Queen խմբի լեգենդար կիթառահար, նաև աստղաֆիզիկոս Բրայան Մեյը նույնքան լեգենդար վոկալիստ Ֆրեդդի ՄԵրկյուրի ծննդյան օրը՝ երեկ երեկոյան ստացավ STARMUS փառատոնի գլխավոր` Սթիվեն Հոկինգի մրցանակը՝ գիտության հանրայնացմանը նպաստելու համար, ու հենց բեմից կատակեց. - «Նրա ծնունդն է, բայց ես եմ նվեր ստանում»:
Այսօր արդեն ասուլիսի ընթացքում Մեյն ասաց, որ Ֆրեդդի Մերկյուրին ևս հետարքրքվում էր ամեն ինչով, բայց շատ ավելի կենտրոնացած էր իր տարերքի՝ երաժշտության վրա: Իսկ ինքը Մեյը բախտավոր է համարում իրեն, որ կարողացել է համատեղել երաժշտությունն ու գիտությունը. - «Ֆրեդդին հիացած էր, որ ես նաև աստղագիտությամբ եմ զբաղվում, և հաճախ ասում էր՝ գուցե եթե երաժշտությամբ չզբաղվեիր, աստղագետ պրոֆեսոր կդառնայիր։ Այդ ժամանակ ես մի փոքր հեռացել էի գիտությունից, ես պետք է դա անեի երաժշտության վրա կենտրոնանալու համար: Բայց ես շատ բախտավոր եմ, ես հնարավորություն ունեցա վերադառնալ աստղագիտությանը և պաշտպանել թեկնածուականս, և ինչպես ասացի երեկ երեկոյան՝ ես շատ երջանիկ եմ երկու ոլորտն էլ համատեղելու համար, դա մեծ բան է ինձ համար»:
Բրայան մեյն ասում է՝ արվեստն ու գիտությունն իրականում նույն բանն են, երկուսի հիմքում էլ փնտրտուքն է՝ օրինաչափությունների, գեղեցկության, նույնիսկ ֆիզիկայի բանաձևերի մեջ:
Բրայան Մեյը նաև STARMUS փառատոնի համահիմնադիրն է, ուստի իր համար, ասում է, անակնկալ էր այդ մրցանակին արժանանալը: Բայցև շատ մեծ պատիվ՝ ստանալ այդ մեդալը գրող Դայան Աքերմանի և գիտնական Ջեյն Գուդելի հետ նույն բեմի վրա և ընդունել այն աշխարհի լավագույն դաշնակահաներից մեկից՝ Ռիք Ուեիքմանից:
Գիտնականներն ու արվեստագետները ձգտում են իրենց հայտնագործություններով ու տաղանդով աշխարհն ավելի լավը դարձնել։ Բայց արդյո՞ք աշխարհը դարձել է ավելի լավ վայր ապրելու համար։ Մեյի կարծիքով, աշխարհը զարգանում է սխալ ուղղությամբ. - «Մենք չունենք լավագույն աշխարհը։ Իհարկե, մենք պետք է անենք ամենը, որ մի փոքր մեղմենք այս իրավիճակը։ Իմ կարծիքով, աշխարհը կարծես թե գնում է վտանգավոր ուղղությամբ։ Իմ տեսակետը գուցեև տարբերվում է, բայց ես ուզում եմ, որ մեր ուշադրությունը սևեռենք ոչ միայն մարդկության, այլև մեր Երկիր մոլորակի վրա։ Որովհետև այն, ինչ մարդկությունը անում է մեր մոլորակի հետ, իր վատ ազդեցությունն է թողնում հենց մարդկության վրա։ Եվ եթե մենք ինչ-որ կետից սկսենք, մենք կունենանք ավելի լավ աշխարհ ոչ միայն մեզ համար, այլև ամբողջ մարդկության համար»։
Բրայան Մեյի խոսքով, հիմա մարդկությունը շատ հետաքրքրված է տիեզերքով, զանազան ծրագրեր կան՝ դարձյալ Լուսին գնալու, կամ Մարսի վրա ոտք դնելու համար։ Բայց, ասում է նա, դեռ առաջին STARMUS փառատոնի ժամանակ տիեզերագնացների առջև ունեցած ելույթում է ասել՝ մարդկությունը պետք է կենտրոնանա Երկիր մոլորակը կարգի բերելու վրա. - «Ես շատ հուզված էի, որովհետև ելույթ էի ունում տիեզերքում առաջամարտիկների մոտ, և իմ միտքը հետևյալն էր. ես իհարկե սիրում եմ տիեզերական թռիչքները, տիեզերքի բացահայտումը, բայց մեր առաջնային պարտականությունը նախևառաջ մեր սեփական մոլորակը կարգի բերելն է, և արդյոք մենք, որպես տեսակ, արժանի՞ ենք տիեզերք գնալու և այնտեղ էլ ամեն ինչ փչացնելու: Ելույթիս ավարտին տխուր էի, մտածում էի՝ տիեզերքում եղած մարդկանց մոտ սխալ բաներ էի խոսել, բայց Նիլ Արմսթրոնգը, որ առաջինն էր լուսնի վրա ոտք դրել, մոտեցավ և ասաց՝ դու ճիշտ ես ասում»:
Queen խմբի կիթառահարն առաջին անգամ է Հայաստանում, ասում է, որ 1988-ի երկրաշարժի ժամանակ է Հայաստանի մասին ավելի շատ բան իմացել. - «Ես շատ մտահոգ էի Հայաստանի համար, և այն երաժիշտների խմբում էի, որ որեշեցին համախմբվել և օգնել Հայաստանին։ Բայց այդ ժամանակ ցավոք գալ չստացվեց, և հիմա կարծես այդ մի երազանքն իրականացավ, և ես իրոք ուրախ եմ»:
Սթիվեն Հոքինգի մեդալը, որն անվանում են «Գիտության Օսկար», շնորհում են գիտության հանրայնացման գործում մեծ ներդրում ունեցողներին չորս բնագավառներում՝ երաժշտություն և արվեստ, ֆիլմեր, գիտահանրամատչելի գրականություն և կյանքի ընթացքում նվաճումների համար:
Այս տարի Բրայան Մեյն այն ստացավ երաժշտություն և արվեստ նոմինացիայում, գիտահանրամատչելի գրականության բնագավառում մեդալը ստացավ գրող, բանաստեղծ Դայան Աքերմանը: Ֆիլմերի բնագավառում մրցանակ ստացավ ՆԱՍԱ-ի հեռուստատեսային ալիքը, իսկ ողջ կյանքում արված աշխատանքի համար՝ գիտնական Ջեյն Գուդելը, ով հսկայական ներդրում է ունեցել շիմպանզեների ուսումնասիրության գործում: