Մատչելիության հղումներ

Երկիրը մեր սեփական տիեզերանավն է, և սա այն ամենն է, ինչ ունենք. Ջեյմս Բաղյան


Ջեյմս Բաղյանը ելույթ է ունենում STARMUS-ի հարթակից։
Ջեյմս Բաղյանը ելույթ է ունենում STARMUS-ի հարթակից։

Առաջին ու առայժմ միակ հայը, որ եղել է տիեզերքում, առաջին անգամ եկել է Հայաստան STARNUS փառատոնի շրջանակում։ Ամերիկյան ազգային ավիատիեզերական գործակալության (NASA) մեդալակիր Ջեյմս Բաղյանն «Ազատության» հետ զրույցում կեսկատակ ասաց՝ հաճելի է գիտակցել, որ փաստորեն դարձել է հայերի ներկայացուցիչը տիեզերքում։

«Տատիկներս ու պապիկներս ծնվել են Հայաստանում, 20-րդ դարի սկզբին արտագաղթել են Միացյալ Նահանգներ», - պատում էր 70-ամյա տիեզերագնացը՝ ընդծելով, որ թեև ինքն ու ծնողներն արդեն ԱՄՆ քաղքացիներ էին, բայց ժառանգությունը հայկական է։ Կենցաղն անգամ՝ հայկական երգով ու ուտելիքներով է համեմված։ Դե պարզ բան է, հայերը ԱՄՆ-ում շատ են, մեծ համայքն կա եկեղեցի են գնում, հայկական դպրոցներում հանդիպում։ - «Իմ ընտանիքը, իմ հորեղբայները շատ ակտիվ են եղել։ Հատկապես հայկական ուտելիքն էր ինձ ամենից շատ դուր գալիս։ Հատուկ շուկաներ էին կազմակերպվում, և անգամ իմ ամերիկացի ընկերն էին ասում՝ մենք էլ գանք, որովհետև մեծ բավականություն ենք ստանում այդ ամենից։ Օրինակ տոլմա են շատ սիրում։ Բայց մենք այնտեղ խաղողի թփով էինք պատրաստում, իսկ այստեղ ես՝ ինչպես դուք եք ասում ամառային տոլմա կերա՝ կաղամբով, լոլիկով, պղպեղով»։

Բայցևայնպես, Բաղյանին Հայաստան է բերել ոչ թե կապը հայրենքի հետ, այլ գիտությունը, որը, նրա խոսքով, մարդկության գոյության ուժն է։

Ի պատասխան «Ազատության» հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ գիտնականներին այդպես էլ չի հաջողում աշխարհն ավելի լավը դարձնել, գիտնականը ժպտաց. - «Մենք անգամ մեզ ավելի լավը չենք կարողանում դարձնել՝ մտածելով, թե ճանաչում ենք մեզ։ Գիտությունը անընդհատ սովորելու ու ստուգելու միջոց է՝ արդյո՞ք այն ինչ մեզ մատուցում են ճիշտ է, լինի դա գիտություն, թե քաղաքականություն։ Մենք միշտ ստուգում ենք ինքներս մեզ, ասում ենք՝ արդյո՞ք գիտենք այն, ինչ կարծում ենք, թե գիտենք: Ժամանակին մարդիկ կարծում էին, որ աշխարհը հարթ է ու Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։ Ու մարդիկ շատ վստահ էին: Բայց դա ճիշտ չէր: Այսպիսով, դուք պետք է միշտ կասկածի տակ դնեք՝ լինի դա գիտություն, թե քաղաքականություն: Եթե մարդիկ ասում են, թե որոշ բաներ ճշմարիտ են, ինչպե՞ս եք դա ստուգում: Ձեր սեփական փորձից: Համեմատում եք այն ամենի հետ, ինչ կարող եք տեսնել: Այնպես որ, ես կարծում եմ, որ գիտություւնն այնքան էլ այն մասին չէ, որ կարողանաս ինչ-որ բան բացահայտել կամ բոլորին հարմարավետ կամ խաղաղ դարձնել: Բայց եթե մտածենք, թե ինչպես խորհել, ինչպես վերլուծել այն, ինչ մեզ շրջապատում է, ապա ավելի իմաստալից որոշումներ կկայացնենք»:

Տիեզերագնաց Բաղյանը 1980 թվականից է սկսել աշխատել NASA-ում։ 9 տարի անց որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով, 337 ժամ է անցկացրել է տիեզերքում։

Արդյո՞ք տիեզերքում սավառնելով երբեմն անուշադրության չենք մանտնում սեփական մոլորակը և արդյո՞ք այսօր առավել հրատապ չէ աշխարհը փրկելը ուրիշ մոլորակների վրա կյանք փնտրելու փոխարեն։

«Երկիրը մեր սեփական տիեզերանավն է: Եվ սա այն ամենն է, ինչ ունենք: Ոչ ոք մեզ ավելի շատ մթնոլորտ չի տալու։ Ոչ ոք մեզ ավելի շատ ջուր չի տալու։ Մենք ունենք այն, ինչ կա այստեղ, այնպես, ինչպես ձեր սեփական տանը կամ ձեր սեփական պարտեզում: Եթե դուք դա ճիշտ չօգտագործեիք, որոշ ժամանակ անց լավ չի լինի: Դե, մենք պետք է հասկանանք, աղբը չի կարելի նետել քո հարեւանի բակը։ Խոսքը նաև հարևան երկիրի մասին է։ Այնպես որ, պետք է մտածենք, թե մեր արածն ինչպես է ազդում ուրիշների վրա։ Մենք պետք է սովորենք նաև նոր հեռանկարի մասին մտածել: Ամեն ինչ փոխկապակցված է, և մենք պետք է մտածենք դրա մասին», - ասաց Բաղյանը:

Նա նաև բժշկագիտության դոկտոր է։ Հիմա տիեզերքից առավել իրեն հետաքրքրում է այն, թե նաև ինչպես առողջապահությունն ավելի անվտանգ դարձնել ամբողջ աշխարհում։ Սեփական առօրյա սկսվում է սպորտից. թենիսն ու մարզանքը պարզ միտք ունենալու գրավականն է։ STARMUS-ի շրջանակում Բաղյանը իր այս փորձը, մտքերն ու պատմությունները կիսում է նաև երիտասարդների հետ։

XS
SM
MD
LG