Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Կոպիրկինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցեր


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Վարչապետը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումները։

Շեշտելով, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ, առկա են սերտ շփումներ՝ Փաշինյանն ընդգծել է՝ սա կարևոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում։

Դեսպանը իր հերթին շեշտել է՝ իրենց նպատակն է անել ամեն ինչ՝ երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար:

Փաշինյանն ու Կոպիրկինը քննարկել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Ապրիլի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այդ հայտարարությունից հետո Ռուսաստանը Մինսկի խմբում իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակեց արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։

XS
SM
MD
LG