Մատչելիության հղումներ

Աստղադիտարանի տնօրենը վաղաժամ է համարում հայկական արբանյակի շուրջ ոգևորությունը


Առաջին հայկական տիեզերական արբանյակի մասին տեղեկատվությունն ամբողջական չէ` ոգևորվելու համար, ասում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք ամբողջությամբ հասանելի են լինելու այդ արբանյակի տվյալները, նշեց նա «Ազատության» հետ զրույցում:

«Մի կողմից՝ ասում են հայկական արբանյակ, բայց հայկական կոչելու համար, ես նախ և առաջ կուզեի իմանալ՝ արդյոք մենք ամբողջ կառավարումը և տվյալների հասանելիությունը ունենք: Մեծ հավանականությամբ՝ ոչ: Այսինքն՝ դա շտապ հայտարարություն է... Հավանաբար, ես, իհարկե, դեռ չպնդեմ, եկեք առաջ չընկնենք, բայց չի կարող այդպես հանկարծ, մեկ էլ միանգամից պարզվի՝ Հայաստանը արբանյակ ունի», - ասաց Միքայելյանը:

Տիեզերական երևույթների հետազոտություններով զբաղվող աստղադիտարանի տնօրենը երեկ կառավարության նիստում վարչապետի խոսքից է տեղեկացել այս պատմական նորության մասին. Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել հայկական առաջին արբանյակը Իլոն Մասկի SpaceX տիեզերանավով՝ հայկական «Գեոկոսմոս» ու իսպանական մի ընկերության հետ համագործակցությամբ: Միքայելյանը շեշտում է՝ կարևոր է հասկանալ, թե ով է վճարել արբանյակի համար, որպես պարզ լինի նաև, թե ումն են արբանյակն էլ, դրա տվյալներն էլ: Իսկ տվյալները, ըստ գիտնականի, շատ կարևոր են՝ աշխարհը վաղուց շատ բան տիեզերքից է անում՝ ամպերի ընթացքից մինչև զրահատեխնիկայի տեղաշարժ:

«Հետախուզությունը թեկուզ ռազմական, և պատերազմի ժամանակ, պարզ է, որ մենք եթե դա ունենայինք, շատ ավելի մեզ համար ձեռնտու իրավիճակ կստեղծվեր: Երբ որ մենք ամենօրյա, ամենժամյա ռեժիմով հետևեինք, ասենք, թշնամու զինվորների, զրահատեխնիկայի տեղաշարժին, պարզ է՝ ավելի լավ պատկերացում կունենայինք», - ընդգծեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Պաշտպանական ոլորտից բացի, օդերևութաբանություն, քարտեզագրություն, գյուղոլորտ՝ տիեզերքից երկրի դիտարկումն անհրաժեշտ է բազմաթիվ ոլորտներում, ասաց Միքայելյանը: Օրինակ՝ Ռուսաստանը սիբիրյան հրդեհների դեմ 100 ինքնաթիռով էլ չի հասցնում պայքարել, օգնության են հասնում արբանյակները:

«Օրինակ, Ադրբեջանը երեք հատ ունի, և փաստորեն իրենք ինչ-որ առումով նաև առավելություն ունեին: Իհարկե, ես չէի ասի, որ իրենց մոտ շատ բարձր կարգի, բարձր որակի արբանյակներ են, նորերը շատ ավելի լավն են», - շեշտեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Երեկ գործադիրի նիստում հայտարարվեց՝ մինչև եկող տարեվերջ Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, դրա շուրջ կձևավորվի մասնագիտական թիմ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG