Արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Հաջիևը նախօրեին Վաշինգտոնում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի և նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպման ժամանակ Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության հաստատման ու զարգացման օրակարգին:
«Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատում այն պատմական և դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրում են Ադրբեջանն ու Հայաստանը՝ կայուն խաղաղության հասնելու նպատակով», - «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի փոխանցմամբ՝ Սալիվան-Հաջիև բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը։
Նրա խոսքով, ադրբեջանցի պաշտոնյայի հետ բանակցությունների ընթացքում Սալիվանը նշել է, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել և աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն»։
Հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել Հաջիևը ամերիկացի պաշտոնյային. պաշտոնական Բաքուն քանիցս է ամենաբարձ մակարդակով հայտարարել, որ ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը այլևս անելիք չունի, պետք է թոշակի գնա, իսկ հակամարտությունը լուծված է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Մինսկի խմբին թոշակի է ուղարկում
«Թուրանի» փոխանցմամբ՝ Սալիվանը նաև իր աջակցությունն է հայտնել Եվրամիության խորհրդի ղեկավար Շարլ Միշելի նախաձեռնությամբ անցկացվող հայ-ադրբեջանական բանակցություններին։
Հաջիևի վաշինգտոնյան հանդիպումներից ժամեր առաջ հայ-ադրբեջանական շփումներին է անդրադարձել նաև Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ կրկին հիշատակելով ԵԱՀԿ Մինսկի խումբը. - «Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը պարոն Հաջիևին կփոխանցի, որ ԱՄՆ-ը շահագրգռված է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղղակի շփումներին։ Դա ներառում է թե՛ մեր դերակատարությունը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր և թե՛ աջակցությունը Եվրամիության կողմից վերջին շրջանում գործադրվող ջանքերին, որոնց նպատակն է մերձեցնել կողմերին։ Սա այն տեսակետն է, որով վերջին օրերին և շաբաթներին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել փոխանցելու նաև երկու երկրների առաջնորդներին։ Մենք ցանկանում ենք խթանել այդ գործընթացը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր«Թուրանը» նկատում է, որ Հաջիևի այցը Վաշինգտոն հետևում է շուրջ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցին: Այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը, Հայաստանի կառավարության հաղորդմամբ, վերահաստատել էր Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:
Մայիսի սկզբին էլ Վաշինգտոնում էր Հայաստանի արտգործնախարարը, որտեղ նա հանդիպել էր պետքարտուղար Բլինքենի հետ։
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցը պետքարտուղարության խոսնակից հետաքրքրվել է, թե ԱՄՆ-ը ինչպես է աջակցելու կողմերին դեմարկացիայի հարցում: Նեդ Փրայսը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը սատարելու այդ ջանքերին, սակայն որևէ կոնկրետ քայլ չի նշել։