղթահարվել է անվտանգության ոլորտում Ռուսաստանից բացի, այլ գործընկեր ունենալու հոգեբանական պատնեշը. վերլուծաբան

Լոնդոնում գործող հեղինակավոր IHS վերլուծական ընկերության ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի խոսքով` ճիշտ է` Հայաստանի կառավարությունը օգտվել է արևմտյան կոմերցիոն ընկերությունների ծառայությունից, սակայն սա կարևոր քայլ է, քանզի հաղթահարվել է անվտանգության ոլորտում Ռուսաստանից բացի, այլ գործընկեր ունենալու հոգեբանական պատնեշը։

«Այո, Հայաստանը կարող է օգտվել այլ երկրների տված հնարավորություններից, այլ ծառայություններից և կարող է իր սեփական արբանյակն ուղարկել, իհարկե պարզ չէ, թե այդ արբանյակն ինչ ֆունկցիաներ ունի: Որքան հասկանում եմ, սա առանձնապես շատ բարդ ֆունկցիաներ չի ունենալու, բայց իբրև առաջին քայլ ողջունելի է, եթե շարունակվեն նմանատիպ քայլերը, և եթե սրան հետևի ստրատեգիա», - շեշտեց նա:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից այսօր նաև պարզաբանեցին՝ արբանյակի ժամանակավոր անվանումը Urdaneta է, այն վերանվանվելու է ArmSat-1։ Արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։ Առայժմ չի ծրագրվում արձակել երկրորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG